17 02 2022

Իշխանությունը փորձելու է իր քիմքին համապատասխան մեղավորներ գտնել․ Գեղամ Մանուկյան․ «Փաստ»

Իշխանությունը փորձելու է իր քիմքին համապատասխան մեղավորներ գտնել․ Գեղամ Մանուկյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Իշխանությունը երկար ձգձգումներից հետո որոշեց հանդես գալ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Փետրվարի 14-ին կայացավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, իսկ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները բոյկոտեցին հանձնաժողովի աշխատանքը՝ լքելով դահլիճը: Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել ընդհանրապես չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Զուգահեռ՝ ընդդիմությանը մեղադրում են ԱԺ-ում ունեցած գործիքակազմը չօգտագործելու մեջ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին ընդդիմությունը վաղուց էր խոսում՝ անգամ դեռ մինչև խորհրդարանական ընտրությունները: «Բացի այդ, այն նաև խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրի մաս էր կազմում: Սակայն ընտրություններից հետո իշխանությունը հայտարարեց քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, բայց երկար ժամանակ որևէ գործողություն չէր իրականացնում, քանի որ արտախորհրդարանական, իշխանությանը լոյալ ուժերի ներկայացուցիչներին ընդգրկելու ուղիներ էր փնտրում: Երբ այլ տարբերակ չգտնվեց, դրա համար իշխանությունը, որպես միջանկյալ լուծում, նախաձեռնեց քննիչ հանձնաժողովի ձևավորումը: Այս հանձնաժողովն այս ձևաչափով ու այս կազմով՝ իշխանության մեծամասնությամբ, ուղղակի մեկ նպատակ ունի. իշխանությունն ուզում է իր ճաշակով պատասխանատուներ, նաև մեղավորներ նշանակել: Նպատակ կա նաև 44-օրյա պատերազմի ծնող պատճառների, ընթացքի և ողբերգական ավարտի բոլոր պատասխանատվություններից մաքրել իշխանությանը»,-ասաց Գ. Մանուկյանը:

Անդրադառնալով ընդդիմությանն ուղղված այն մեղադրանքներին, թե չեն օգտագործում իրենց ընձեռված գործիքակազմը, պատգամավորը նշեց. «Իրականում քննիչ հանձնաժողովը խորհրդարանական կարևոր գործիքակազմ է, բայց քննիչ հանձնաժողովը գործիքակազմ է, երբ ընդդիմության նախաձեռնությամբ է այդ ամբողջը կիրառվում: Օրինակ՝ Հայաստան համահայկական հիմնադրամի՝ պատերազմի ընթացքում ծախսված միջոցների քննությունը նույն ընդդիմության նախաձեռնությամբ է: Բացի այդ, նշվածի լավագույն օրինակներից մեկը ապրիլ յան պատերազմի քննիչ հանձնաժողովն է: Ապրիլ յան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ձևավորվեց ոչ թե Հայաստանի հանրապետական կուսակցության իշխանության օրոք և ոչ թե ՀՀԿ-ի կողմից, այլ երբ ՀՀԿ-ն այլևս իշխանություն չէր:

Սա կարևոր է հնարավորինս անաչառ քննություն տանելու տեսանկյունից: Ես ծանոթացել եմ Ապրիլ յան պատերազմի վերաբերյալ զեկույցին և կարող եմ ասել, որ այնտեղ էլ քաղաքական տարրեր կան, բայց, ամեն դեպքում, նման մեծ տարողություն ունեցող իրադարձությունները պետք է ուսումնասիրվեն այլ իշխանության կողմից: Հիմա էլ ընդդիմությունը 44 օրյա պատերազմի քննությունն իրականացնելու այլ մեխանիզմներ է մշակում: Բայց կա ևս մեկ հանգամանք: Մեկուկես տարվա ընթացքում իշխանությունը հնարավորինս տարողունակ քննություն իրականացնելու իրավական, քննչական բազմաթիվ միջոցներ, գործիքներ ու կառույցներ ուներ: Նշվածը չի արվել: Ավելին, դեռ ամիսներ առաջ, եթե չեմ սխալվում, պատերազմի հետ կապված 6 հաղորդում է ներկայացվել դատախազություն, որոնք դատախազության կողմից անպատասխան են մնացել»:

 
 
Գեղամ Մանուկյանը հավելեց՝ քննիչ հանձնաժողովի արդյունավետության մասին խոսել հնարավոր կլիներ, եթե այն ձևավորվեր կա՛մ այլ իշխանության պարագայում, կա՛մ հանձնաժողովը ղեկավարեր ընդդիմությունը, որ հավասարակշռությունը պահպանվեր. «Այս պարագայում իշխանությունը ձգձգելով փորձելու է ուղղակի իր քիմքին համապատասխան մեղավորներ գտնել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ