03 10 2022

Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նախագահի ՔՊ թեկնածուն է, որքանո՞վ է նա համապատասխանում այդ պաշտոնին

Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նախագահի ՔՊ թեկնածուն է, որքանո՞վ է նա համապատասխանում այդ պաշտոնին

ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել. խմբակցությունը նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ ԿԸՀ նախագահի պաշտոնում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահագն Հովակիմյանը։

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ԿԸՀ-ն նոր նախագահ պետք է ունենա մինչև հոկտեմբերի 12-ը. այդ ժամանակ է լրանում գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը:

Հիմա հասկանանք, թե ինչ մասնագիտական որակներ ունի իշխանության թեկնածուն, որը զբաղեցնելու է անչափ կաևոր պաշտոն:

Ըստ parliament.am կայքում տեղադրված պատգամավորի կենսագրության՝ նա 1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում:

Իր նշած 1-ին ֆակուլտետում նա սովորել է մեկ տարի, վերջերս ԵՊՀ-ից էլ հայտնել էին, որ նա պարբերաբար դուրս է մնացել համալսարանից, այդպես էլ չկարողանալով ավարտել այն:

Իսկ այն, ինչ նշել է՝ որպես երկրորդ ֆակուլտետ, առհասարակ այդ անունով ֆակուլտետ չկա:

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի կազմավորման մեջ, որի պատմությունը կա ԵՊՀ կայքում, նշվում է, որ 1992 թվականին ֆակուլտետում բացվեց նաև հոգեբանության բաժին, ուստի ֆակուլտետը վերանվանվեց Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ: Մինչև 1998թ.-ը նրա կազմում էր գործառում նաև նոր ձևավորվող Քաղաքագիտության բաժինը, որը 1998 թ.-ին ներառվեց նորաստեղծ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմի մեջ:

Հետևաբար՝ Վահագն Հովակիմյանը չէր կարող սովորած լինել իր նշած 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում, պարզապես, որովհետև իր նշած ժամանակահատվածում նման ֆակուլտետ չի եղել:

Բայց Հովակիմյանի ուսումնառության պրոցեսն այսքանով չի ավարտվում: Նա 2021թ. մայիսին՝ 47 տարեկանում ստանում է մասնավոր՝ Մովսես Խորենացի համալսարանի դիպլոմ և իրավագիտության բակալավրի որակավորում: Բայց, հատկանշական է, որ մինչ այդ, նախկինում Փաշինյանի թերթում աշխատած լրագրողը հեղինակել էր, ոչ ավել, ոչ պակաս ՍԴ փոփոխություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն:

Հիմա տեսնենք, թե ինչ է ասում օրենքը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ունի՝

1) բարձրագույն իրավաբանական կրթություն և վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ.

2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 5 տարում առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ.

3) բարձրագույն կրթություն և վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5 տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ կամ

4) բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ:

Ինչպես տեսանք, Վահագն Հովակիմյանը միայն 2021-ին է ստացել իրավագետի որակավորում, հետևաբար երկու տարվա մասնագիտական ստաժ չի կարող ունենալ, չունի նաև գիտական աստիճան: Մասնագիտական գործունեությունն էլ սկսել է Փաշինյանի ընտանեկան թերթում, շարունակել այլ լրատվականներում՝ որպես լրագրող և մեկնաբան: Բացի այդ, Վահագն Հովակիմյանը հանդիսանում է ՔՊ վարչության անդամ, իսկ սույն պաշտոնում առաջադրված թեկանծուն պետք է քաղաքականապես չեզոք լինի:

Ստացվում է Վահագն Հովակիմյանը կրթական և մասնագիտական առումով չի համապատասխանում ԿԸՀ նախագահի պաշտոնին:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ