15 07 2022

Ասրյանին Անդրանիկ Քոչարյանի խառնակչության պատճառով էին հանել. Սեյրան Օհանյան

Ասրյանին Անդրանիկ Քոչարյանի խառնակչության պատճառով էին հանել. Սեյրան Օհանյան

24news.am-ը գրում է.

«Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մեր զինված ուժերի գրագետ, ճանապարհ անցած, առաջին գծում ծառայած զինվորականներից է։ Այս մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ասրյանի երեկվա նշանակմանը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտնում։

Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Ասրյանը պետք է որ ամեն ինչ անի այս դժվարին շրջանում իրավիճակից դուրս գալու համար։

Նախկինում գեներալ-մայոր Ասրյանը զբաղեցնում էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, որում նշանակվել էր 2021թ. մայիսի 21-ին: Ասրյանը նույնպես այն բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ 2021-ի փետրվարի 25-ին կոչ էին արել Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Օպերատիվ վարչության պետի պաշտոնը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Ասրյանի կինը և երկու երեխաները Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքերով՝ ամիսներ առաջ «Անդրանիկ Քոչարյանի և նրա ՔՊ-ի թիմակիցների խառնակչության և մանրախնդրության պատճառով գեներալ-մայոր Ասրյանը ազատվեց պաշտոնից և տեղափոխվեց ավելի ցածր պաշտոնի»։

«Եվ հիմա հասկանալով հարցի իրողությունը և պաշտոնի կարևորությունը՝ նրան նշանակեցին բարձր պաշտոնի։ Սա արդեն խոսում է նրա մասին, որ գեներալ-մայոր Ասրյանը ունի անհրաժեշտ կարողություններ։ Ասրյանը եղել է Օպերատիվ գլխավոր վարչության պետ, մի քանի հարցազրույցներում էլ ասել եմ, որ երբ իրադրությունը սահմանին ծանր էր, Ազգային ժողովում փակ, գաղտնի քննարկման ժամանակ նա համարձակություն կամ միամտություն ունեցավ ՔՊ-ականների մոտ ինձ դիմել «գեներալ»-ով, «նախարար»-ով, մի քանի գովեստի խոսքեր ասեց որոշ հարցերի, առաջնագծի հետ կապված, և իրեն ազատեցին պաշտոնից 1 ամիս հետո, տարան ավելի ցածր պաշտոնի՝ գեներալ-լեյտենանտի պաշտոնից գեներալ-մայորի։ Հիմա արդեն հասկացել են, որ ինքը նորմալ գեներալ է և նշանակել են ԳՇ պետ։ Այս ծանր իրավիճակում, դժվարին պատասխանատու գործում ես միայն կարող եմ նրան հաջողություն ցանկանալ», - եզրափակեց Սեյրան Օհանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ