2018–ից սկսած զգուշացվում էր, որ Նիկոլ Փաշինյանի ներքին ու արտաքին քաղաքականությունը տանում է մեր երկիրը դեպի սիրիականացում։ 2020–ից սկսած սրան գումարվել է ուկրաինականացման հեռանկարը։
Հայաստանի սիրիականացման և ուկրաինականացման 4 հիմնական նախանշաններն են՝
1․ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հակառուսական ու հիմա նաև հակաիրանական (արևմտյան դիտորդներին մեր սահման հրավիրելով) քաղաքականություն է վարում։
2․ 2018–ին «թավշյա» իշխանությունն առաջարկում էր ՌԴ արտգործնախարար Լավրովին ադապտացվել «թավշյա» հեղափոխությանը։ «Ադապտացվեց»։
2022–ին նույն Լավրովին առաջարկում են արդեն ադապտացվել Հայաստանում գեներացվող արևմտամետ (իրականում՝ թուրքամետ) և հակառուսական գծին։ «Կադապտացվի»։
3․ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստանին դրել է նույն շարքի մեջ Ուկրաինայի ու Թայվանի հետ։ Այսինքն՝ Հայաստանը դիտարկվում է մանրադրամ աշխարհաքաղաքական հակադրությունների մեջ։
4․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հանդես գալով «Հավաստի Աղբյուրի» բառապաշարով, մեղադրել է Ռուսաստանին Ադրբեջանի ձեռքերով Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու համար։
Դժվար չէ կռահել, թե ինչպիսի կռվախնձոր է դարձրել Նիկոլ Փաշինյանը Հայաստանը և ինչ է մեզ սպասում այս ամենի արդյունքում։
Նիկոլն Արևմուտքի համար ընդդեմ Ռուսաստանի դառնում է ավելին, քան Սահակաշվիլին։ Նիկոլը Հայաստանի գերեզմանափորը դառնալով՝ դառնում է նաև Ռուսաստանի գերեզմանափորն առնվազն մեր տարածաշրջանում։ Հանուն այդ նպատակի Հայաստանին ու հայ ժողովրդին մատաղացու գառան կարգավիճակ տալը խնդիր չէ։ Մանավանդ որ այդ օպերացիայի անունը կդնեն «Պայքար հանուն դեմոքրըսիի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը