Այս չարաղետ նիկոլական իշխանության հետ կապված հիմնական մոլորություններից մեկն էլ այն է, թե նրանք, իբր, անիրազեկ են, բացարձակապես անտեղյակ, ամենակարևորը՝ անփորձ, ժողովրդական բառուբանով ասած՝ խամ են: Կհիշեք, իշխանության «թավշյա» զավթման առաջին ժամանակները նույնիսկ այդպիսի թութակաբանություն էր շրջանառվում, թե՝ «դե լա՜վ, հերիք է քննադատեք, մի՛ խանգարեք, թողեք, թող աշխատեն»:
Թե ինչ ավերների բերեց դրանց «աշխատանքը», տեսան շատերը: Իսկ ոմանք գուցե արդեն տեսնում են, թե դեռ ինչ՝ է՛լ ավելի սոսկալի հետևանքներ են ուրվագծվում՝ թուրք-ադրբեջանական ներխուժման ու Հայաստանի իսպառ վերացման, բնակչության չթուրքացած հատվածի զանգվածային կոտորածի տեսքով: Ամեն պարագայում, բավականին շատ են մարդիկ, որոնք կարծում են, թե նիկոլական իշխանության չարաղետությունը դրա ներկայացուցիչների չիմացությունից, անիրազեկությունից կամ, ինչպես ասվեց՝ խամությունից է:
Այն, որ նիկոլական իշխանավորների մի զգալի մասը, դեռ իրեն՝ վարչԱՂԵՏԻՆ չհաշված, հիմնականում իմաստակներ են, այսպես ասած՝ «ծակ պրոֆեսորներ» ու չեն տիրապետում ոլորտներին, որոնք լծվել են իբրև թե ղակավարելու, ինչ խոսք, ակնհայտ է: Բայց, միաժամանակ, կան բազմաթիվ դրսևորումներ, որոնք պայմանավորված են ոչ թե չիմացությամբ կամ տարրական անտեղյակությամբ, այլ նպատակ ունեն կանխամտածված մոլորություն սերմանել հանրության, առնվազն իրենց ականջ դնող զանգվածի մեջ: Չասենք՝ կռապաշտողների մասին, որովհետև դրանք լրիվ ռադիոկառավարվող են. եթե Նիկոլն ասի՝ մածունը սև է, դրանք թութակի պես մի երկու ամիս կկրկնեն. «հա՛, սև է, իսկ ինչի՞, սպիտակ մածուն էլ է լինո՞ւմ...»:
Մոլորություն սերմանելու կոչված քաղաքական հայտարարությունները մանիպուլյացիոն տեխնոլոգիաների զինանոցում են և կարող են տարատեսակ նպատակներ հետապնդել, սկսած՝ շփոթ առաջացնելուց, վերջացրած՝ ուշադրություն շեղելով:
Եվ ահա, 2020-ին, սեպտեմբերի 27-ից, այսինքն՝ պատերազմն սկսվելուց կարելի է ասել՝ օրեր առաջ նիկոլական իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, այն ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար լիլիթ Մակունցը հայտարարեց, թե՝ պատերազմ սկսվելու դեպքում Թուրքիան չի միջամտի:
Մակունցի պնդումն այնքան ակնհայտ անհեթեթություն էր, որ դա կարող էր միայն միտումնավոր կամ կանխամտածված ծագում ունենալ, այլ ոչ թե, ենթադրենք, տարածաշրջանից ու ընթացիկ իրողություններից բացարձակ անտեղյակության հետևանք: Ասվածն ակնհայտ անհեթեթություն էր, քանի որ նախ՝ Թուրքիան, 19921-92-ից սկսած մշտապես ամեն կերպ փորձել է միջամտել և այս կամ այն կերպ ներգրավված է եղել Ադրբեջանի կողմից Արցախի հայության և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայում, բ) Թուրքիան տասնամյակներ շարունակ (1993-ից սկսած) հենց Արցախի խնդրի հետ պայմանավորված տնտեսական շրջափակման քաղաքականություն է իրականացրել (սկզբունքորեն, դա պատերազմական բնույթի քայլ է), գ) Թուրքիան համակողմանիորեն ու ակտիվորեն ներգրավված է եղել ադրբեջանական զինուժի սպաների և հատուկ նշանակության ջոկատների պատրաստման, Ադրբեջանին զինելու գործում, դ) Թուրքիան, կոնկրետ անցյալ տարվա օգոստոս-սեպտեմբերին զինուժ և զինտեխնիկա է տեղաբաշխել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ադրբեջանական Նախիջևանի տարածքում, համատեղ զորավարժություններ էր անցկացնում հենց այդ օրերին, եթե ոմանք չեն մոռացել:
Այդքան ակնհայտությունների պայմաններում ինչո՞ւ էր Նիկոլի պաշտոնական ներկայացուցչուհի Մակունցը պնդում, թե՝ Թուրքիան պատերազմին, իբր, չի միջամտի:
Տարրական անտեղյակության պահն արդեն դիտարկեցինք: Անհեթեթության ծավալը հուշում է, դա կարող էր միայն միտումնավոր արվել:
Մյուս հնարավոր տարբերակն այն է, որ Մակունցն այդպիսով, իր մասով, այսպես ասած՝ հնազանդորեն կատարում էր իր սրտի վարչապետ Նիկոլի հանձնարարականը՝ հանրությանը հնարավորինս մոլորեցնելու, ապատեղեկատվական տեռորի ենթարկելու մասով: Չի կարելի բացառել նաև, որ նիկոլենք, իրենց խելքին՝ «դիվանագիտություն էին խաղում»՝ ինչ-ինչ մեսիջներ հղելով Թուրքիային, ինչպես, օրինակ, պատերազմի առաջին օրերին գրված այն խմբագրականում, որով Թուրքիան գրեթե հրավիրվում էր ուղիղ բանակցությունների:
Թե ինչ եղավ հիշյալ՝ «Թուրքիան չի մասնակցի (միջամտի)» հայտարարությունից հետո, հանրահայտ է: Ինչպես հայտնի է և այն, որ իր սրտի վարչապետ Նիկոլի հանձնարարականները կատարելու համար Մակունցը պարգևատրվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան դառնալու «քայլական» բոնուսով: Ի դեպ, ամենևին խնդալու չէ, բայց Թուրքիայի չմիջամտելու մասին խոսող նիկոլականները հետո կոկորդները պատառոտում էին, թե՝ «ո՜նց չպարտվեինք, ախր 3-4 պետության դեմ էինք կռվո՜ւմ, Թուրքիայի դեմ էինք կռվո՜ւմ...»: Հակասական, մեկը մյուսին բացառող սրանց հայտարարություններն, ի դեպ, տիպիկ նիկոլական պահվածք ու գործելակերպ են: Այդպես կարելի է ճղճղան թերթ տպել, բայց անհնար է պետություն կառավարել: Ասենք, գուցե կառավարելանման մի բան կստացվի, պարզապես պետություն այլևս չի լինի, ավելի ճիշտ՝ այլևս չկա:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը