Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել և քննվում են քրեական գործեր՝ Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ եղանակներով իրացմամբ, ինչպես նաև երրորդ երկրներից ներմուծված ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանմամբ զբաղվող «Սարգսյան Իմպորտ» և «Արմ Ընդ Ման» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը:
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Սարգսյան Իմպորտ» և «Արմ Ընդ Ման» ընկերությունները՝ այսպես կոչված «կարգոները», զբաղվել են տարբեր տնտեսվարողներին պատկանող բեռների Հայաստան տեղափոխմամբ և դրանց մաքսազերծմամբ:
Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ «Արմ Ընդ Ման» ընկերության իրական սեփականատերը հանդիսացել է Երևանի Թումանյան փողոցի 1/2 հասցեում գործող «Երևան Տուր» անվամբ տուրիստական ընկերության հիմնադիր Կարլեն Մկրտչյանը, իսկ «Սարգսյան Իմպորտ» ընկերության սեփականատերը՝ Երևանի Սարյան փողոցի 25 հասցեում գործող «Բագրատուր» ընկերության տնօրեն Բագրատ Նավոյանը:
Քրեական գործերի շրջանակում դատարանի համապատասխան որոշումների հիման վրա մոտ 10 հասցեներում կատարվել են խուզարկություններ, այդ թվում «Երևան տուր» և «Բագրատուր» տուրիստանական ընկերությունների գրասենյակներում, որոնց ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող հաշվապահական հաշվառման փաստաթղթեր և գումար:
Քրեական գործերի շրջանակում բազմաթիվ անձինք հրավիրվել են հարցաքննության, ներկա պահին ձեռնարկվում են համապատասխան քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պետությանը պատճառված վնասի վերջնական չափը պարզելու և վերականգնելու ուղղությամբ: Նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է ավելի քան 2 միլիարդ դրամի վնաս: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Սահմանդրության 21-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը