08 02 2025

Իրականում ո՞վ է Եռաբլուրի հողերը վաճառել․ «Ժողովուրդ»

Իրականում ո՞վ է Եռաբլուրի հողերը վաճառել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Արմեն Սարգսյանի նկատմամբ 19 դրվագ մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա Եռաբլուր պանթեոնին հարակից հողակտորները հերթով վաճառել է։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Արմեն Սարգսյանը, լինելով ՀՀ ՊՆ աշխատակից, Անդրանիկ Ենոքի Մանուկյանի հետ փոխկապակցված իրավաբանական անձ հանդիսացող «Արարատ Մոթորս» ՍՊԸ-ին շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք է օտարել: Խոսքը պետության սեփականություն հանդիսացող, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի, «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,40935 հա մակերեսով հողատարածքի մասին է, որի շուկայական գինը 168 մլն 200 հազար դրամ է, սակայն վաճառվել է ընդամենը 36 մլն 841 հազար դրամով:

2-րդ դրվագով Արմեն Սարգսյանը Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0,19923 հա մակերեսով հողատարածքն է վաճառել Սերյոժա Ալբերտի Մանուկյանին: Դրա շուկայական արժեքը 52 մլն 650 հազար դրամ է, սակայն վաճառքը կազմակերպվել է ընդամենը 23 մլն 907 հազար դրամով:

3-րդ դրվագով նույն Արմեն Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,2092 հա մակերեսով, 95 մլն 680 հազար դրամ շուկայական արժեքով հողատարածքը Գարեգին Աշոտի Գաբրիելյանին է օտարել ընդամենը 18 մլն 828 հազար դրամով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ