25 05 2021

«Կարճ ասած»․ Ի՞նչ է խոստանում Ռոբերտ Քոչարյանը



Վերջին օրերին ամենօրյա կտրվածքով մենք ծանոթանում ենք Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյաի ակտիվ շփումներին, հանդիպումներին, և կարծես մեր մեջ արմատավորվում է տեսակետը, որ այլևս ապրելու ենք առանց կապիտուլյանտի Հայաստանում, կրկին ունենալու ենք ուժեղ պետություն։ Էս խեղճ վիճակը ոչ մեկիս դուր չի գալիս։ Ինձ համար երկրորդ նախագահի հանդիպումներից քաղվող ամենաօգտակար բանը իրավիճակի ճիշտ ախտորոշումից զատ, լուծումներն են, որոնք նա տալիս է։ Այդ լուծման խոստումները վերաբերում են մեր կյանքի բոլոր բնագավառներին։

Շատ եմ հանդիպում մտքին, թե՝ Ռոբերտ Քոչարյանը գալիս է առաջին հերթին Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու համար։ Քոչարյանը մեկ անգամ արդեն ասել է, որ վրեժը փոքր, թույլ մարդուն ուղեկցող զգացում է։ Նախագայհը հստակ ասաց՝ «Վենդետան հաշվեհարդար է մարդկանց նկատմամբ, որոնք կոնկրետ քեզ կամ քո թիմին վատություն են արել։ Վենդետան և արդարադատությունը բոլորովին տարբեր բաներ են։ Այո, վենդետա չպետք է լինի։ Մենք չպետք է գնանք անցյալ և մնանք այնտեղ, ինչպես այս իշխանությունը։ Բայց չի նշանակում, որ արդարադատություն չի լինելու»։ Արդարադատություն պետք է լինի, չի կարող 5 հազար զոհ ունենաս, երկրի հերն այս կարգի անիծեն ու երբ դրա համար պատասխանատվության են կանչում, ասես վենդետա է։ Պետք չէ ներել ոչ մեկի հանցագործությունները։ Այո, Փաշինյանը ժամանակին արեց վենդետա, չնայած 10 անգամ հայտարարել էր, թե դա չի լինելու։

Ռոբերտ Քոչարյանը մի շարք խոստումներ է տալիս տարբեր ոլորտներում․ այսօր քայքայված է պետության կյանքն ընդհանրապես ու իրականանալի խոստումների կարիք իրոք կա։ Ռոբերտ Քոչարյանը գյուղացիներին խոստանում է՝ չեն ունենա սերմացուի խնդիր, պարարտանյութի խնդիր, ոռոգման ջրի խնդիր և ամենակարևորը՝ իրացման խնդիր։ Դրանք այն խնդիրներն են, որոնք այսօր կան գյուղում։ Փաշինյանի կառավարությունը սերմացու չի տալիս, մարդիկ մնացել են միայնակ բնության հետ աշխատելիս ու հաճախ՝ բնության դեմ պայքարում․ ոռոգման ջուր չկա, Արմավիրի մարզում փողոցներ են փակում ջրի բացակայության պատճառով, այնինչ խոստանում էր, որ հոսանքի պես հասանելի կլինի ջուրը։ Մի կերպ ջրում են, պարարտամնյութ չի տալիս, ասում է՝ որ բաժշանենք, կխաբեն, կոռուպցիա կլինի․ դա էլ են հաղթահարում՝ թանկ պարարտանյութ գնելով։ Գալիս հասնում է բերքի իրացման ժամանակը, չի իրացվում, արտահանելը դժվար է լինում, դրսից բերում-լցնում են, ու մերը չի իրացվում։ Հիմա այդ բոլորը նախագահն ասում է՝ կկարգավորի։ Ու նա մեկ անգամ արդեն կարգավորել է՝ ժամացույցի պես աշխատում էր խաղողի մթերումը, բանջարեղենի մթերումը։

Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ գիտելիքահեն տնտեսություն ենք ստեղծում, դրանից հետո մենք տեսանք անմարդկային հարձակումներ կրթության վրա, բուհերի վրա։ Այսօր մարդիկ գումար չունեն ուսման վարձը տալու համար ու պետությունը, որ ասում էր՝ անհնար է վարձի պատճառով ուսանողը դուրս մնա համալսարանից, չգիտենք ինչով է զվբաղված։ Այս իշխանությունը առավոտից իրիկուն աշխատել է այն ուղղությամբ, որ բուհերի ղեկավարությունը, հոգաբարձուների խորհուրդները փոխարինվեն իրենց մարդկանցով, չնայած մինչև իշխանության գալը դեմ էին խոսում։ Նախագահը խոսում է դպրոցների անկախության համակարգը մեծացնելու մասին, խոստանում է չքաղաքականացնել կրթական համակարգը, բարեփոխել։ Այո, դժվար է թվում Արայիկ Հարությունյանի հետքերը մաքրելը, բայց անելու են։

Ինչո՞ւ առաջ եկավ պատերազմը, պատերազմից հետո՝ անվերջ շարունակվող սահմանային խնդիրները, ինչո՞ւ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը համարվող հայոց բանակը հայտնվեց այս վիճակին․ որովհեև սրանց գալու օրվանից սկսեց բանակի կործանումը, որովհետև որևէ մասնագետ չնշանակվեց այդ պաշտոններում, որովհետև պաշտոնի  նշանակելուց ոչ թե նայում էին լավ մասնագետ է, թե վատ, այլ՝ ինչպես է վերաբերում Նիկոլ Փաշինյանին․ մենք ունեցանք բանակի թույլ ղեկավարություն։ Երկրորդ նախագահն այսպես է բացատրում բանակի քայքայումը ու դժվար է չհամաձայնելը։
Բանակի քայքայումը պետության քայքայումն է, կրճատվեցին զորամասերը, կրճատվեցին զենքերի ձեռք բերումը, ռեսուրս կրճատվեց ու սա՛ պետք է լիներ արդյունքը։ Ու հիմա բանակը քանդած այս իշխանությնուը տարածում է տեղեկություններ, թե եթե Քոչարյանը գա, կլինի պատերազմ։ Ժողովուրդ, Քոչարյանը հաղթել է պատերազմում, բայց Քոչարյանի կառավարման տարիները եղել են ամենախաղաղ տարիները սահմանին, ամենաքիչ զոհերն ենք ունենցել, հրադադարի ամենաքիչ խախտումներն ենք ունեցել։

Քոչարյանի գալուց պատերազմ կանխատեսողներին հարցնում եմ՝ իսկ ո՞վ ասաց, թե հիմա խաղաղ է, էսօր Շորժայի մոտ, այսինքն՝ Սևանի ափին, հայ և ադրբեջանցի զինվորների միջև բախում է եղել, կրակահերթ է եղել, զոհ ունենք։ Հայաստանի սահմանից ներս ադրբեջանցի զինվորը սպանում է հայ զինվորի։ Ձեզ դո՞ւր է գալիս, որ ամեն օր դրանք առաջ են գալիս։ Իսկ մեր երկրի ղեկավարությունը, տեսնելով, որ էդ տարածքներից թշնամուն չի կարող հանել, հայտարարում է, թե դրանք ադրբեջանինն են, մեր բանակը Հայաստանի տարածքները չի պաշտպանում, այլ ժողովրդին է պաշտպանում ու այլ աբսուրդ բաներ։ Տավուշի մարզի գյուղերը սրանք չեն կարողանում պաշտպանել, Նիկոլի քավորի եղբայրը, որ դեպուտատ է, հայտարարում է, թե մերը չեն եղել էդ գյուղերը։ Էս ա՞ ձեր օպատկերացրած խաղաղոսւթյունը։ Երկրորդ նախագահը դա բնորոշում է որպես անարժանապատիվ խաղաղություն, չորեքթաթ ապրել։ Դա չլինելու համար պետք է նորմալ իշխանություն, որը բանակը ոտքի կկանգնեցնի, դրան զուգընթաց՝ նորմալ արտաքին քաղաքականություն կվարի, լավ դաշնակիցներ կունենա, տնտեսություն կզարգացնի։ Էդ բոլորը փոխկապակցված են։

Խոստանում է սա շտկել, ասում է, որ սա հենց կառավարման ճգնաժամն է, որը վերացնել է պետք։ Խոստանում է, որ իր օրոք ունենալու ենք ժամացույցի պես աշխատող կառավարություն։

Այս իշխանությունը ամենից լավ արել է միայն փիարը․ կարևոր չէ՝ ինչ էր անում, փիարում էր, Նիկոլը որպես ձեռքբերում էր ներկայացնում այն, որ նոր տարվա գիշերը ուղիղ եթեր է մտել, որ միտինգ է արել Արցախում։ Էս մարդու հնարավորություններին գագաթնակետը ուղիղ եթերում վարժ խոսելն էր անկապ բաների շուրջ ու մենք մանրից սովորում էինք մեծ պահանջներ չունենալ։ Ու սա փիարվում էր։ Երկրորդ նախագահին հարցնում ենք՝ ինչո՞ւ ձեր արածները չեք գովազդել, երկնիշ տնտեսական աճը, ներգաղթը, սահմանային խաղաղ վիճակը, աշխատավարձը ժամանակին տալը։ Պատասխանում է՝ օրվա 24 ժամից 17-18 ժամն աշխատում ես․ եթե որոշես փիար անել, պետք է էդ ժամերի հաշվին անես, ուրեմն աշխատելու փոխարեն փիար ես անելու։ Բա ժողովուրդ, Նիկոլը որ ժամը 9-ին գործի է գալիս, 6։30 տուն է գնում, գործի ժամանակ ուղիղ եթեր է մտնում, սկսում է զանգել սրան-նրան, ստատուսներ գրել, քոմենթները կարդալ, դա անում է իր 9 ժամյա աշխատանքային օրվա հաշվին։ Հենց դրա համար էլ լրիվ հասկանալի է, թե մենք ինչու ենք այս վիճակում։

Կրկնում եմ՝ Փաշինյանը որևէ խոստում չի կատարել, որովհետև այս թիմը չուներ էդ շնորհքը, միայն խաբել են, կեղծել են, հիմարացրել են։ Բայց դա չի խանգարում, որ ելնեն բեմ ու էլի սկսեն սուտ խոստումները, ճղճղալը, սևացնելը աջ ու ձախ։ Էս անգամ չի աշխատի։

Ժողովուրդ կան կոնկրետ թվեր․ մի կողմում Նիկոլի «կառուցած» Հայաստանն է՝ բոլոր թվերով, կապիտուլյացիայով, դավաճանությամբ, մյուս կողմում Քոչարյանի կառուցած Հայաստանն է։ Դու էլ ոնցոր թե անկաշառ դատավորն ես։

Կարճ ասած` մեր գլխով շատ քաղաքական թիմեր են անցել, շատ ընտրություններ են անցել, բազմաթիվ խոստումներ են տրվել։ Երբ լսում ենք տարբեր մարդկանց, ուժերի բազմաթիվ խոստումները, անմիջապես հարցնում ենք՝ լավ ես ասում, ճիշտ ես ասում, բայց ո՞նց ես անելու։ Ռոբերտ Քոչարյանի պարագայում այդ հարցը լրիվ ավելորդ է․ նա ընդամենը շարունակելու է անել այնպես, ինչպես արել է։ Վերցրեք Ռոբերտ Քոչարյանի 1998, 2003 թվականների նախընտրական ծրագիրը, գտեք մեկ կետ, որը արված չէ, ընդամենը մեկ կետ։ Բացեք Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումների ժողովածուն․ դա զուգարանի ճմրթած թուղթ է։

Մնաց 26 օր։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ