06 07 2021

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ամեն 7 օրը մեկ կկրկնապատկվեն. «Ժողովուրդ»

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ամեն 7 օրը մեկ կկրկնապատկվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ամեն 7 օրը մեկ կկրկնապատկվեն: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

«Մեզ մոտ վիրուսի վերարտադրման ցուցանիշն աստիճանաբար աճ է գրանցել, այսինքն՝ եկել էր մի պահ, որ վիրուսի վերարտադրման ցուցանիշը մեր երկրում 0.3-ից մինչեւ 0.4 էր, եւ այն գրեթե չէր տարածվում, հարաբերական հանգիստ վիճակ էր: Բայց այսօր արդեն 1.3 է, արդեն՝ 1.29, իսկ սա նշանակում է, որ յուրաքանչյուր անձ առնվազն երկրորդ մարդուն պետք է վարակի. այ սա նշանակում է, որ արդեն տարածվում է:

Եւ թվերի վրա էլ ենք մենք տեսնում. պահ էր եկել, որ 0.4-0.5 վերարտադրման ցուցանիշի դեպքում մեր դեպքերի քանակն իջել էր օրական մինչեւ 40-50, բայց այսօր արդեն այդ դեպքերի թիվը100-ից բարձր է: Այսպես դեռ աննկատ ձեւով աճը կտեսնենք, բայց կգա մի պահ, եւ երկրաչափական պրոգրեսիայով ինքը կաճի, եւ ամեն 7 օրը մեկ մեր դեպքերը կկրնապատկվեն»,- բացատրեց մասնագետը:

Մեր զրուցակիցը, անդրադառնալով «հնդկական շտամ»-ին, ասաց, որ առաջիկա հետազոտությունները ցույց կտան, թե մեր երկրում որ ենթատեսակն է շրջանառվում: «Ռուսաստանում, տեսնում եք, թե ինչ սարսափելի համաճարակային իրավիճակ է, եւ բազմիցս պատասխանատու կառույցները հայտարարել են, որ «հնդկական շտամ»-ն է շրջանառվում: Նույնիսկ հայտարարվում է, որ արդեն Ռուսաստանում գուցե «հնդակական շտամ» ենթատեսակն ինքն իր հերթին ենթարկվել է փոփոխության, եւ հաշվի առնելով, որ մեր բնակչության տեղաշարժը դեպի Ռուսաստան շատ ինտենսիվ է՝ շատ հնարավոր է, որ Հայաստան եւս այն ներթափանցի»,- նկատեց մասնագետը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ