Որո՞նք են այն կարմիր գծերը, որոնք այս իշխանությունը չի հատի Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններում, ինչո՞ւ իշխանությունները ուղիղ չեն ասում, որ Արցախը երբեք որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հարց ուղղվեց ՔՊ-ականներիին։
ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Կա որոշակի արտահայտություն՝ զիջման շեմ: Եթե խոսում եք կարմիր գծերից, հիշեք հետևյալը՝ եթե մի անգամ ֆիքսեցիր կարմիր գծեր, հետագայում այդ կարմիր գծերից այն կողմ առավել բարենպաստ պայմաններ չես ստանալու, որովհետև արդեն մատնանշել ես կարմիր գծեր, որտեղ դու պատրաստ ես բանակցել: Դիվանագիտությունը բանակցելու արվեստ է, սիրում է կոնֆիդենցիալություն: Դիվանագիտությունը արվեստ է՝ խուսափելու բոլոր տեսակի էսկալացիաներից: Եթե դուք փորձելու եք դիվանագետից կորզել հստակ գծեր, դուք կսահմանափակեք հնարավորությունները: Ես կվերադառնամ 1991-92թ.թ. և կասեմ՝ եթե այն ժամանակ այդ կարմիր գծերի հարցում մենք ունենայինք ավելի ճկուն դիրքորոշում, այլ չունենայինք հստակ հայտարարություններ, գուցե այսօր ավելի բարվոք վիճակում կհայտնվեր մեր դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը»:
ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը հավելեց. «Կհիշեցնե՞ք ինչ կարմիր գծեր ենք մենք ժառանգել, ի՞նչ կարմիր գծեր էին դրված 2018-ին, որ հիմա էլ զարմացած ասում եք՝ իսկ որտե՞ղ են այս իշխանության կարմիր գծերը: Դուք իմացե՞լ եք այդ կարմիր գծերը որտեղ են՝ փաստաթղթավորված կերպով, ոչ թե հայտարարությունների մակարդակով՝ վերացական: Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ՀՀ-ի կարմիր գծերը Արցախի կարգավորման հարցով չեն փոխվել 2018-ից հետո:»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը