12 06 2019

Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատավորին ինքնաբացարկ հայտնել

Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատավորին ինքնաբացարկ հայտնել

Այս գործով կան կասկածներ և չափազանց կարևոր է, որ դուք փարատեք դրանք՝ ինքնաբացարկ հայտնելով։ Այս մասին հունիսի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ միանալով պաշտպանների՝ գործով նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը։

Երկրորդ նախագահը վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը քննող Վազգեն Ռշտունու կողմից ինքնաբացարկ հայտնելու որոշումը, հորդորեց դատավոր Արմեն Դանեիլյանին նույնպես ինքնաբացարկ հայտնել. «Ներկայացված բողոքը ցույց է տալիս, որ կան կասկածներ։ Մեկ շաբաթ առաջ Վերաքննիչ դատարանում ձեր դատարանի նախագահը ինքնաբացարկ հայտնեց՝ հաշվի առնելով այն, որ կողմը լուրջ կասկածներ ուներ, հատկապես երբ գործը հանրային հնչեղություն ունի։ Ուղղակի հորդորում եմ ձեզ՝ հասկանալ, որ այս գործով կան կասկածներ, դրանք չափազանց կարևոր է փարատելը, դրանց փարատելը հնարավոր չէ առանց ինքնաբացարկի։ Ես ծանոթ եմ կրիչի նյութերին, դա ուղղակի նկարված բան է, մեկը նստել՝ հավաքել ու ներկայացրել է։ Նույիսկ տարիներ անց այդ հետքերը մնալու է այդ համակարգչի մեջ և հնարավոր է լինելու պարզել, թե ինչ է կատարվել»,- հայտարարեց նա։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ հայտարարեց, որ Արմեն Դանիելյանը դատավոր է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, և այդ հանգամանքը պետք է տուժող կողմի համար մտահոգություն առաջացնի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ