28 03 2024

Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց

Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց

 

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում ուշագրավ հոդված է հայտնվել՝ առանց հեղինակի (անհեղինակ հոդվածներ սովորաբար գրում է Նիկոլ Փաշինյանը՝ «Հայկական ժամանակ» թերթում և կայքում։ Պաշտոնական մակարդակներում մեր օրերում անանուն հոդվածագիրներին ընդունված է անվանել Նիկոլ Փաշինյան։ Եվ ուրեմն, այդ հոդվածը դիտարկենք որպես Նիկոլ Փաշինյանի հոդված)։

Այդ հոդվածով Փաշինյանը սկսել է Մեծ Բրիտանիայի և համաշխարհային պատմության մեջ որպես պարտվողական համարվող Չեմբեռլենին «արդարացման» գործընթաց։

Նախ կարճ այն մասին, թե ով էր Նևիլ Չեմբեռլենը։ 3 տարի՝ 1937-40 թվականներին, եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ և պահպանողական կուսակցության ղեկավար։ Վարչապետ դառնալուց մեկ տարի անց՝ 1938-ի սեպտեմբերին, իբր խաղաղության հասնելու համար ստորագրեց «Մյունխենյան համաձայնագիրը»՝ Հիտլերի, Մուսոլինիի և Դալադիեի հետ։ Արդյունքում Հիտլերը բռնակցեց Բրիտանիայի դաշնակից Չեխոսլովակիայի մարզերից։

Բանակցությունների ավարտին Մյունխենյան փաստաթուղթը թափահարելով՝ Չեմբեռլենն այն համարեց խաղաղության դարաշրջանի բացում։ «Պատերազմի և անպատվության միջև դուք ընտրեցիք անպատվությունը և կստանաք պատերազմ»,- ի պատասխան հայտարարեց Ուինսթոն Չերչիլը։ Եվ իրոք, ոչ թե խաղաղ ժամանակները սկսվեցին, այլ՝ երկրորդ համաշխարհային պատերազմը։

1940 թվականին, Մեծ Բրիտանիայի ռազմական անհաջողություններ կրեց, և Չեմբեռլենը հեռացավ կառավարությունից, նրան փոխարինեց Ուինսթոն Չերչիլը։

Եվ ահա Հայաստանի ԱԺ հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում հոդված է հայտնվել, որտեղ հեռակա զուգահեռ է տարվում Փաշինյանի հետ՝ դավաճանությունը դիտարկելով հայրենասիրության տեսանկյունից (որքան էլ տարօրինակ է)։

Հոդվածը վերնագրված է այսպես․ ՉԵՄԲԵՌԼԵՆ՝ ՈՐՊԵՍ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ, ԹԵ՞ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ։ Ու սկսում է համեմատությունները։

«Նևիլ Չեմբեռլենը համաշխարհային պատմության մեջ մնացել է որպես մեծ «ԼՈՒԶԵՐ», հանձնող, զիջող, կամազուրկ մարդ։ Ինչ արած, պատմությունն այդպիսին է և միշտ չէ, որ ամեն ինչ արդար է»,- այսպես է սկսում խոսքը անանուն հոդվածագիրը (Ն․Փ․-ն)։

«1938թ. Մյունխենի համաձայնագրից առաջ Չեմբեռլենը իր կաբինետի և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հերթական խորհրդակցության ժամանակ հստակ հարց տվեց. որքա՞ն կդիմանա Բրիտանական զինուժը Վերմախտին։ Պատասխանատուների պատասխանը կարճ էր ու հստակ՝ Բրիտանիան դեռ պատրաստ չէ Գերմանիայի հետ պատերազմի։ Այս հարցն իրականում քննարկվում էր արդեն մեկ տարուց ավելի և բրիտանական կառույցների պատասխանը տխուր էր վարչապետի համար։ Այսինքն՝ 1938թ. դրությամբ Գերմանիան դեռ շարունակում էր ունենալ առավելություն՝ ռազմարդունաբերության և ընդհանուր ծանր արդյունաբերության հարցերում»։

Նիկոլ Փաշինյանը միտքը տանում է այնտեղ, որ ինքը գնում է հանձնումների, զիջումների ճանապարհով, որովհետև Հայաստանը պատրաստ չէ պատերազմի Ադրբեջանի հետ։ Դրանով Նիկոլ Փաշինյանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ժամանակ է շահում, մինչև բանակը զինի։ Միայն թե՝ խիստ կասկածելի է՝ բանակը զինվում է, թե ոչ։

Շարունակենք ընթերցումը․ «Շատ քչերը գիտեն, որ հենց Չեմբեռլենի հրամանով էին սկսվել ձևավորվել ազգային դիմադրողական շարժման (National Resistance) ջոկատների ձևավորումը և մարզումները։ Դրանք նախատեսված էին Բրիտանիայի տարածքում՝ գերմանական բանակի ներխուժմանը դիմադրելու համար»։

Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը սկսել է ջոկատների կազմում և մարզումներ՝ հաջորդ պատերազմում հաղթելու համար։ Գուցե երկրորդ շունչ կհաղորդվի «Էրատո» ջոկատին կամ ՔՊ դասակին, որը 2016թ․ քառօրյա պատերազմին մասնակցելու գնաց պատերազմն ավարտվելուց 45 օր անց։

Շարունակենք ընթերցումը․ «1936 թ. Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը կնքել էին նոր` «Սպիտֆայեր» կործանիչի մասսայական արտադրության պայմանագիր։ Այն հետո կդառնա Երկրորդ համաշխարհային պատերազմի լավագույն կործանիչներից մեկը։ Բայց այն դեռ պետք էր հասցնել արտադրել։ Ավելի քան 300 միավոր կործանիչների ձեռքբերման պայմանագիրը դեռ նոր էր կնքված, և Սուպերմարին ընկերությունը չէր հասցրել գործարանները նորմալ կառուցել ու արտադրությունը սկսել»։ Ճիշտ նույն տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանը Սու-30 ՍՄ-ները ձեռք էր բերել Ադրբեջանը կործանելու համար, բայց չհասցրեց կործանել, քանի որ հրթիռներ ձեռք չէր բերել, և այդ թռչող զենքերը դարձան միայն համաշխարհային պատմության մեջ որպես ամենաթանկարժեք սելֆիի մատերիալ։

Իսկ այն, որ «Բրիտանիայի համար ճակատամարտում»՝ Չերչիլի օրոք, Գերմանիան ծանր պարտություն կրեց, դա Նիկոլ Փաշինյանը համարում է Չեմբեռլենի շնորհքը։

Գուցե Փաշինյանը գիտի, որ հենց ինքը հեռանա, հաջորդը էս հանձնումների շղթան կանգնեցնելու է, հաղթելու է, միայն թե կասի՝ դա իր շնորհքն է։

Պայմանական Նիկոլ Փաշինյանը իր հոդվածն ավարտում է այսպես․ «Չեմբեռլենը իր կյանքի ու հեղինակության գնով փրկեց իր պետությունը, սակայն նրա ջանքերն իզուր չանցան քանզի Բրիտանիան ուներ նաև Լորդ Հյու Դաունինգի, գեներալներ Հարոլդ Ալեքսանդերի, Բերնարդ Մոնթհոմերիի և այլոց նման նվիրյալ զավակներ»։

Թերևս հոդվածի ամենաանհասկանալի կետը այս պարբերությունն․ ովքե՞ր են իր թիմում այդ արժանի զավակները։ Երևի նկատի ունի Վահագն Ալեքսանյանին, Անդրանիկ Քոչարյանին, Գագիկ Մելքոնյանին՝ որպես ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ