18 08 2022

Քովիդ թեստ հանձնելու համար պետք է վճարել 8000 դրամ. «Ժողովուրդ»

Քովիդ թեստ հանձնելու համար պետք է վճարել 8000 դրամ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանում քովիդ թեստերը դարձյալ պահանջված են: Օգոստոսի 8-14-ի դրությամբ գրանցվել է 1713 նոր դեպք, կատարվել է 6829 թեստավորում: Ունենք 1704 առողջացած, գրանցվել է 6 մահվան դեպք: Տեղեկացնենք, որ, երբ մեր հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կայունացավ, դեպքերի քանակը նվազեց, լաբորատորիաները, ԲԿ-ները թեստերի գները նվազեցրին:

Հիմա դրանք դարձյալ բարձր են: «Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց մի քանի բժշկական կենտրոններ և հետաքրքրվեց, թե ինչ արժե քովիդ թեստն այժմ: Նշենք, որ ՊՇՌ թեստերը շարունակում են բարձր գնով առաջարկվել քաղաքացուն: Պարզվեց, որ դրանց գները սկսում են 6000 դրամից և հասնում 9000 դրամի: Օրինակ՝ բժշկական կենտրոններից մեկն առաջակում է քովիդ թեստ 9000 դրամով, մյուսը՝ 6000 դրամով:

Մեկ այլ բժշկական կենտրոնից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ քովիդ թեստ հանձնելու համար պետք վճարել 8000 դրամ, իսկ եթե Ռուսաստան մեկնելու համար է հարկավոր թեստի հանձնումը, ապա պետք է վճարել 9000 դրամ, այսինքն՝ 1000 դրամով ավելի: Ըստ այդ բժշկական կենտոնի՝ ՌԴ մեկնելու համար հատուկ ծրագիր է անհաժեշտ, ինչը ծախսատար է:

Ի դեպ, տեղեկացնենք, որ քովիդ թեստերի գներն առաջիկայում է՛լ ավելի են բարձրանալու, եթե, իհարկե, պատկան մարմինները, մասնավորապես՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չվերահսկի ԲԿ-ներին ու լաբորատորիաներին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ