Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է անազատության մեջ պահվող անձանց առողջության պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Նախարարը ներկայացրել է նաև ինֆոգրաֆիկա, որից պարզ է դառնում է, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց թվաքանակը նախորդ տարվա համեմատ նվազել է։
Նախարարի գրառման մեջ ասվում է.
«Ակնառու պատկերացում կազմելու նպատակով, ներկայացնում ենք ընթացիկ տարվա 9 ամիսներին բժշկական սպասարկման գծով իրականացված աշխատանքները՝ թվային վերլուծությունների տեսքով, համեմատած՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված տվյալների հետ:
2018թ հունվարից մինչև սեպտեմբերի 30-ը, հետազոտման և բուժման նպատակով Հայաստանի առողջապահական բուժհաստատություններ տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը (1380) շուրջ 200-ով ավելի է 2017թ նույն ժամանակահատվածում տեղափոխվածների թվաքանակից (1191), և դա այն դեպքում, երբ 2018թ հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Քրեակատարողական հիմնարկներներում պահվող անձանց թվաքանակը գրեթե 900-ով պակաս է 2017թ-ի նույն ժամանակահատվածում պահված անձանց թվաքանակին:
Ուշադրության է արժանի նաև այն, որ 900-ով պակաս քանակակազմի պայմաններում, 2018թ 9 ամիսների ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն ստացածների թիվը (504) կրկին գերազանցում է 2017թ նույն ժամանակահատվածում բուժում ստացածների թվաքանակը (443)»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը