Yerevan.Today-ի նկարահանող անձնակազմը աշխատում է Կապանից, որտեղ այսօր՝ նոյեմբերի 14-ին ՏԻՄ ընտրություններ են։
Կապանում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունները։
«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է 29-ամյա Դավիթ Դանիելյանը, որը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ Նա ծնունդով Կապանից է, մասնագիտությամբ՝ նկարիչ, ՔՊ անդամ է, բայց աշխատանքային գործունեությունն այդքան էլ հարուստ չէ. 2017-2018թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործություն մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Կապանի պատասխանատուի պաշտոնում, 2019-2020թթ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնականի եւ 2021թ. հունվար-հունիս՝ ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնականի պաշտոններում։
ՔՊ-ն Կապանում առաջադրել է ավագանու 61 թեկնածու, որոնցից 21-ը կին է։ Ցանկում են մարզպետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ, բանկային եւ այլ ոլորտի մասնագետներ։
«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում է 36-ամյա գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը, որն անկուսակցական է։ Նա ծնունդով Կապանից է։ 2018թ-ի հոկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը վայելում էր ժողովրդի մեծ մասի վստահությունը, Փարսյանը հաղթել էր Կապանի համայնքի ղեկավարի ընտրություններում։
«Շանթ դաշինք»-ն առաջադրել է ավագանու 70 թեկնածու, որոնցից 23-ը կին է։ Ցուցակում են նաեւ Կապան համայնքի ղեկավարի երեք տեղակալները՝ Մեսրոպ Արզումանյանը, Գոռ Թադեւոսյանը եւ Մարատ Հարությունյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Կապան խոշորացված համայնքի մաս կազմող Արծվանիկ, Սեւքար, Վարդավանք, Սրաշեն, Օխտար, Տանձավեր, Կաղնուտ, Ներքին Հանդ, Եղեգ, Տավրուս համայնքների վարչական ղեկավարները, կրթական, բանկային եւ այլ ոլորտների մասնագետներ։
Առաջարկում ենք հետևել Yerevan.Today-ի ուղիղ հեռարձակմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը