18 06 2021

ԱԳՆ հայտարարությունը ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու վերաբերյալ

ԱԳՆ հայտարարությունը ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու վերաբերյալ

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման իրականացումը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Միջազգային իրավունքի համաձայն՝ ռազմագերիները չեն կարող պատասխանատվության ենթարկվել պատերազմական գործողություններին մասնակցելու համար:

Միաժամանակ, ելնելով հայերի հանդեպ Ադրբեջանում տարածված ծայրահեղ ատելության և պետական մակարդակով հովանավորվող ռասիստական քաղաքականությունից՝ ակնհայտ է, որ իրականացվող դատավարությունները չեն կարող լինել արդար և թափանցիկ: Վերը նշվածը, ինչպես նաև քաղաքացիական անձանց պատանդ վերցնելն ու առևանգելը հանդիսանում են միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի կոպտագույն խախտումներ:

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների իրական թվերի և պահման վայրերի թաքցնելը նույնպես պատերազմական և մարդկության հանդեպ հանցագործությունների կատարման լուրջ վկայություն են: Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել իր կողմից վավերացված մի շարք հիմնարար փաստաթղթեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Քաղաքացիական և քաղաքական իրավունքի մասին ՄԱԿ-ի դաշնագիրը, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան և, մասնավորապես՝ Ժնևի երրորդ կոնվենցիան:

Ելնելով վերոհիշյալից՝ խստորեն դատապարտում ենք Բաքվի դատարանի՝ հունիսի 14-ին հրապարակված ապօրինի վճիռը՝ քաղաքացիական անձ, Հայաստանի և Լիբանանի քաղաքացի Վիգեն Էօլչեքճեանին 20 տարով ազատազրկելու վերաբերյալ: Վերջինս առևանգվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 2020թ. 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հաջորդ օրը, իսկ դատավճիռը կայացվել է ճնշման և խոշտանգումների արդյունքում կորզված իբր «խոստովանական ցուցմունքների վրա»:

Դատապարտելի է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետի խախտման արդյունքում Արցախի Հադրութի շրջանի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության հետևանքով գերեվարված զինվորականների հանդեպ կեղծ քրեական գործերի հարուցումը և քրեական հետապնդման իրականացումը:

Հունիսի 15-ին Արցախի Հանրապետության` Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաք այցելության շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած երկխոսության տեսագրությունը փաստում է, որ հետպատերազմյան շրջանում գերիների խնդիրն Ադրբեջանի կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ որպես Հայաստանի նկատմամբ ճնշման գործիք, ինչը նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բացահայտ խախտում Է։

Այս փաստը հերթական անգամ վկայում է ստանձնած պարտավորությունները չկատարելու Ադրբեջանի հետևողական քաղաքականության մասին: Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին, ինչպես նաև իրավապաշտպան կառույցներին խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և պահանջել շինծու քրեական գործերի դադարեցում ու հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձումը:0

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ