«Փաստինֆո»-ի հավաստի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն փորձում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրել Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Փաշինյանի աջակցին ապօրինի կալանավորելու մեջ, թեև Փաշինյանի աջակիցն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Մեր տեղեկությունները հաստատեց նաև դատավոր Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը՝ նկատելով, որ դատավորն արել է այն, ինչ պետք է աներ։ Փաստաբանը հաստատեց, որ առանց հարգելի պատճառների դատական նիստերին չներկայացած ամբաստանյալի նկատմամբ, որը խախտել էր իր նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրության կարգը, դատարանն իրականացրել է օրենքից բխող գործողություններ՝ խափանման միջոց ստորագրությունը փոխելով կալանքով, ինչն օրենքով նախատեսված է և դատավորն արել է այն, ինչ պետք է աներ։ Ընդ որում, պարզվում է, որ դատախազությունը վերաքննության կարգով չի բողոքարկել նշված դատական ակտը, բայց որոշումից երկու ամիս անց դատախազությունն այդ հարցով դիմել է ԲԴԽ-ին՝ պահանջելով ակտը գնահատել որպես ակնհայտ ապօրինի կալանավորում, որն առաջացրել է ծանր հետևանք։
«ԲԴԽ-ն համաձայնություն է տվել նման արդարամիտ, օբյեկտիվ, նվիրյալ դատավորի նկատմամբ վարույթ սկսելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,- նշեց Սարդարյանը։
Հատկանշական է, որ դատարանը հետագայում վերանայել է ամբաստանյալի խափանման միջոցը։ Մասնավորապես, դատական նիստին դատախազը դիմում է ներկայացրել, համաձայն որի՝ կալանքից վերցվելուց հետո ամբաստանյալը հաղորդում է ներկայացրել իր փաստաբանի նկատմամբ, որ իր փաստաբանն ինքն է իրեն մոլորության մեջ գցել, որ կարող է նիստին չներկայանալ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ ոչ թե ամբաստանյալն է իրեն անբարեխիղճ պահել, այլ՝ դատապաշտպանի հետ քննարկման թյուրըմբռնման հետևանք է, դատարանը կրկին փոխել է ամբաստանյալի խափանման միջոցը՝ փոխարինելով գրավով, ինչը, ըստ փաստաբանի, վկայում է դատավորի բարեխղճության մասին։
ԲԴԽ-ի կողմից դատավորի նկատմամբ հետապնդում իրականացնելու և ազատությունից զրկելու համաձայնության վերաբերյալ որոշումներից հետո դատավորի մասնակցությամբ դեռևս գործողություններ չեն իրականացվել։
Փաստաբանի գնահատմամբ՝ ԲԴԽ-ի գործողությունները դատավորի գործունեության նկատմամբ ակնհայտ ապօրինի միջամտություն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը