19 12 2022

Ադրբեջանը՝ փակելով Լաչինի միջանցքը երեք նպատակ է հետապնդում

Ադրբեջանը՝ փակելով Լաչինի միջանցքը երեք նպատակ է հետապնդում

Zham.am-ը գրում է.

Նախապես նշենք, որ Լաչինի միջանցքը փակել է հենց պաշտոնական Բաքուն, այլ ոչ թե ինչ-որ «բնապահպաններ»։ Վերջիններս երբեք Ադրբեջանի որևէ հանքի կամ գործարանի դեմ նման ակցիաներ չեն իրականացրել: Այս ճշտումը ընդգծում ենք, քանի որ պաշտոնական Բաքուն չի ընդունում այն դրույթը, թե հենց ինքն է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Ավելին, պաշտոնապես Բաքվում հայտարարում են, որ այդ միջանցքը փակել են ռուս խաղաղապահները: Բոլոր այս դետալները անհրաժեշտ են հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ միջանցքի շուրջ:

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ միջանցքը փակել է Ադրբեջանը, սակայն նրա բացման պատասխանատուն Մոսկվան է, քանի որ Ինքն է երաշխիք կանգնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերի իրականացման համար:

Հայաստանի, այսպես կոչված «արևմտամետ» թևը հայտարարում է, թե Մոսկվան է փակել միջանցքը, փաստացի ձայնակցելով Ադրբեջանի դիրքորոշմանը։ Պաշտոնական Երևանի դիրքորոշման մեջ թեև նշվում է, որ միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, սակայն այս խնդրի պատասխանատուն հենց Մոսկվան է, ով չի կատարում, կամ չի կարող կատարել իր պարտականությունները:

Իսկ հիմա, ամփոփելով վերը շարադրվածը, կարող ենք արձանագրել հետևյալ դրույթը, այն է՝ Ադրբեջանը և Հայաստանը փաստացի ընդգծում են, որ Մոսկվան չի կարողանում, կամ չի կատարում իր պարտականությունները՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասով: Միաժամանակ գրեթե բոլոր արևմտյան դիտորդները պնդում են, որ տարածաշրջան Արևմուտքը պատրաստ չէ խաղաղապահ ուժեր ուղարկել: Ավելին, նույնիսկ իր քաղաքացիական դիտորդներն են այսօրվանից հետ կանչվում:

Այս ամենը հուշում է մեկ բան, որ ադրբեջանցիների գործողություններն ինչ-որ չափով կոորդինացվում են Հայաստանի իշխանության և մեր «արևմտամետ» շրջանակների հետ: Իհարկե, նրանց գլխավոր կոորդինատորները ոչ Հայաստանում են գտնվում, ոչ էլ Ադրբեջանում: Այս ամենի գլխավոր նպատակը հետևյալն է, Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» չի կարող կնքվել Մոսկվայի հովանու տակ, քանզի վերջինս նույնիսկ հասարակ Լաչինի միջանցքի գործունեությունը չի կարող ապահովել:

Ադրբեջանին շահավետ է նման դիրքորոշումը, քանզի ռուսների հեռանալով տարածաշրջանից, նրանք ոչ միայն «կլուծեն» ղարաբաղյան հարցը, այլև ուժի դիրքերից կսկսեն խոսել նաև Հայաստանի հետ, գրեթե բոլոր հարցերի շուրջ:

Հաշվի առնելով Թուրքիայի գործոնը, Բաքուն, փաստացի, ցանկացած հարց կարող է ուժի գործոնն օգտագործելով լուծել Հայաստանի հետ:

Իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է մեկ բան, որպեսզի Փաշինյանի իշխանությունը չվախենա մերժել, այսպես կոչված, խաղաղության «ռուսական» տարբերակը:

Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ իր թերթի միջոցով իր պատրաստակամությունը հայտնեց մերժել այդ տարբերակը, սակայն զգալով Մոսկվայի ճնշումները, հետ քաշվեց, և ահա Ադրբեջանն իր այս քայլով փորձում է «օգնել» Փաշինյանին վերադառնալ նախկին դիրքորոշմանը:

Ի դեպ, որպես այս ամենի պատասխան, Փաշինյանը կրկին միացրել է իր հակառուսական քարոզչական մեքենան, որպեսզի կարողանա հեշտացնել իր խնդրի լուծումը:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանն իր այս քայլով փորձում է միաժամանակ լուծել երեք խնդիր. 

-վերջնականապես վարկաբեկել Մոսկվային Հայաստանում, 

-ցույց տալ, որ «ռուսական» տարբերակը խնդրի լուծումը չէ, 

-ցույց տալ արցախցիներին, որ Մոսկվայի վրա հույս դնելը անիմաստ է:

Պետք է նշել, որ Ալիևի այս ցանկությանը լիովին աջակցում են ներկայիս ՀՀ իշխանությունները և ընդդիմության, այսպես կոչված, «արևմտամետ» թևը:

Սա է իրականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ