30 10 2023

200 բոլորովին մերկ ու ամբողջությամբ այրված տղամարդիկ գոռալով մտնում էին հիվանդանոց. Մհեր Մուսայելյան․ «Փաստինֆո»



«Սեպտեմբերի 25-ին, երբ տեղի ունեցավ պայթյունը , մեզ համար ավելի դաժան ու ծանր իրավիճակ ստեղծվեց։ Մենք սովոր էինք աշխատել պատերազմական իրավիճակներում, բայց սա բոլորովին ուրիշ իրավիճակ էր»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի տնօրեն Մհեր Մուսայելյանը։

«Սեպտեմբերի 25-ից հետո տեղահանության պրոցեսն արդեն սկսվել էր։ Հիվանդանոցում մնացել էինք մոտ 45 - 48 մարդ, որոնց մեջ բժիշկները միայն 15-ն էին։ Այդ օրն ընդունել ենք 220 հիվանդ, որոնցից միայն 40-ն էին թեթև, տուն գնացին։ 180 -ին ընդունել ենք հիվանդանոց այն դեպքում, երբ հիվանդանոցում արդեն ունեինք հոսպիտալացված 124 հիվանդ։ Բոլոր աշխատակիցները սկսել էին օգնել մեզ, հաշվապահը, առողջապահական գծով տնօրենը, վարորդը։ Հիվանդանոցում տեղ չկար, բոլոր տեղերում հիվանդներ էին պառկած», - պատմել է հիվանդանոցի տնօրենը:

Նրա փոխանցմամբ` դժվարություններ էին ստեղծում նաև հոսանքի ու գազամատակարարման բացակայությունը։

«Հիվանդանոցում մնացած 15 բժիշկներն այն ամենից հետո, ինչ տեսան, որոշել են չզբաղվել բժշկությամբ։ Դա սարսափելի օր էր... 200 բոլորովին մերկ ու ամբողջությամբ այրված, կարմրած տղամարդիկ վազելով, գոռալով մտնում էին հիվանդանոց, իսկ մաշկի վրա սրսկելու տեղ չկար։ Ստիպված էինք դռան դիմաց կանգնել որ մարդիկ չմտնեին։ Հենց դռան մոտ սկսեցինք ցավազրկել մարդկանց։ Ահավոր վիճակ էր փորձում էինք մարդկանց հոսքը կառավարել», - նշել է մեր զրուցակիցը:

Հայաստան տեղափոխվելուց հետո Մհեր Մուսայելյանը նշանակվել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի տնօրեն ՝ Հատուկ հանձնարարությունների և արտակարգ իրավիճակների գծով։

Իր նոր պաշտոնում Մուսայելյանը առաջնահերթ զբաղվում է արցախցիների խնդիրներով՝ ոչ միայն Ստեփանակերտից տեղափոխված հիվանդների առողջությամբ, այլև` փորձում օգնել իր աշխատակիցներին նոր աշխատանքի հարցում։ Ասում է` սթրեսն հաղթահարելու իր բանաձևն ունի' աշխատանքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ