20 01 2020

Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. սահմանադրագետ

Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում.  սահմանադրագետ

Tert.am-ը գրում է․ «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն մասնագիտական առումով չեմ տեսնում, քանի որ գործող Սահմանադրությունն այսօրվա դրությամբ կարելի է ասել կարգավորում է հասարակական այն հարաբերությունները, որոնք պետք է կարգավորեր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը` անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելուն:

«Սահմանադրության փոփոխությունների պատմական պրակտիկան ցույց է տվել, որ 1995թ. հետո ժամանակային կտրվածքով փոփոխությունները եղել են յուրաքանչյուր տասը տարի հետո՝ 2005 և 2015 թվականներին: Բոլոր փոփոխությունները եղել են հստակ և օբյեկտիվ հիմնավորումներով»,-ասաց նա և նշեց, որ օրինակ` 2005թ. սահմանադրական փոփոխությունները պայմանավորված էին Եվրոպայի խորհրդի անդամակցությամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացնելու և մի շարք այլ պարտավորություններով՝ այդ թվում սահմանադրական մակարդակում ստանձնելու հետ:

«2015թ. սահմանադրական փոփոխությունները որոշակի էվոլյուցիայի անհրաժեշտություն ունեին, հատկապես, իրավունքի գերակայության սկզբունքի առումով, բայց նաև որոշում էր կայացվել կատարել փոփոխություններ կառավարման համակարգում, որը լրամշակման համար էական հիմք էր:  Կարող եմ ասել, որ 2015թ. սահմանադրական փոփոխությունների՝ Մարդու իրավունքների և ազատությունների բաժինը Վենետիկի հանձնաժողովը գնահատել էր բացառիկ և դրական: Այս փուլում առնվազն այն, ինչ հրապարակել է ՀՀ արդարադատության նախարարությունը պարզ չէ անհրաժեշտությունը, այսինքն՝ հասկանալի չէ, թե որոնք են Սահմանադրության այն խութերը, որոնք պետք է հաղթահարվեն հենց սահմանադրական փոփոխությունների միջոցով»,-ասաց նա:

Արամ Վարդևանյանի խոսքով՝ նախ պետք է ստանալ՝ ինչին է ուղղված սահմանադրական փոփոխությունները, հարցի պատասխանը: «Այս իրավիճակում սահմանդրաիրավական ամենամեծ խնդիրը, որը կա, այն է, որ ՀՀ Ազգային ժողովում ընդդիմության ինստիտուտը խնդիր է ունենում, իսկ խնդիրն այն է, որ երեք հինգերորդը մեկ խմբակցության ներքո է գտնվում, դա առաջացնում է սահմանդրաիրավական հարց: Եթե հիշենք՝ 2015թ. փոփոխություններից մեկը` ընդդիմության դերի բարձրացումն էր, որտեղ՝ որպես հիմնավորում, նշվում էր Սահմանադրական օրենքների ինստիտուտի ներդրումը, որը ենթադրում էր մշտապես փոփոխության և ընդունման դեպքում ձայների երեք հինգերորդը, որտեղ պարտադիր է լինելու ընդդիմության մասնակցությունը: Փաստացի, այդ հիմնավորումը և գաղափարը պրակտիկայում խնդրի է հանդիպել, քանի որ չկա այդ գործիքը և ամբողջությամբ բավարարում է մեկ խմբակցության կողմից օրենքներ ընդունելու համար: Եթե Սահմանադրական փոփոխությունների նպատակը լիներ այս խնդիրը հաղթահարելը, ապա շատ ողջունելի կլիներ, բայց դա էլ չի ընդգծվել»,- ասաց Tert.am-ի զրուցակիցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ