04 10 2018

Լոռու մարզպետը պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Լոռու մարզպետը պաշտոնից ազատվելու դիմում է գրել

ՀՀ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Այս մասին գրված է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: Կից ներկայացվել է հրաժարականի դիմումը:

Իր ուղերձում Հրանտ Մարգարյանը նշում է․ «Հարգելի՛ լոռեցիներ,ստեղծված քաղաքական նոր իրավիճակի թելադրանքով, աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին:

Լոռու մարզպետի պաշտոնում ընդամենը չորս ամիս տևած իմ գործունեությունն անցավ աշխատանքային անչափ լարված ծանրաբեռնվածությամբ: Անընդմեջ այցելությունները համայնքներ, շարունակական ծրագրերի իրականացմանն ուղղված խորհրդակցություններն ու տեղերում շրջայցերը, գործնական տարբեր հանդիպումները, սահմանված օրերին և գրաֆիկից դուրս հարյուրավոր քաղաքացիների ընդունելությունը, տարբեր միջոցառումներին մասնակցելը և այլ բազմաբնույթ անհրաժեշտ գործեր, մեծ ծանրաբեռնվածություն էին, որը ես կրեցի տոկալով՝ մեր ժողովրդի, Հանրապետության կառավարության ու ինձ մարզպետի պաշտոնում առաջադրած քաղաքական ուժի նկատմամբ մեծ պատասխանատվությամբ:

Այս կարճ ժամանակամիջոցում մեծ արդյունքներ արձանագրելն, անշուշտ, անհնար էր, սակայն, հուրախություն բոլորիս, պարզորոշ ուրվագծվում էին մարզի զարգացման և ազգաբնակչության բարեկեցության ստույգ ակնկալիքները: Այս ընթացում ես բազմաթիվ նոր ծանոթություններ ունեցա, հիացա և հպարտացա մեր լոռեցիների աշխատասիրությամբ, հայրենասիրությամբ, հանրապետությունում տեղի ունեցած փոփոխությունների առիթով նրանց ուրախությամբ ու արարելու պատրաստականությամբ: Այս ամենն ու բոլորդ, կմնաք իմ ամենավառ հիշողություններում:

Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր համայնքապետերին, ավագանիների անդամներին, բոլոր ոլորտների աշխատողներին, մարզպետարանի աշխատակազմի իմ գործընկերներին՝ համատեղ ու նվիրված աշխատանքի համար: Թավշյա հեղափոխության օրերին ես ևս, իմ կուսակիցների հետ, եղել եմ պայքարողների շարքերում և վստահ եմ, որ ժողովրդի կամքի արտահայտությունն ամենազոր է: Այսուհետ որտեղ էլ որ աշխատելու լինեմ, գործելու եմ հանուն մեր պետականության ամրապնդման, հանուն երկրի բարգավաճման ու ժողովրդի բարեկեցության: Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ, երջանկություն՝ անձնական կյանքում:»

Հիշեցնենք, որ Հրանտ Մարգարյանը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրությամբ նախագահին առաջարկվել է աշխատանքից ազատել Կառավարության ՀՅԴ–ական և ԲՀԿ-ական անդամներին՝ նախարարներին ու մարզպետներին։ Վարչապետի այս քայլը պայմանավորված է վերոնշյալ կուսակցությունների՝ ԱԺ խմբակցությունների կողմից ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին կողմ քվեարկելով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ