«Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ու Նիկոլ Փաշինյանի պարտության արդյունքում Հարավային Կովկասում խախտվել է ուժերի հարաբերակցությունը։ Բացի այն, որ հայկական կողմը մարդկային, նյութական և տարածքային մեծ կորուստներ ունեցավ, փոխվել է նաև Հայաստանի ու Արցախի շուրջ ընդհանուր անվտանգային միջավայրը։ Բազմաթիվ համայնքներ՝ հատկապես Սյունիքում, դարձել են սահմանամերձ ու շատ դեպքերում այնքան խոցելի դիրք են զբաղեցնում, երբ հակառակորդը գտնվում է ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Իսկ որևէ երաշխիք, որ թշնամին ցանկացած պահի իրեն լկտի չի պահի կամ սադրանքների չի դիմի, ուղղակի չկա։ Ու զարմանալին այն է, որ սահմանազատման գործընթացի հենց առաջին իսկ պահից այդ համայնքների բնակիչները մնացին միայնակ։
Կարծես թե նրանց հարցերով զբաղվելու խնդրում պետությունն ուղղակի լվացել էր իր ձեռքերը, և մարդիկ անձամբ պետք է հակառակորդի հետ բանակցեին կամ թույլ չտային, որ ադրբեջանական ուժերն առաջխաղացում ունենային։ Սակայն այս հանգամանքը չէր խանգարում, որ իշխանությունները, իրենց աթոռներին նստած, անընդմեջ խոսեն սահմանամերձ գյուղերի զարգացման կարևորությունից, բայց ոչինչ չանեն։ Այնինչ պետք էր առանց ժամանակ կորցնելու թշնամուն անցնելու պատճառով իրենց տները կորցրած քաղաքացիների համար նոր տներ կառուցել, ստեղծել նոր ենթակառուցվածքներ, սահմանամերձ դարձած համայնքների զարգացման խոշոր ծրագրեր կյանքի կոչել, որ այդտեղ բնակվող մարդիկ ուղղակի չթողնեն ու հեռանան։ Բայց երբ իշխանությունները ի վիճակի չեն սահմանամերձ բնակավայրերում մի քանի պարզ ծրագրեր իրականացնել, էլ ինչպե՞ս կարող ենք խոսել երկրի անվտանգության ապահովման մասին։ Այնինչ Ադրբեջանը Արցախից բռնազավթված տարածքներում սկսել է այնպիսի խոշորամասշտաբ ծրագրերի իրականացումը, ինչպես, ասենք, միջպետական մայրուղիների ու օդանավակայանների կառուցումն է, իսկ մենք Հայաստանի սահմանամերձ համայքներում չենք կարողանում անգամ մի քանի տուն կառուցել ու հանձնել բնակիչներին։
Պատահական չէ, որ իշխանությունների այս անգործությունը մեծ վրդովմունքի առաջացման պատճառ է դարձել։ Դեռևս անցած տարվա դեկտեմբերին սյունեցիները փակեցին Գորիս տանող ճանապարհը և թույլ չտվեցին Փաշինյանին ոտք դնել Գորիս, Կապան և Մեղրի։ Դրանից հետո Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք է մնում մեկ այցելություն։ «Պարտքը» գաղտագողի այցով փորձեց տալ երեկ: Թե ինչ եղավ հետո, ինչպես ասում են, շատ հուզիչ էր... Ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում նրանց ապաշնորհությունն ավելի ցայտուն է դառնում։ Արդեն մոտ վեց ամիս է, ինչ իշխանությունների գործողությունները պոպուլիզմից այն կողմ չեն անցնում, ու այս պայմաններում նրանք համարձակվում են դեռ գնալ ընտրությունների։ Թերևս ուշագրավ է, որ շոուների, լայվերի ու լայքերի սիրահար Փաշինյանն, արդեն պատկերացնելով, թե ինչպիսի ընդունելության է արժանանալու սյունեցիների կողմից, Սյունիք խոստացած իր այցը կազմակերպում է գաղտագողի՝ առանց նախօրոք հայտարարելու։
Բայց սա այլ հարց է: Ամենավատն այն է, որ թշնամին, զգալով, որ մեր իշխանություններն ընդունակ չեն Սյունիքը դարձնել պաշտպանական միջնաբերդ, փորձում է ուժեղացնել հոգեբանական ճնշումը, որպեսզի այնտեղ ապրող մարդկանց հուսալքության հասցնի ու դրդի արտագաղթի։ Դրա համար էլ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են տարբեր տեսակի սադրանքների դիմել՝ մասնավորապես կրակոցներ արձակել Ագարակ, Եղվարդ և այլ գյուղերի ուղղությամբ: Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևն ավելի հեռուն է գնում՝ հայտարարելով, որ եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, ապա իրենք դա կանեն ուժով։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը սպառնում է Սյունիք ներխուժել, իսկ մենք, կարևորագույն անվտանգային խնդիրները թողած, արտահերթ ընտրությունների ենք պատրաստվում։ Իշխանություններն ի վիճակի չեն անվտանգային խնդիր լուծել, բայց միևնույն ժամանակ փակել են ճանապարհը այդ խնդիրը լուծելու կարողություն ունեցող ուժերի առաջ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը