26 09 2019

Փաշինյանի փաստաբանն՝ ըննդեմ Փաշինյանի

Փաշինյանի փաստաբանն՝ ըննդեմ Փաշինյանի

«Իմ Ձայնը» նախագծի անդամ Արման Պետրոսյանն իր հոդվածում գրում է.

«Փաշինյանի փաստաբանն՝ ըննդեմ Փաշինյանի

Նիկոլ Փաշինյանի երբեմնի փաստաբանը ծանր գնահատականներ է տալիս այսօրվա դատաիրավական համակարգին: Խոսքը Լուսինե Սահակյանի մասին է, ով մարտի 1-ի գործով Փաշինյանի պաշտպանն էր և անհավասար պայքար էր մղում մեղադրողների ու դատավորների դեմ, պայքարում էր օրինականության վերականգնման համար: Սա այն Լուսինե Սահակյանն է, ով իրավամբ համարվում է Հայաստանի լավագույն և սկզբունքային փաստաբաններից մեկը, և ով Նիկոլ Փաշինյանի համար ժամանակին արել է գրեթե անհնարինը։

Այսօր դժվար է չկիսել Լուսինե Սահակյանի գնահատականները դատական համակարգի վերաբերայլ: Փաստաբանն իրավամբ արձանագրում է , որ դատական համակարգը հիմա հետընթաց է արձանագրում: Դատական համակարգին վերաբերող պրոցեսները մեկ գործի շուրջ են պտտվում, և ոչ ոք չի ուզում գնահատել, թե դրանք իրավական, թե ոչ իրավական գործընթացներ են:

Գործընթացները շատ արագ տեղի են ունենում, երբ այդ գործի շրջանակներում իշխանությունների համար ոչ հաճո որոշում է կայացվում: Այս դեպքում մարդիկ, ովքեր նույնիսկ իրավաբանական կրթություն չունեն սկսում են գնահատել դատավորի որոշումը՝ օրինական է, թե՝ ոչ: Դատավորների նկատմամբ վերաբերմունքը ևս պայմանավորված է այդ որոշմամբ, եթե դատավորը կալանքի մասին որոշում է կայացնում, անկախ նրանից, որ փաստաբանների գնահատմամբ ամենացածր ռեյտինգ ունեցողն է, ապա նա նույնիսկ առաջխաղացման հնարավորություն ունի, հակառակ դեպքում՝ կարող է քրեական գործ հարուցվել հենց դատավորի նկատմամբ:

«Նախկին իշխանությունները չէին փորձում բոլոր դատավորներին ենթարկեցնել, իշխանափոխությունից հետո կարծես թե անկախ դատավորների թիվը պետք է ավելանար: Բայց տեղի ունեցավ հակառակը, իշխանությունները փորձեցին առանձին դատավորներից բացի ենթարկեցնել ամբողջ դատական համակարգը»,-հարցազրույցներից մեկում նշում է Լուսինե Սահակյանը:

Հաջորդ թիրախը ՍԴ դատավորներն էին, որովհետև գործը, որի շուրջ ընթանում են բոլոր գործընթացները հասավ Սահմանադրական դատարան:

Դատական համակարգի բարեփոխման փոխարեն գործադիր իշխանությունը մխրճվել է դատական իշխանության մեջ:

Կալանքը կիրառվում է որպես պատիժ, հատկապես աղմկահարույց գործերով: Փրկօղակ են դառնում այն դատավորները, որոնք շարունակում են պայքարել անկախության համար:

Ավելացել են ապօրինի քրեական գործերը, հարուցվում են քրեական գործեր, որոնց հարուցման համար նույնիսկ բավարար հիմքեր չկան:

Սա է մեր դատաիրավական համակարգը, որի բարեփոխման փոխարեն գնում են կցորդ դարձնելու ճանապարհով: Եվ երբ համակարգի բացթողումները մատնանշվում են փաստաբանների կողմից, ովքեր գիտեն դատաիրավական համակարգը ներսից, գիտեն, թե ինչպիսին էր այն նախկինում, և ցավոք տեսնում են հետընթացը, սա իսկապես մտահոգվելու տեղիք է տալիս: Համակարգերի կազմալուծումը սպառնալիք է հատկապես պետության համար:

Հ. Գ. Կյանքը միայն գրված օրենքները չեն։ Կան նաև չգրված օրենքներ, որոնք երբեմն ավելի ազդեցիկ են։ Երբ անձի նախկին փաստաբանը հետո բուռն քննադատության է ենթարկում նախկին պաշտպանյալի գործունեությունը, ապա դա շատ ծանր բարոյական հարված է։ Ընդ-որում քննադատում է նրա գործունեութունը հենց դատաիրավական ոլորտում։ Սա ապտակ է....»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ