Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականի առաջին կիսամյակի Հայաստանի թվային պատկերը։
Համաձայն պաշտոնական թվերի՝ ՀՀ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառությունը (արտահանումն ու ներմուծումը միասին), աճել է երկու անգամ՝ 2023թ․ առաջին կիսամյակի 8 մլրդ 999 մլն 549 հազար 500 դոլարի փոխարեն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմելով 18 մլրդ 407 մլն 299 հազար 100 դոլար։
Եվ այսպես, արտահանումն աճել է 2․3 անգամ՝ 3 մլրդ 381 մլն 527 հազար 100 դոլարից դառնալով 7 մլրդ 927 մլն 559 հազար դոլար։ Ներմուծումն էլ 2023 թվականի առաջին կիսամյակի 5 մլրդ 618 մլն 22 հազար 400 դոլարից դարձել է 10 մլն 479 մլն 740 հազար 100 դոլար՝ աճելով 86 տոկոսով։
Սակայն այս «աննախադեպ» աճը, պարզվում է, իրականում առաջին հայացիքից է աճ։
Մասնավորապես, արտահանումը թեև աճել է 4 մլրդ 546 մլն 031 հազար 900 դոլարով, սակայն ոսկու արտահանումը ավելացել է 4 մլրդ 949 մլն 504 հազար 700 դոլարով։ Ոսկու արտահանման ցուցանիշները դուրս հանած՝ արտահանումն անկում է ապրել 403 մլն 472 հազար 800 դոլարով։
Ներմուծումը 2024թ․ հունվար-հունիսին, 2023թ․ հունվար-հունիսի համեմատ, աճել է 4 մլրդ 861 մլն 717 հազար 700 դոլարով, սակայն, միայն ոսկու ներմուծումն աճել է 5 մլրդ 407 մլն 417 հազար 300 դոլարով։ Ոսկու ներմուծման ցուցանիշները դուրս հանած՝ ներմուծման անկումը կազմում է 545 մլն 699 հազար 600 դոլար։
Ստացվում է՝ արտահանում-ներմուծումն աճել է 9 մլրդ 407 մլն 749 հազար 600 դոլարով, ոսկու արտահանում-ներմուծումն աճել է 10 մլրդ 356 մլն 922 հազար դոլարով։ Ոսկու արտահանման-ներմուծման ցուցանիշը հանած՝ անկումը կազմում է 949 մլն 172 հազար 400 դոլար։
Այսինքն, իրականում ոչ թե աճ ունենք, այլ՝ անկում։ «Աճ»-ը ոսկին է, որն ինչպես մտել, այնպես էլ դուրս է եկել երկրից։
Մանրամսն՝ ինֆոգրաֆիկայում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը