Մենք մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսները ընտրություններում ձայներ ապահովելու համար: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Ասում են 2 անգամ հրաժարական է տվել, այո, բայց մնացել է վարչապետի պաշտոնակատար նույն լծակներով, ի՞նչ տարբերություն հրաժարական է տվել, թե չի տվել։ Այդ մարդն իր թիմում մի վստահելի մարդ չունի՞, որ մի քանի օրով ասի առ կնիքը, գնա կառավարի։ Ընտրություններ, այո, պետք է լինեն, բայց ընտրության ամենակարևոր և առաջին պայմանը՝ Փաշինյանը չպետք է լինի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց նա։
Անդրադառնալով «Տավուշը հանուն Հայաստանի» շարժմանը Խաչատրյանն ասաց, որ շարժման մեջ շատ ակտիվ մասնակցություն ունի Դաշնակցությունը։
«Մենք միշտ հայտարարել ենք՝ աջակցում ենք շարժմանը, հիմա էլ կոչ ենք անում Հայաստանի ճակատագրով հետարքրքված բոլոր քաղաքական ուժերին միանալ շարժմանը, որովհետև սա իշխանության համար շարժում չէ, սա Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անկախության և հայ ժողովրդի արժանապատվության համար շարժում է»,- ասաց նա։
Խաչատրյանի խոսքով՝ այս շարժումը ժողովրդի ձայնն է, որով իշխանություններին ասում են՝ «Չե՛ք կարողանում ապահովել մեր անվտանգությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը