«Իրավունք» թերթը գրում է. «Երկուշաբթին բարի չէր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի համար: Երկուսն էլ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Ընդ որում` հատկանշական է այն, որ Համբարձում Մաթեւոսյանին նախ ՔՊ վարչության անդամների ընտրության վերահաշվարկի արդյունքում դուրս հանեցին իշխող կուսակցության ղեկավար կազմից, իսկ այժմ` փոխվարչապետի պաշտոնից:
Աղմկոտ հրաժարականներից հետո թեեւ շրջանառվում են փոխվարչապետի հնարավոր հավակնորդների երկու անուն, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եւ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի, սակայն «Իրավունքի» տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել Ռոմանոս Պետրոսյանի վրա:
ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, թե այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանն իրեն խիստ վստահելի մարդկանցով է փորձում շրջապատել, որոնց շարքում թիվ մեկ տեղն է գրավում Ռոմանոս Պետրոսյանը, ով բազմիցս ապացուցել է իր հավատարմությունը նրան:
Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը ծնունդով Փաշինյանի հայրենի մարզից է: Մեզ հասած շշուկների համաձայն` ՔՊ-ի ներսում եւս մի «հանգած հրաբուխ» կարող է բռնկվել: Ասում են, թեպետ առերեւույթ փորձ է արվում ներկայացնել, թե ամեն ինչ լավ է, բայց բավականին լարվել են ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները:
Ավելին` այդ լարվածությունը երկուստեք է եւ հասել է այն աստիճանի, որ ՔՊ-ի ներսում ձեւավորվել են պապիկյանականներ եւ նիկոլականներ թեւերը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանին հավատարիմ ՔՊականները մասնավոր զրույցներում պնդում են, որ ՔՊ-ի ներսում շուտով «սանիտարական» «հատումներ» են իրականացվելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը