09 04 2021

«Կարճ ասած»․ Բաքվում գտնվող գերիների, դաշտերում փտող դիերի ու կյանքը վայելող Նիկոլի մասին



 

Երևանում ինձ շատ լավ ծանոթ ընտանիքներից մեկում շաբաթը առնվազն 4 անգամ շտապօգնության բրիգադ է գալիս։ Անհետ կորածի ընտանիք է․ նրանք հույս ունեին, որ իրենց որդին անտառներում թաքնված է, ինչ-որ կերպ կազատվի-կգա, իսկ հետո, երբ անտառներում թաքնված էն 6 հոգու հետևից պետությունը չգնաց ու նրանք զոհվեցին, այս ընտանիքը հույսը կտրեց, որ իրենց զավակին կբերեն ու սկսեցին հույս փայփայել, որ գոնե գերի է իրենց զավակը։ Քանի ծնող շաքար ու այլ հիվանդություն ստացավ էս ընթացքում, քանի ծնող գերեզման իջավ էս ընթացքում։ Մարդիկ ընտանիք պահելու խնդիր ունեն, հացի խնդիր ունեն, ամեն ինչ թողել են մի կողմ, սոված-ծարավ միտինգի են գնում, որ իրենց զավակից լուր իմանան։ Սուգն առած՝ ճանապարհ են փակում։ Իշխանությունը քանի՞ ծնողի սթրեսի ենթարկեց երեկ ու այսօր։

Իշխանական պատգամավորն ու վարչապետ կոչեցյալի խոսնակը լուրեր են տարածում, թե էսօր գերիներ ենք բերելու․ գերիների հարազատները գնում են օդանավակայան, բայց ինքնաթիռը դատարկ է գալիս։ Պարզվում է՝ խաբել էին։ Խաղաղապահների բրիգադի ղեկավար գեներալ Մուրադովն ասում է՝ ձեր իշխանությունը մոլորեցնում է ժողովրդին, պլանավորված չէր գերի բերելը։ ԱԺ փոխխոսնակն ասում է՝ ոչ թե պայմանավորվել էինք, այլ հույս ունեինք, որ գերիներին կբերեն։

Գերիների հարազատները գնում են Պաշտպանության նախարարության մոտ մի ամբողջ օր ակցիաներ անող անհետ կորածների հարազատներին միանալու։ Նրանք էլ են հոգնել ստերից, կապիտուլյացիայից 5 ամիս անց դեռ պահանջում են իրենց զավակներին․ պաշտպանության նախարարության շենքի դռները կողպել են ու ասում են՝ ելումուտ չեք անի, մինչև պատասխան չտաք մեր հարցերին։ Պաշտպանության նախարարը, գենշտաբի պետը պատասխանելու փոխարեն վերտալյոտով լքում են տարածքը։ Փախչում են։

Իրավիճակը հասկանալի է գոնե ինձ համար ու էն բոլորի համար, ովքեր սեփական ուղեղ ունեն ու ի սկզբանե հասկացել են, որ էս մարդը՝ Նիկոլը, գերի բերող չէ, նա չի կարող Ալիևի ձեռքից գերի պոկել, երբ Ալիևն իրեն ծաղրում է ու միայն իր կամքը պարտադրում։ Նիկոլի փոխվարչապետն ասում է, թե համաձայնագրի 8-րդ կետը չի կատարվում, գերիներին չեն տալիս։ 8-րդ կետից առաջ 7 կետ էլ կա, ինչի՞ եք կատարել։ Ինչի՞ են երեք անգամ հանդիպել փոխվարչապետները Հայաստանի ու Ադրբեջանի ու քննարկել Հայաստանով ճանապարհի թեման, եթե Ալիևը 10 անգամ հայտարարել է, որ գերի չունի տալու, ով կար, տվել է, մնացածը դիվերսանտ են։ Բա այդ դեպքում, ինչո՞ւ Նիկոլը Ադրբեջանին հանձնեց նրանց մարդասպան դիվերսանտներին։  

Ժողովուրդ, հարցը կոնկրետ է՝ ինչու գերիներին չեն բերում․ որովհետև Նիկոլը չի կարողանում, էդքան ուժ չունի ու դրա փոխարեն մեղադրում է ուրիշներին, իմքայլականները առավոտից իրիկուն տակառ են գլորում սրա-նրա վրա․ էն խելապակաս իմքայլականն ասում էր՝ գերիներին պետք է բերեին, ընդդիմության միտինգը խանգարեց, Սյունիք չենք թողնում լրագրողները գնան, որովհետև գերիներին բերելուն խանգարում են, կառավարության դիմաց ցանկացած ակցիայի պատասխանում են, թե շեղում եք․ դուք արդեն հիվանդագին լարվածության մեջ եք։ Ամեն ինչ շահարկում եք գերիների թեման օգտագործելով, բայց նրանց էլ չեք բերում։

Էդ հարցը առանձնապես չի էլ հետաքրքրում սրանց․ դուք Ազգային ժողովի օրակարգային հարցերը նայել ե՞ք, մարդիկ դրել ու 1 մլն դրամ աշխատավարձով դատավոր են ընտրում, մարդիկ դրել են ու օրենք են ընդունում, որ ով իշխանությանը հայհոյի, տուգանեն, բայց մարդու իրավունքների պաշտպանի բյուջեն են հանում։ Արցախի 76 տոկոսը տվել են, 5 հազար կյանք մատաղ են արել, 200-ից ավելի գերի են տվել, 2 հազարից ավելի անհետ կորած, դրել ինչով են զբաղվում, Քոչարյան Անդոնը քննադատում է ինքն իրենց, որ ՍԴ սխալ դատավոր են ընտրել, պատկերացնու՞մ եք՝ Քոչարյանին ազատ են արձակում։ Հետևից էլ ստեր են կպցնում, բա չիմացաք՝ էդ Քոչարյաննա սաղ երկրի ձվերը առել, որ խանութներ չհասնի։ Էս ա սրանց խելքը, սրանց օրակարգը, դուք ու ձեր տղերքը էնտեղ չկան։ Դուք միայն պետք էիք, որ ձեր ու ձեր երեխաների անունը շահարկելով իշխանությունը պահեն։

Ժողովուրդ, էս մարդը ուժ չունի էդ հարցով զբաղվելու, Ալիևը տեսել է, որ սա ենթարկվող է, ծառայամիտ է, դրա համար հենց էնպես չի տալիս գերիներին, բան է ուզում դրա փոխարեն։ Ասեմ ինչ է ուզում՝ 3 բան․ նախ ուզում է հեղինակազրկել ռուս խաղաղապահներին։ Երկրորդ հերթին ուզում է հասնել նրան, որ Հայաստանից որևէ պաշտոնյա ու որևէ զինվորական Ստեփանակերտ չգնա, Երրորդն էլ ուզում է տարածք․ գերիները բոլորը բոլորի դիմաց սկզբունքը փոխարինվեց տարածք գերիների դիմաց սկզբունքի։ Ո՞րն է պատճառը, ըստ ձեզ, որ էն բեղավոր պատգամավորը սլաքներն ուղղում է գեներալ Մուրադովին։ Կամ Նիկոլը գերիների, անհետ կորածների հարազատներին, որ պաշտպանության նախարարության դարբասներն են կոտրում, չի ընդունում, բայց ընդունում է էն միտինգավորներին, որոնք պահանջում են, որ իրենց տղաները Ղարաբաղում չծառայեն, ով էլ էնտեղ է, հետ բերեն։

Աբսուրդը գիտե՞ք որն է․ աբսուրդ է այն, որ էսքանից հետո Նիկոլը ուզում է արտահերթ ընտրություն անի ու վերընտրվի, կեղծիքով։ Իմաստը չեմ հասկանում։ Ասենք ընտրվել ես, որ դու քո երկրի համար չես կարողանում մի հարց լուծել, ամեն ինչ տալիս ես թշնամուն ու քո գերիներին չես կարողանում բերել, դու ում ես պետք, ասենք մնացիր իշխանության որ, ո՞ր խնդիրը լուծես։ Դու սահման պահո՞ղ ես, դու անվտանգություն ապահովո՞ղ ես։ Դու ինքդ քո մեղքը չե՞ս գալիս, ա՛յ ողորմելի։

Բայց հարցը նաև այն է, որ անտեսված են գերիների ու անհետ կորածների հարազատները, նրանց մոտեցող չկա, նրանց չեն լսում։ Ո՞ւր են էն պատգամավորները, որ ասում են՝ ժողովուրդը մեզ հետ ա, ասում ա հանկարծ հրաժարական չտաք։ Ալեն Սիմոնյան, դե Շիշ բռնողի ձեռքը բռնի, «դուխով» գլխարկը դրեք, գնացեք Պաշտպանության նախարարություն, թե տղա եք, լեզուներդ ո՞ւր ա մտել։

Ուզում եմ փաստել, որ ի սկզբանե սխալ մարտավարություն, ռազմավարություն ու քայլեր են ընտրել գերիների հարազատները․ ի սկզբանե սխալ էր։ Նրանք նախ խնդրում էին Նիկոլին, գնում էին հետը նստում ու անկապ ջուր ծեծում, գնում էին Նիկոլի երթերին, միտինգներին, ընդդիմությանն էին մեղադրում, լրագրողներին էին մեղադրում։ Նրանց ոնց ուզում, ֆռացնում էր Նիկոլը։ Բայց հետո էլ իրենց սխալը չհասկացան։ Գերիների ծնողներ, անհետ կորածների ծնողներ, բացատրեք հասկանամ, դուք ո՞նց եք հանդուրժողում, որ ձեր էրեխեքին տանջեն Բաքվում, մի մասն էլ հողի տակ լինեն ու չգտնենք, դուք տանջվեք ամեն օր, տառապեսք, իսկ Նիկոլը, պաշտպանութնան նախարարը գնան հանգիստ իրենց կյանքը վայելելու։ Դուք ո՞նց եք թույլ տալիս։

Արդյո՞ք Պաշտպանության նախարարությունը հավաքվելու համար ճիշտ տեղ էր․ Վաղարշակ Հարությունյանն էլ, գենշտաբի պետ Արտակ Դավթյանն էլ Նիկոլի կամակատարներն են։ Ձեր խնդիրը կապիտուլյանտն է, ժողովուրդ, գեներալը, որ վախից վերտալյոտով է փախչում շենքից, ի՞նչ եք նրանից սպասում։ Նիկոլը անգամ թքած ունի պաշտպանության նախարարության վրա, ուզում եք՝ շենքը պաժառ տվեք, հրամանատարությունն էլ մեջը, մի ուրիշ ուսապարկի կնշանակի նախարար, կարևորը իր կիսաքյաչալ գլխից ավել մազ չպակասի։ Նախ դուք սխալ շենք եք շրջափակել, բացի այդ, այդպես ձեր զավակներին չեք վերադարձնի։

Կարճ ասած՝ մեկ ելք կա այս իրավիճակից՝ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացում իշխանությունից։ Դուք պետք է նրան դուրս շպրտեք էդ շենքից։ Ի՜նչ ընտրություն, ինչ բան։ Պետք է Նիկոլը հեռանա իշխանությունից, նորմալ իշխանություն գա, լուծի գերիների հարցն էլ, սահմանի հարցն էլ, տնտեսական հարցերն էլ, որ մեկ օրում 4 անգամ ալյուր ու ձեթ չթանկանա։ Սրանք հույս ունեն, որ դուք կհաշտվեք իրավիճակին, բայց հաշտվել պետք չէ, էս խղճուկի հետ հույսեր կապել պետք չէ։ Նիկոլի իշխանությունը իր 80 հոգանոց խմբակցությամբ, իր 12 նախարարով, փոխնախարարներով, մարզպետներով, ոստիկանապետով, կոմիտեների ղեկավարներով, քաղաքապետ-թաղապետերով, գերիներից ու անհետ կորածներից ոչ մեկի եղունգը չարժեն։ Դու չպետք է պահես-կերակրես քայլող հիմարների, որոնք անգամ մեկ գերու հարց չեն կարողանում լուծել։

Ֆեյքերով երկիր են կառավարել, ասել են, թե ամեն ինչ լավ է, հիմա իրական կյանք ենք եկել, ամեն ինչ է փլուզվում։

 

Սևակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ