Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՊԱՐՈՆՅԱՆ-ԼԵՈ ԽԱՉՄԵՐՈՒԿԻ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ԱՎՏՈՎԹԱՐԻ ՄԱՍԻՆ
Համացանցում առկա մեզ հասանելի տեսանյութերից և այլ փաստերից ակնհայտ է դառնում, որ հղիության 7,5-րդ ամսում գտնվող Սոնա Մնացականյանին վրաերթի է ենթարկում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենան:
1. ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հարցազրույցում նշեց, որ Նիկոլը շտապում էր Ազգային ժողով՝ ՔՊականների հետ հանդիպման՝ այսպիսով փաստելով, որ դեպքի պահին Նիկոլն եղել է իրեն սպասարկող ավտոմեքենայի մեջ:
2. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն պետական պահպանությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու, ․․․ մարդասիրության, ․․․ սկզբունքներով։
3. Նույն օրենքի համաձայն պետական պահպանությունն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը, որը հանդիսանում է վարչապետին ենթակա ԱԱԾ գրասենյակ:
4. ՀՀ վարչապետի 18.10.2018 թվականի 1392 – Լ որոշմամբ հաստատաված 1-ին հավելվածի համաձայն՝ ծառայության կառավարումն իրականացնում է ՀՀ վարչապետը:
5. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ կառավարչական իրավահարաբերություններում վարչապետը Կառավարությանը ենթակա պետական մարմինների, իրեն ենթակա պետական մարմինների ղեկավարների, մարզպետների վերադասն է:
6. ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածը սահմանում է՝ կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը, եթե հանցավորը պարտավոր չի եղել հոգ տանելու տուժողի մասին և ինքը նրան չի դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ ենթակա է քրեական պատասխանատվության:
7. Նույն հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է սահմանում կյանքի համար վտանգավոր վիճակում դրած անձի համար:
8. Այս հանցագործության օբյեկտը կյանքի կամ առողջության համար վտանգավոր դրության մեջ գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված մարդու կյանքի և առողջության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են։ Օբյեկտիվ կողմից հանցագործությունը դրսևորվում է անգործությամբ։ Ընդ որում, հոդվածի 1-ին մասի դեպքում անձի գործելու պարտականությունը բխում է համակեցության կանոններից, և վտանգի մեջ գտնվող անձին օգնություն ցույց չտալու համար քրեական պատասխանատվություն սահմանելը նախ և առաջ պայմանավորված է գթասրտության, մարդասիրության և բարոյականության սկզբունքներով։
9. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վրաերթը հանգեցրել է ողբերգական մահվան, ապա անհրաժեշտ է քրեական գործ հարուցել միանգամից մի քանի հոդվածների համակցությամբ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտել), 244 հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնել) և 128 հոդվածի երրորդ մասով։
10. Քննարկման անհրաժեշտություն ունի նաև այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 128 հոդվածի երկրորդ մասը պատասխանատվություն է նախատեսում հատուկ սուբյեկտի կողմից վտանգի մեջ թողնելու համար։ Ընդ որում, որպես հատուկ սուբյեկտ նախատեսված է տուժողին խնամելու պարտականություն ունեցող անձը կամ տուժողին կյանքի համար վտանգավոր դրության մեջ դնող անձը։ Տուժողին խնամելու պարտականություն ունեցող անձի կողմից վտանգի մեջ թողնելը, որն առաջացրել է տուժողի մահ, պետք է տարբերակել անգործությամբ սպանությունից։ Եթե տուժողին խնամելու պարտականություն ունեցող անձն ինքն է տուժողին դնում կյանքի համար վտանգավոր դրության մեջ, որից հետո տուժողը մահանում է, ապա առկա է ոչ թե վտանգի մեջ թողնել, որն առաջացրել է տուժողի մահ, այլ անգործությամբ սպանություն։
Փաստ է, որ առկա է մահ առաջացրած վտանգի մեջ թողնելու հանցակազմ, որի համար պատասխանատու սուբյեկտները տարբեր են: Գլխավոր դատախազությունը պարտավոր է ուսումնասիրել հանգամանքները համակողմանի լրիվ և օբյեկտիվ հանգամանքերով և գուցե ստիպված լինի ևս մեկ՝ որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում դնել շրջանառության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը