23 07 2022

Աշխարհաքաղաքական տեղաշարժերի տարածաշրջանային ազդակները. «Փաստ»

Աշխարհաքաղաքական տեղաշարժերի տարածաշրջանային ազդակները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ներկայում աշխարհը թևակոխել է աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժերի ժամանակաշրջան, երբ գործող աշխարհակարգը ցնցումների ու վերափոխումների է ենթարկվում՝ ճանապարհ բացելով նոր աշխարհակարգի ձևավորման համար։ Եվ այսպիսի գործընթացները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ մեր տարածաշրջանի վրա։ Նախ՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների արդյունքում Եվրոպայում խորանում է էներգետիկ ճգնաժամը։ Եվ այդ ֆոնին ԵՄ երկրների համար մեծանում է Ադրբեջանի ու Թուրքիայի նշանակությունը։ Դրա համար էլ օրերս Ադրբեջանը և Եվրամիությունն էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ պայմանավորվելով կրկնապատկել ադրբեջանական գազի արտահանումը դեպի Եվրոպա։ Ճիշտ է՝ Ադրբեջանն ընդունակ չէ գազի մատակարարման հարցում փոխարինել Ռուսաստանին, բայց թուրք-ադրբեջանական տանդեմն ավելի հեռուն գնացող ծրագրեր ունի։

Մասնավորապես, տևական ժամանակ քննարկվում է Միջին Ասիայի երկրների՝ մասնավորապես թուրքմենական գազը Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով Եվրոպա առաքելու հարցը։ Իսկ այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանը անհանգստանալու առիթ ունի, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը ոչ միայն փորձելու է այլընտրանք ստեղծել ռուսական գազի մատակարարման հարցում, այլև այդ հողի վրա Միջին Ասիա ներթափանցելու փորձեր է կատարելու։ Ադրբեջանի հետ ԵՄ-ի համաձայնությունը առաջին հերթին նշանակում է, որ Բաքուն լրացուցիչ եկամուտներ է ունենալու գազի վաճառքից, որը կարող է ներդնել սպառազինությունների ձեռքբերման ուղղությամբ ու նոր ագրեսիա իրականացնել Արցախի նկատմամբ։ Իսկ մյուս կողմից էլ՝ պարզ է դառնում, որ ԵՄ-ն աչք է փակելու Ադրբեջանի հանցագործությունների վրա։ Դրա համար էլ օրերս Ալիևը բացահայտ մեղադրանքներ է հնչեցրել Եվրախորհրդարանի հասցեին՝ հասկանալով, որ հակազդեցության չի հանդիպելու։

Էներգետիկ ճգնաժամի ֆոնին եվրոպական երկրներին այլևս քիչ է հուզում այն հանգամանքը, որ իրենք գործարքի են գնում ժողովրդավարությունը, մարդու ազատություններն ու իրավունքները ոտնատակ տվող բռնապետական ռեժիմի հետ։ Եվ պատահական չէ, որ տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ քննադատում են ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային համաձայնությունները՝ ընդգծելով, որ կապույտ վառելիքի մատակարարման դիմաց Ադրբեջանը ԵՄ-ին ստիպում է իրեն դիտել որպես «հուսալի» գործընկեր և փակել աչքերը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վրա։ Ի մասնավորի, Ադրբեջանը ոչ միայն չի ցանկանում դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքներից, այլև բացահայտ հավակնություններ է ներկայացնում Սյունիքի մարզի նկատմամբ։ Իսկ Թուրքիան անընդհատ յուղ է լցնում «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վրա։

Բայց Եվրոպայից այս մասով Ադրբեջանի գործողությունները դատապարտելու ուղղությամբ ձայն անգամ չեն հանում։ Իսկ, օրինակ՝ Իրանը կոնկրետ բարձրացնում է այդ հարցը։ Ալի Խամենեին Էրդողանի առաջ կոնկրետ արտահայտել էր իրենց դիրքորոշումը, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», այսինքն՝ հայ-իրանական սահմանը փոխելն Իրանի համար անընդունելի է։ Մյուս կողմից էլ՝ նկատելի է, որ Սիրիայի հարցով սրվել են Թուրքիայի հարաբերությունները Իրանի ու Ռուսաստանի հետ, քանի որ Թուրքիան հերթական անգամ փորձում է ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ ներխուժել այդ երկիր և տարածել թուրքական ազդեցությունը։ Բնականաբար, Սիրիայի հարցերը լուծելուց հետո Թուրքիան փորձելու է կրկին կենտրոնանալ Հարավային Կովկասի ուղղությամբ։

Թեհրանում «Աստանայի ձևաչափով» կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի և Իրանի նախագահները Էրդողանին զգուշացրին, որ խուսափի Սիրիայում ռազմական գործողություններ սկսելուց, բայց Թուրքիայի ղեկավարի պահվածքը ցույց տվեց, որ այդ հարցում անդրդվելի է։ Իսկ ուժերի դասավորության այնպիսի պայմաններում, երբ Թուրքիան բացահայտ դեմ է գնում Թեհրանին ու Մոսկվային, Իրանի ու ՌԴ-ի հարաբերությունները ավելի են ջերմանում, աճում է առևտրաշրջանառությունը, երկու երկրներին հաջողվում է անգամ էներգետիկ ոլորտին վերաբերող խոշոր նախագծերի մասին համաձայնության գալ։ Բնականաբար, այսպիսի իրավիճակը նշանակում է, որ հայկական կողմը պետք է խելամիտ կերպով աշխատի իրանական և ռուսական կողմերի հետ՝ Թուրքիային զսպելու ուղղությամբ։

Բայց դրա համար կոնկրետ իրավապայմանագրային բազա է պետք ունենալ։ Օրինակ՝ կարելի է Սյունիքին և Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող հարցերում կոնկրետ երաշխիքներ ստանալ։ Նախընտրելի կլիներ նաև Երևան-Մոսկվա-Թեհրան համագործակցության առանձին ձևաչափի ստեղծումը, բայց ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը հաշվի առնելով՝ նման նախաձեռնությունների իրականացումը քիչ հավանական է թվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ