Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետն իր գնահատանքն է հայտնել դեսպանի գործունեության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ինչը դրսևորվել է երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերով և Հայաստան-Իրան համագործակցության ամրապնդմամբ:
ՀՀ-ում Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատականի համար և նշել, որ իր հետագա գործունեության ընթացքում շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Իրան հարաբերությունների սերտացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ երկկողմ գործակցությունը կայուն զարգանում է, և դրան մեծապես նպաստել են ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իրան և Իրանի նախագահի այցը Հայաստան, որոնց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ աշխատանքը դինամիկ ընթանում է:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքի և անելիքների վերաբերյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը