30 09 2019

Կալանքը՝ որպես ռեպրեսիվ մեքենայի միջոց

Կալանքը՝ որպես ռեպրեսիվ մեքենայի միջոց

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ`քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:

ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը: Կալանավորումը խափանման միջոցների տեսակների մեջ ամենախիստն է և պետք է ունենա բացառիկ բնույթ, սակայն Հայաստանում այն դիտարկվում է որպես խափանման առաջնային միջոց:

Անձնական ազատության և անձի անձեռնմխելիության իրավունքը, սակայն, շարունակում է մնալ Հայաստանում ամենաշատը ոտնահարվող իրավունքներից մեկը, իսկ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելը, նախաքննության մարմինների սիրելի գործիքը:Կալանքի միջոցով փորձում են մարդուն պատժել, ճնշել, կոտրել, իսկ հասարակության մոտ ստեղծել պատժելու և պայքարելու տպավորություն: Հաճախ կալանքի հիմքերը իսպառ բացակայում են, սակայն ռեպրեսիվ մեխանիզմը գործում է: Պետք է ապահովել հանրային տեսարաններ:Իսկ եթե հասարակությունը կոնկրետ գործով տեսարաններ չի պահանջում, ապա ժամանակի ընթացքում կալանքը փոխարինում են գրավով, որովհետև այս գործերը որքան արագ հարուցվել են, նույնքան արագ էլ մոռացվում են:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը սահմանել է, որ դատարանը պետք է հաստատի իրավաչափությունը, որ մեղադրյալը կխոչընդոտի մեղադրանքի կողմի գործունեությանը, բայց իբրև իրավաչափ մտահոգություն, որն առկա է կոնկրետ գործով մեղադրյալի դեպքում, այլ ոչ թե անորոշ և վերացական: Պետք է հիմնավորված ռիսկ լինի, որ մեղադրյալն ազատ արձակվելու դեպքում կձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կխոչընդոտեն արդարադատության իրականացմանը: Կրկին հանցագործություն կատարելու վտանգը պետք է ռեալ լինի տվյալ մեղադրյալի դեպքում: Հայաստանում, սակայն, նախնական կալանքը շարումնակվում է կիրառվել որպես պատժի կամ ապացույցներ ձեռք բերելու միջոց, պատժիչ ռեպրեսիայի վնասակար գործիք: Ընդ որում կալանքը կիրառվում է խիստ ընտրողաբար: ՀՔԾ-ն ու դատախազությունը համառորեն կալանք են պահանջում մի դեպքում, իսկ մեկ այլ՝ հանրային վտանգավոր արարքի դեպքում՝ ոչ։

Կալանքի լայնորեն և չհիմնավորված կիրառումը շատ լուրջ խնդիր է։ Շատ անգամ արվում է իներցիայով, շատ անգամ դատավորներներն են իրենց ապահովագրում կամ ազդեցության տակ որոշում կայացնում, շատ անգամ մթնոլորտն է ստիպում։

Հայաստանում այդպես էլ չի ձևավորվում անմեղության և ազատության կանխավարկածով առաջնորդվելու և կալանքը որպես բացառիկ միջոց կիրառելու պրակտիկան, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում մարդու իրավունքների պաշտպանության իրականացման վրա:

Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ դատարանը որոշում կայացրեց Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Եվ սա այն դեպքում, երբ դատարանները շրջափակելու կոչերը, դատավորների նկատմամբ տարբեր տեսակի հետապնդումները, դատավորներին «վնգստացող» անվանելը դիտարկվում է օրինաչափ: Այսպես է գործում պատժիչ ռեպրեսիաների փուլը:

Ասյա Օվանյան

Փաստաբան, ՀՀ Փաստաբանների պալատ

«Իմ Ձայնը» նախագիծ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ