Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին:
Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:
Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության խորացման, բիզնես կապերի խթանման և ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը: Վարչապետ Փաշինյանը շեշտել է Լիտվայի դերը՝ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը նպաստելու առումով:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում` միջազգային հանրության կողմից ակնկալվող աջակցությանը:
Հանդիպման ավարտին Հայաստանի և Լիտվայի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Մեծարգո վարչապետ Շիմոնիտե, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ այսօր Երևանում ողջունել իմ գործընկերոջը՝ վարչապետ Շիմոնիտեին։ Սա Լիտվայից վարչապետի մակարդակով առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն, ինչը վկայում է մեր հարաբերությունների զարգացման նոր դինամիկայի մասին:
Այս մասին են վկայում նաև վերջին տարիներին ակտիվացած փոխադարձ այցերը. Լիտվայի և Հայաստանի նախագահները 2022 և 2023 թվականներին փոխադարձ այցեր են կատարել, 2021 թվականին ես եմ այցելել Լիտվա, աշխատանքային այցով Լիտվա են այցելել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, ԱԳ նախարարը, ՆԳ նախարարը, առողջապահության նախարարը: Հայաստան են այցելել նաեւ Լիտվայի խորհրդարանի նախագահը, խորհրդարանի փոխնախագահը, Արտաքին գործերի նախարարը, Ոստիկանության գլխավոր կոմիսարը:
Լիտվան Եվրոպական միությունում մեր վստահելի գործընկերներից է, և մենք շնորհակալ ենք ԵՄ-Հայաստան հարաբերություններում Լիտվայի կողմից մեզ ցուցաբերվող քաղաքական աջակցության, մեր տեսակետների և մոտեցումների հասանելիությանը և մեզ համար կարևոր որոշումների կայացմանը Եվրոպական միությունում աջակցելու համար: Նման մի որոշում է Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով Քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելը:
Նախորդ օրը ես ծավալուն ելույթ ունեցա Եվրոպական խորհրդարանում, որտեղ արձանագրեցի, որ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Վարչապետ Շիմոնիտեի հետ քննարկեցինք, թե սա ինչ է նշանակում, կամ ինչ կարող է նշանակել գործնականում: Խոսեցինք նաև Եվրամիությունում առաջիկայում կայացվելիք որոշումների մասին, որոնք վերաբերում են նաև Հարավկովկասյան տարածաշրջանին:
Լիտվայի վարչապետին ներկայացրել եմ Խաղաղության խաչմերուկի մեր նախագիծն ու առաջարկը, որի մասին նույնպես խոսել եմ Եվրոպական խորհրդարանում, և որի առանցքային նպատակը տարածաշրջանային Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք կոմունիկացիաների վերաբացումն ու ակտիվացումն է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով և որը Կասպից ծովը կմիացնի Միջերկրականին, Սև ծովը Ծոցին, և սա կարող է ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք լինել, այլև գլոբալ տնտեսական համագործակցության կարևոր օղակ դառնալ: Սա կարող է ակտիվացնել նաև ԵՄ-Հայաստան, Լիտվա-Հայաստան տնտեսական կապերը:
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության և Լիտվայի միջև առևտրաշրջանառությունն էական տոկոսային աճ է ունեցել, բայց բացարձակ թվերը շարունակում են մնալ սիմվոլիկ: Կարծում եմ՝ միջկառավարական համագործակցության հանձնաժողովը մտածելու բան ունի և աշխատելու մեծ ճակատ: Պայմանավորվեցինք, որ այս աշխատանքը կակտիվացնենք:
Վարչապետ Շիմոնիտեին ներկայացրեցի նաև մեր տարածաշրջանում հաստատված վիճակը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների, և ԼՂ-ի ևս 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը, ինչպես նաև նրանց հրատապ կարիքները բավարարելուն ուղղված ՀՀ կառավարության քայլերը: Շնորհակալություն հայտնեցի Լիտվայի կառավարությանը և Եվրամիությանը՝ այս հումանիտար իրավիճակին արագ արձագանքելու և ֆինանսական աջակցություն տրամադրելու համար: Մենք, իհարկե, նաև արձանագրում ենք, որ հումանիտար այս աջակցության շարունակականությունը կարևոր է:
Ընդգծեցի նաև, որ Բրյուսում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների ընթացքում, ըստ էության, ձևավորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ: Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում: Հայաստանն ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը:
Վարչապետ Շիմոնիտե, կրկին թույլ տվեք ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և շնորհակալություն հայտնել Ձեր անկեղծ բարեկամության համար»:
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտե. «Հարգելի վարչապետ, հարգելի ընկերներ,
Նախ և առաջ շնորհակալ եմ Երևանում ջերմորեն հյուրընկալվելու համար: Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ: Լիտվայի վարչապետները Հարավային Կովկասում բազմիցս են եղել, բայց ձեր գեղեցիկ երկում մինչ օրս դեռ չէին եղել, ուստի հպարտ եմ, որ ես և վարչապետ Փաշինյանը կարողացանք շտկել այս անարդարությունը: Մեր ազգերը վաղուց բարեկամական կապեր ունեն, և մեզ միավորում են համանման պատմական փորձառություններ: Փորձառություններ՝ բռնաճնշման, փորձառություններ՝ անկախության համար պայքարի, և ի վերջո, ժողովրդավարությունն ընտրելու և դրան հավատարիմ մնալու՝ յուրաքանչյուրս մեր տեմպով և ժամանակին մեզ բաժին ընկած պահին:
Հպարտ եմ, որ Լիտվան առաջին պետությունն է, որ Հայաստանի անկախությունը ճանաչեց 1991թ., և ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ և վերահաստատում եմ Լիտվայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավար, բարեփոխված Հայաստանի կառուցումը շարունակելու Ձեր կառավարության հանձնառությանը: Ներկայումս ձեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակներ են:
Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի պատերազմներում զոհվածների ընտանիքներին, ցավակցում եմ այն տառապանքի համար, որը կրել են տներից հեռացած մարդիկ: Լիտվայի կառավարությունը ֆինանսական և մարդասիրական, նյութական աջակցություն է հատկացրել Հայաստանին, թեպետ դա չի ամոքի ցավը, հույս ունեմ, որ դա կօգնի հոգալ նրանց որոշ՝ ամենահրատապ կարիքների մի մասը:
Բարձր եմ գնահատում Ձեր կառավարության հանձնառությունը՝ խաղաղության գործընթացին և աջակցությունն՝ այն միջնորդելուն ուղղված Եվրամիության և ԱՄՆ-ի ջանքերին: Ես հույս և հավատ ունեմ, որ երկու կողմերը կպահպանեն իրենց հանձնառությունները՝ հարգելով մեկմեկու տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Հավատացած եմ, որ երկխոսությամբ տևական խաղաղության իսկապես հնարավոր է հասնել: Ճանապարհը դեպի խաղաղություն՝ դյուրին ճանապարհ չէ, բայց դա միակ ճանապարհն է Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար՝ կայունության և բարեկեցության հասնելու համար:
Մեր հանդիպման ընթացքում վարչապետը և ես քննարկեցինք անվտանգության իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում, վերահաստատեցի իմ խորը համոզմունքն առ այն, որ այժմ ավելի քան երբևէ ժողովրդավարությունները պետք է միավորվեն և կանգնեն ուս-ուսի տված՝ պաշտպանելով մեր ընդհանուր արժեքները և կանոնահենք միջազգային աշխարհակարգը: Նաև այս պատճառով է, որ այսօր այստեղ եմ:
Վերահաստատեցի իմ անկեղծ ցանկությունը՝ տեսնելու Հայաստանում Եվրամիության ներկայության ավելացում, վերահաստատեցի, որ Լիտվան մտադիր է աջակցել Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացմանը: Եվրամիությունը մնում է Հայաստանի հիմնական գործընկերը բարեփոխումների գործընթացներում: Լիտվան պատրաստ է ավելացնել մեր փորձագիտական աջակցությունը Եվրամիություն-Հայաստան համապարփակ խորացված գործընկերության համաձայնագրի իրագործմանը, ինչպես նաև Հայաստանում ընթացող բարեփոխումների ընդհանուր գործընթացին:
Մենք քննարկեցինք, թե ինչպես կարող է Լիտվայի փորձագիտական կարողությունն օգտագործել տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, հատկապես վերականգնվող էներգետիկա, տրանսպորտ և շրջակա միջավայր, ինչպես նաև այլ բարեփոխումներ: Համոզված եմ, որ բարեփոխումների գործընթացում Հայաստանի հաջողությունը կօգնի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, բարձրացնել նրա դիմակայունությունը և ապահովել Հայաստանի արժանի տեղը ժողովրդավարությունների համայնքում:
Ամենակարևորը՝ դա կլինի հայ ժողովրդի ընտրության արտացոլումը, որը թույլ կտա կառուցել այն բարեկեցությունը, որին նա իսկապես արժանի է: Անկախ, ինքնիշխան, անվտանգ և բարեկեցիկ ժողովրդավարական Հայաստանը, ինչպես նաև խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում մեր ընդհանուր նպատակներն են: Լիտվան հանձնառու է դրանց հասնելու ուղղությամբ աշխատելու միասին:
Կրկին շնորհակալ եմ, հարգելի վարչապետ, այս շատ ջերմ ընդունելության համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը