23 07 2020

Ո՞վ է և ինչո՞վ է հայտնի ՍԴ դատավորի՝ կառավարության թեկնածուն

Ո՞վ է և ինչո՞վ է հայտնի ՍԴ դատավորի՝ կառավարության թեկնածուն

Այսօր Կառավարության նիստին վարչապետ Փաշինյանը հնչեցրեց Սահմանադրական դատարանի(ՍԴ) վերաձևվող կազմի առաջին թեկնածուի անունը՝ Վահրամ Ավետիսյան: 

Վահրամ Ավետիսյանը հարաբերականորեն երիտասարդ է, համալսարանական իրավաբաններից է, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն էր՝ 2013 թվականից սկսած, բայց մեկ ամիս առաջ հրաժարական է տվել ու չի բացառվում, որ հենց այսօրվա նշանակմանը նախապատրաստվելու համար:

1979 թվականին ծնված իրավաբանն ունի գիտական աստիճան՝ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:

Պետական կառավարման համակարգում նրա առավելագույն կատարած ծառայությունը օրենսդրական մեկ-երկու նախագծերի մշակմանը մասնակցությունն է եղել, զբաղեցրել է նաև համեստ պաշտոններ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ 1999-2002 թթ՝ ՀՀ գլխավոր դատախազության Արագածոտնի մարզի դատախազության ավագ քննիչ, 2008-2009թթ՝ գլխավոր դատախազության օտարերկրյա դատական ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի ավագ դատախազ, 2009թ․-ին նշանակվել է պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ:  

Թեկնածուի կենսագրությունը վկայում է, որ ՍԴ դատավորի կառավարության առաջադրած թեկնածուն իրականում Սահմանադրության հետ որևէ կապ չի ունեցել, Վահրամ Ավետիսյանը քաղաքացիական իրավունքի մասնագետ է, բայց դարձել է իշխանահաճո կադր, ըստ ամենայնի՝ երկու լուրջ կապերի շնորհիվ:

Իրականում վաղուց էր եփվում այս իրավիճակին պատրաստ լինելու գաղափարը, և այս թեկնածուին ԵՊՀ-ից դեպի ՍԴ ճանապարհ հարթելու համար ախատել են լուրջ կապեր:

Yerevan․Today-ի կարճ ուսումնասիրությունը ուշագրավ փաստեր է բայցահայտել՝ թեկնածուի անձի ու անցյալի մասին:

Բավական է մեկ ակնթարթով հետևել Կառավարության առաջադրած ՍԴ դատավորի ֆեյսբուքյան էջին՝ շատ բան պարզ կդառնա:

Բացի այն, որ Վահրամ Ավետիսյանը անկաշկանդ պարբերաբար «սրտիկել» է վարչապետ Փաշինյանի գրառումները՝ հավանաբար ցույց տալու, թե որքան շատ է այս իշխանության վարքագծին իր հավանելու դոզան, պարզվում է, ավանդաբար նաև աչքի է ընկել հեղափոխական կառավարության նախագծերը գովաբանող ներկայացուցչական գրառումներով: Վերջիններից մեկը, օրինակ՝ առանց դատական վճռի ապօրինի գույքի բռնագանձման մասին աղմկահարույց օրինագծին դրական արտահայտվելու մասին է, իսկ օրեր առաջ՝ բացօթյա տարածքներում պարտադիր դիմակ կրելու Փաշինյանի կոչն է փառաբանել՝ ու քննադատված որոշումը արդարացրել է իբր փոշոտ Երևանի աղտոտված օդով քայլելու սեփական փորձառությամբ:

Հատկանշական է, որ մեկ ամիս առաջ՝ հունիսի 22-ին, նա բավականին ուշագրավ գրառում է արել ֆեյսբուքում՝ անկախ դատական իշխանություն ունենալու պլանների մասին...

 

Ի դեպ, սա այն օրն է, երբ իշխանությունը հրատապ կարգով ԱԺ-ը քննարկման բերեց այսօրվա համար «ստեղծագործած» ՍԴ փոփոխությունների նոր աղմկահարույց նախագիծը, որը, ըստ էության, փոխարինելու էր եկել հանրաքվեի ճանապարհով Հրայր Թովմասյանին ու ՍԴ ևս 6 դատավորներին ազատելու իշխանության սցենարային պլանը: Իսկ այս փաստը հուշում է, որ շաղկապված գործընթացները վաղուց էին մտել եփվող պրոցեսների մեջ:

Ամենաուշագրավը, սակայն, ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի՝ նախկին իշխանության հետ ունեցած խորը ու ամենազգայուն կապն է.

Բանն այն է, որ Կառավարության առաջադրած ՍԴ դատավորի թեկնածուն իրականում ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է: Ընդգծենք, սա այն բարձրաստիճան պաշտոնյան է դատական համակարգում, ով ի պաշտոնե վարել է 2008-ի մարտի 1-ի գործով դատավարության գործընթացը, այլ կերպ ասած՝ ողբերգական դեպքերի բացահայտման ուղիղ պատասխանատու անձանցից մեկն է եղել, ով դեռ այն ժամանակներից է փայլուն ճանաչում մարտի 1-ի իրական կազմակերպիչներին, ու հավանաբար՝ այս առիթով էլ Նոր Հայստանում բազմաթիվ առիթներ է ունեցել շփվելու կամ համագործակցելու նրանց հետ:

Չմոռանանք, մարտի 1-ը Նիկոլ Փաշինյանի ողջ պաշտոնավարման ընթացքում միակ առանցքային թեման է, որի վրա կենտրոնացված է մի ամբողջ պետական կառավարման համակարգի ռեսուրս: Պարզ է, որ այս համագործակցությունը, տեսականորեն լրիվ հնարավոր տարբերակ է, գուցե այս կոնտակտով էլ կամուրջ են գցվել՝ ԵՊՀ-ից մինչև ՍԴ ու Դավիթ Ավետիսյանի որդուն դարձրել է ՍԴ դատավորի թեկածու:

Թե չէ ինչու՞ կամ ի՞նչ տրամաբանությամբ էր նախկիններից այդքան խորշող, նրանց «դուրսպրծուկ» համարող, մարտի 1-ի դատավարության գործով այսքան ազդեցիկ դերակատարի որդին այսօր համարվել իշխանության սրտի թեկնածու:

Կառավարությունում, իհարկե, նաև այլ կապեր են տեսնում ՍԴ թեկնածուի ու իշխանական օղակի միջև․ Yerevan.Today-ի աղբյուրը հուշում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունը: Ասում են՝ ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի նշանակումն ապահովելուց հետո, նախարարը հաջորդ ընկերոջն է մտցնում պետական կառավարման համակարգ՝ ի դեմս Վահրամ Ավետիսյանի: Մի ուշագրավ բացահայտում ևս. վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը, որը Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում հայտնվեց հեղափոխությունից հետո ու կարճ ժամանակ պաշտոնավարելուց հետո հրաժարականով հեռացավ՝ իր հոր հետ առնչվող Գլխավոր դատախազությունում քննվող քրգործի պարճառով, պարզվում է՝ ոչ վաղ անցյալում եղել է նաև ՍԴ դատավորի թեկնածուի հոր՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի օգնականը: Ուստի չի բացառվում, որ ուղիղ միջնորդություններից հետո վարչապետը գոնե մեկ անգամ լսել է թեկնածուի մասին խորհրդական Աննա Վարդապետյանի դրական կարծիքը՝ չխորանալով այս կապերի մեջ:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ