01 06 2021

«Կարճ ասած»․ Վախկոտի ղժղժոցն ու հաղթողի վստահ խոսքը․ Նիկոլի ու Քոչարյանի ելույթների տարբերությունները



Մարդկանց ուշադրությունն այս ընթացքում նախընտրական քարոզարշավում հիմնական երկու ուժերի ներկայացուցիչների պահվածքին է։ Անկեղծորեն՝ ուղղակի ցավալի է, երբ կապիտուլյացիայի տարած, ամեն օր մեր երիկրից տարածքներ զիջող այս հավաքածուին համարում ենք ընտրությունների արդյունքում խորհրդարան անցնող ուժ, բայց դե սա՛ է իրականությունը։ Մեր հասարակության պրոբլեմներից մեկն էլ սա է։

Բայց հետաքրքիր համեմատություններ են ի հայտ գալիս, որոնք ամբողջությամբ ի ցույց են դնում, որ այս մարդը, այսինքն՝ կապիտուլյանտը, չի քաղել որևէ դաս մեր գլխին բերածից։

Խնդրում եմ նայեք ու համեմատեք Նիկոլի և Քոչարյանի ելույթները, դրանցում առկա մեսիջները, խոստումները։ Նիկոլը ճղճղում է, կոկորդ է պատռում, էլի ատելություն է փորձում քարոզել, էլի փորձում է իրար դեմ հանել, որովհետև միայն ատելության ներարկումն է, որ նրան հնարավորություն է տվել մնալ իր պաշտոնին։ Ռոբերտ Քոչարյանը խոսում է շատ հանգիստ, ինքնավստահ, յուրաքանչյուր բառը ծանր ու թեթև անելով, կլանվում ես ելույթի մեջ․ եթե անգամ Քոչարյանին չես ընդունում, մեկ է՝ կարողանում ես լսել ինչ է խոսում։ Ի միջի այլոց, այդպես հանգիստ խոսելով՝ նա համոզում է իր տեսակետը։ Իսկ ճղճղացողների մասին նա ասում է շատ դիպուկ՝ «Ով շատ է ղժում, դրանով կոմպենսացնում է աշխատելու իր անընդունակությունը»։ Միակ մարդը ես չեմ, որ հենց տեսնում եմ էկրանին Փաշինյանին, անջատում եմ ձայնը և սկսում հրճվել պատկերի վրա։

Նիկոլի ելույթներում ծրագիր չկա, կան անկապ մեղադրանքներ, ընդդեմ Հայաստանի խոսք է, Ռոբերտ Քոչարյանի ելույթներում կոնկրետ ծրագրեր են յուրաքանչյուր քաղաքացու վերաբերող՝ անհատապես։ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ազատվենք պարտվածի բարդույթից, գիտեմ՝ դա շատ ծանր է, բայց մենք պետք է դրանից ազատվենք, որ կարողանանք առաջ գնալ։ Եվ նշում է, որ դրա համար մեկ տարի է պետք առնվազն։ Նիկոլ Փաշինյանը, որն իր տեսքով, դեմքով ու կեցվածքով մարմնավորում է պարտությունը, պարտության սիմվոլ է դարձել, ասում է՝ այո, ես հպարտ եմ, որ պարտվել ենք։ Միգուցե դրանով նաև ասում է, որ ամեն ինչ արել է այդ պարտությանը հասնելու համար։ Ու այդ հպարտությունից դրդված է, որ կառավարությունը հրապարակում աննախադեպ համերգն է գովազդում, իսկ Նիկոլը ծնունդը գնում է Փարիզում նշելու։

Քոչարյանն ասում է՝ վենդետան անընդունելի է, արդարադատությունը՝ անհրաժեշտ։ Ասում է՝ ես ինձ նախորդած իշխանության արածներին իրավական գնահատականներ չտվեցի, որովհետև եթե ես գնայի անցյալ, փորփրեի, գուցե մի քանի հոգի նստեին, բայց ամբողջ ժամանակը կգնար դրա վրա, իսկ ես ժողովրդին խոստում էի տվել, որ պետք է իրենց վիճակը բարելավեմ, ոչ թե մի երկուսին դատեմ։ Նիկոլը մինչև հիմա խոսում է  ինչ-որ թալաններից, կոպեկ կոպեկ բյուջե բերելուց, ընդ որում՝ ում նկատմամբ քրեական գործեր է հարուցում, անգամ՝ պատվերով, հետո այդ գործը փակվում է՝ ապացույց չլինելու, հակասահմանադրական լինելու և այլատճառներով։ Ժողովուրդ, սա ամենակարևորներից մեկն է։ Եթե մենք ռեսուրս ենք ծախսում ոչ թե մեր ապագան ստեղծելու, երկիրը զարգացնելու, ժողովրդի վիճակը բարեփոխելու վրա, այլ, ասենք՝ վրեժ լուծելու, անկապ դատական գործերով մարդկանց ծանրաբեռնելու վրա, հետո տեսնում ենք, որ ոչ մի խոստում չենք կատարել և ավելին՝ բարդացրել ենք մեր կյանքը։

Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ պետք է գյուղացին, որն ապրում է այս հողի վրա, ունենա տարածք՝ հող մշակելու համար, անասունների արոտի համար ու պետք է կրակահերթի տակ չմշակի այդ հողը։ Նիկոլն ասում է՝ էդ ամայի տարածքները մեր բանակը չի պահում, մեր ինչի՞ն է պետք։ Ասում է՝ եթե սարերի վրա ձյուն է, մեր ինչի՞ն են պետք։ Կամ՝ կարող ա՞ Սև լճի համար կռիվ տանք։ Քոչարյանն ասում է՝ մենք պետք է անհապաղ ձեռնամուխ լինենք զոհվածների, անհետ կորածների տվյալների հստակեցմամնը, իսկ Նիկոլենք, պարզվում է, զինվորենրի մասունքները պատերազմի ավարտից դեռ 7 ամիս անց պահում են դատաբժշկական կենտրոնի նկուղում, մեշոքների մեջ։

Ռոբերտ Քոչարյանն ասում է անհապաղ պետք է կարողանանք ձեռնամուխ լինել գերիների վերադարձին, Նիկոլը 8 ամիս ժամանակ է մեռցնում, հետո ասում է՝ ի՞նչ անեմ, Ադրբեջանը պահում է գերիներին, որ ինձ ցավացնի։ Քոչարյանն ասում է՝ զինված ուժերը կվերակառուցենք, Ազգ-բանակ նոր հայեցակարգեր կներդնենք, Նիկոլն ասում է՝ բանակը կկրճատենք, ծառայությունը կդարձնենք երեք ամիս, հետո էլ ասում է, թե բա մեր սահմանը երկարել է այդքան զինվոր որտեղի՞ց գտնենք, որ ամբողջ սահմանի երկայնքով կանգնեն։

Քոչարյանն ասում է՝ բանակը կզինենք, 3 մլրդ դոլարի կորուստ ենք ունեցել, փորձենք արագ վերականգնել՝ խաղաղություն պարտադրելու համար։ Նիկոլը էլի ու էլի խոսում է բանակին միրգ տալու, տրուսիկ-մայկա տալու մասին։

Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ Բացառելու ենք դատական համակարգի վրա քաղաքական իշխանության ճնշումները, Նիկոլն ասում է՝ կա՞ էդպիսի դատավոր, որ իմ ասածը չանի։ Քոչարյանն ասում է՝ երաշխավորելու ենք քննչական մարմինների և դատախազության՝ գործադիր իշխանություններից անկախ գործունեությունը: Նիկոլ Փաշինյանի խորհրդականը գնում է քննիչների ու դատավորների մոտ այցի, որ ասի, թե ում վրա ինչպիսի հոդված դնեն, ԲԴԽ անդամ են ընտրում ամենավարկաբեկված անձանցից մեկին՝ դատավորների վրա ճնշում գործադրելու համար։

Քոչարյանն ասում է՝ հաղթահարելու ենք ներազգային պառակտվածությունը, Նիկոլը դարձյալ սև ու սպիտակ է անում, նախկիններ ու ներկաներ, տեսեք, ասում է՝ երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հիվանդ պառկած էր, Քոչարյանը զանգել ա առողջությունը հարցնելու։

Քոչարյանն ասում է՝ իմ օրոք աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը անգամներով նվազել են, Նիկոլն ասում է՝ աղքատությունը մարդկանց գլխում է։ Քոչարյանն ասում է՝ անմիջապես կիրականացվեն հակաճգնաժամային նախաձեռնություններ՝ սոցիալ-տնտեսական իրավիճակը կայունացնելու, գնաճը զսպելու, գործազրկության և աղքատության աճը փոքրացնելու համար, Նիկոլն ասում է՝ մենք հաղթահարել ենք ճգնաժամը։ Բայց բոլոր ցուցանիշները, միևնույն է, մինուս են, և քաղաքացին միայն բացասականն է զգում իր մաշկի վրա։ Քոչարյանն ասում է՝ ուսուցիչների պակասը լրացնելու ենք, բացառում եք գյուղական վայրերում դպրոցների փակումը, իսկ Նիկոլը բազմիցս փակել է։

Քոչարյանն ասում է՝ անվտանգ Հայաստան ենք կերտելու, Նիկոլն ասում է՝ տնից դուրս գալն էլ անվտանգ չէ, ի՞նչ իմանանք ինչ կլինի մեզ հետ, ես ո՞նց պետության անվտանգությունը երաշխավորեմ։ Սա՝ «գերագույն գլխավորը», անգամ հույս չի տալիս, որ դուք անվտանգ կլինեք ձեր տանը, ձեր քաղաքում, էլ ի՞նչ եք սպասում նրանից։ Եթե պետության ղեկավարն ասում է՝ ես ի՞նչ իմանամ ինչ կկատարվի մեզ հետ, ուրեմն մեր վիճակը ողբերգական է։

Քոչարյանն ասում է՝ պետք է արժանապատիվ խաղաղություն հաստատենք, Նիկոլն ասում է՝ պետք է թուրքերի հետ ախպերություն անենք։

Մարդիկ եմ տեսնում Ռոբերտ Քոչարյանի հանդիպումներում, որ հակառակորդ են եղել տարբեր ժամանակներում, տարբեր ճամբարներում են եղել։ Հիմա նրանք գալիս են, մեկտեղվում են․ դրանք այն մարդիկ են, որոնց համար կարևորը երկիրն է, մեր ճակատագիրն է ու գիտակցում են, որ ճանապարհը մեկն է։

Կարճ ասած՝ սա նախկին ու ներկայի խնդիր չէ, լավ ու վատ ապրելու խնդիր չէ, ընդհանրապես ապրելու, գոյությունը պահպանելու խնդիր է։ Մեր պատմնության և ոչ մի շրջանում, ոչ մի փուլում այսքան ճիշտ, դիպուկ ու պարզ չի եղել ընտրությունը՝ էն կողմ, թե էս կողմ։ Ընդ որում, մենք հստակ գիտենք, թե որ ճանապարհով գնալու դեպքում ուր ենք հասնելու։ Սա կանխատեսելի է շատ։

Մնաց 19 օր։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ