ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքով ինքնամեկուսացվել է Սևանում: Պատրաստվում են թեստ հանձնել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսով է վարակվել։ Իսկ Աննա Հակոբյանը Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ ողջագուրվել էր։ Տարօրինակ է՝ Նիկոլ Փաշինյանն Իտալիայից վերադարձած էջմիածինցի կնոջը մեղադրում է անպատասխանատվության մեջ, բայց սեփական կինը կորոնավիրուս արտահանող երկրից գալիս է ու մեկ շաբաթ շարունակ մասնակցում «Այո» քարոզարշավի միտինգների։
Հիմա նրանք ինքնամեկուսացվել են, բայց նաև սեփական անպատասխանատվությունը բարդում են հնարավոր և անհնար բոլորի վրա, բացի իրենցից:
Նիկոլ Փաշինյանի անպատասխանատու էության մասին շատ է խոսվել։ Ու այս վճռական պահին նա ապացուցեց այս ամենը հերթական անգամ։
2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը մարդկանց հրահրեց, հանեց պետության՝ ոստիկանների դեմ, իսկ ամենաճակատագրական պահին փակվեց տանն ու հայտարարեց, թե՝ ինձ չեն թողնում դուրս գալ, փողոց դուրս եկած ժողովուրդը մնաց բառիս բուն իմաստով անտեր։ Ամբոխը գնաց Նիկոլ Փաշինյանի կոչերի հետևից։ Նա էլ սրեց ու տարավ բախման, եղան զոհեր։ Իսկ վերջում ի՞նչ արեց։ Փախավ։
Նա խուսափեց նաև այդ ամենի պատասխանատվությունից։
Ամբողջ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսը, Նիկոլ Փաշինյանը հանրահավաք էր անում, երկիրը հասցրեց համաճարակի շեմին ու դարձյալ փախավ։ Նա ծլկեց։ Վաղն էլ կասի՝ ի՞նչ անեմ, ինձ չէին թողնում դուրս գալ, մեկուսացման մեջ էի։
Սա Փաշինյանի՝ որպես վարչապետ առաջին լուրջ փորձություններից էր, բայց նա թռավ անմիջապես։ Կորոնավիրուսից բխող ու չբխող բազմաթիվ իրադարձություններ դեռ կարող են լինել՝ տնտեսական ճգնաժամ, պատերազմ, նոր փորձություններ։ Նա՞ է մեզ առաջնորդելու։ Ինչպե՞ս։ Այդ ժամանակ չի՞ փախչի։ Ընդ որում, երբ արդեն մեկ պատերազմի ժամանակ բանակից արդեն խուսափել է․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը