04 06 2024

«Կարճ ասած»․ Ամենաշատ հետաքրքրող հարցը՝ Շարժումը մարո՞ւմ է, թե՞ թափ է հավաքելու



 

Այս օրերին հաճախ ենք լսում գնահատականներ, թե՝ Բագրատ սրբազանի ղեկավարած շարժումը մարում է։ Ո՞ւմից ենք լսում այդ գնահատականները։ Լսում ենք, այդ մտքից ոգևորվող իշխանական շրջանակից և նաև այն մարդկանցից, ովքեր ամեն օր չեն տեսնում ակտիվ գործողություններ, բախումներ իշխանության հենարան ոստիկանների հետ կամ, իրենց պատկերացրածով, վերջնարդյունք։ Ակնհայտ է, որ սրբազան պայքար անունը ստացած շարժումը վերջին օրերին չունի այն մեծ թափը, ինչը որ տեսնում ենք հանրահավաքի ժամանակ կամ փողոցները փակելու խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ։ Կարո՞ղ է տպավորություն ստեղծվել, թե մարում է․ գուցե, բայց արդյո՞ք դա շարժման թուլանալու կամ մարելու մասին է վկայում։ Սա գնահատելու համար պետք է նայել, թե ինչ են անում հիմա ու արդյո՞ք այն, ինչ անում են, պահանջում է տասնյակ հազարավոր կողմակիցների ներկայություն։

Շատերն են այն կարծիքին, որ Հայաստանում պետական ինստիտուտները ողբալի վիճակում են․ պրոֆեսաիոնալիզմը իջել է մինուս անսահմանություն, ամեն կառույց լցված են ՔՊ-ականների գերդաստաններով, իսկ որոշումներ կայացնում է մեկ հոգի՝ ՔՊ ղեկավարը։ Ու վերջին օրերին ոչ մեծաթիվ անձանց մասնակցությամբ ակցիաներով դա է ապացուցվում ամեն օր գործնականորեն։ ՔՊ-ականները սա համարում են շարժման մարում, թող համարեն ինչ ուզում են, դա օրինակ ինձ քիչ է հետաքրքրում, բայց սրբազանն ինքը ցույց է տալիս, որ Հայաստանում չի գործում որևէ ինստիտուտ, ըստ իր նպատակի, կոչման։ Այդ ինստիտուտների նաև բարոյական փչացվածության բացահայտումն է տեղի ունենում, ամեն բան պարզվում է, սաղ երևում՝ ով, ով է։

Տեսե՛ք։ Բագրատ սրբազանը ժողովրդի հետ միասին այցելում է ներքին գործերի նախարարություն։ Նախապես էլ հայտարարում է, ասում է՝ պատասխան է ուզում ստանալ, թե նախարարի համար նորմա՞լ է, որ 40 բերետով հարձակվում են պատգամավորի վրա։ Վահե Ղազարյանը Բագրատ սրբազանի հետ միասին Տավուշում ծառայություն են իրականացրել, մեկը իրավապահ, մյուսը հոգևոր, իրար հետ հաց են կիսել, իրար շատ լավ են ճանաչում։ Վստահեցնում եմ, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շատ մեծ ցանկությամբ կիջներ զրուցելու սրբազանի հետ որպես ջերմ ծանոթներ, գուցե կուզենար իր կողմից տաներ, ֆռացներ, խաբեր, ասեր կպատժենք, բայց չպատժեր և այլն, բայց հաստատ կիջներ որովհետև՝ ինչի՞ չիջներ, ավելին, իջնելը դա նվազագույնը կլիներ․ կարող էր զանգել ասել, այ սրբազան ջան, ուզու՞մ ես ինձ հանդիպես, ժամ ասեք, ես կգամ, կարիքը չկա։ Հիմա ինչ է ստացվում․ նրան հանդիպելուց հետ է պահել միանշանակ իր ղեկավարը՝ Փաշինյանը, վստահ եմ՝ սպառնալիքներով։ Նիկոլը հատուկ է ընտրել իր թիմում մարդկանց, ում վրա կարող է գոռալ, որ իր ասածն անեն, վախենան չանել։ Դա էլ է պարզ։ Հիմա սա, հերիք չէ, ինքը չգնաց, իր ոտքով եկած սրբազանին չիջավ չդիմավորեց, իր մոտ չհրավիրեց ու գրանցեց իր ու իր ղեկավարած կառույցի որպես ժողովրդավարական իրավապահ ինստիտուտի մահը։ Որովհետև, եթե քեզ վրա կարող են գոռալ, որ դու չհանդիպես քո վաղեմի ծանոթին, էլ չեմ ասում Հայ Առաքելական Եկեղեցու արքեպիսկոպոսին, որն իր ոտքով եկել է քո դուռը, կներեք, դու էլ ո՞վ ես։

Բագրատ սրբազանը գնում է դատախազություն․ դա էն հիմնարկն է, որը դափոններով գործեր է կարում ընդդիմադիրների վրա․ պարզ է, չէ՞, լիքը հարցեր կան, որի պատասխանները պետք է տա այդ կառույցի ղեկավարը։ Այ մարդ, էստեղ էլ դատախազն է վախենում իջնել։ Դատախազը, հիշեցնեմ, մեր սահմանադրությամբ անկախ է, նա վարչապետի ենթական չէ, էլի ասեմ, ըստ սահմանադրության։ Իրականում, բոլորս էլ գիտենք ով է։ Մյուս կողմից կասեք, բայց իջնի ի՞նչ ասի․ էդ ակցիաների մասնակիցների մի մասի վրա 4 տարի այդ նույն դատախազությունը գործ է կարում, իջնի ի՞նչ ասի․ կամ եթե անգամ շատ ուզենա իջնել, Փաշինյանը կթողնի՞։ Չի թողնի հանդիպել, սպառնալիքով անգամ կպահի իր կամազուրիկ պաշտոնյաներին։ Ինչո՞ւ։ Նիկոլ Փաշինյանը հո բոլորից լավ գիտի, որ իր հեղինակությունը զրոյին մոտ է կամ գուցե մի քիչ ցածր․ ու էս մարդու համար չափազանց կարևոր է, որ եթե ինքը հավասար է չլինելուն, եթե իր հեղինակությունը գետնովն է տրված, ապա մյուս կառույցներն ինչո՞ւ պիտի լավ լինեն։ Ինչո՞ւ ժողովուրդը հայհոյի վարչապետին, բայց չհայհոյի ոստիկանապետին, դատախազին, քննչականի ղեկավարին։ Ինձնից հետո ջրհեղեղ սկզբունքը ամենալավը հենց ՔՊ ղեկավարն է յուրացրել։ Սրբազանը ժողովրդի հետ այցելում է Քննչական կոմիտե, այնտեղ էլ են դիմավորում հազարավոր ոստիկաններով։ Լավ ամոթ չէ՞ր, ուզում եմ հասկանալ, այդ ի՞նչ պիտի լիներ էլի, որ բռնել սաղ քաղաքի միլիցեքին կանգնեցրել էիք կոմիտեի դեմը, որ ի՞նչ չլիներ։ Այդ այցը նույնպես ցույց տվեց անկախ պետական ինստիտուտի չլինելը, վախճանը, այս անգամ քննչական կոմիտեի վախճանը, էլի ասեմ՝ ոչ թե որպես ՔՊ-ին կից պատժիչ հիմնարկ, այլ որպես իր կոչմանը ծառայող պետական ինստիտուտ։

Դե հիմա ինձ ասեք, դա ի՞նչ էր, շարժումը դրանից մարե՞ց, շարժմանը դրանից վնաս եղա՞վ․ չէ, չէ՞, հակառակ, ցույց տրվեց Նիկոլի իշխանության խղճուկությունը, վախկոտությունը։ Ու ավելի լավ, որ 20 հազար հոգով չէին գնացել, այլ մի թեկուզ հարյուր հոգով․ դա հո չի՞ նշանակում շարժման մարում, հակառակը, դա իրենց մարումն է, որը իրենք չեն էլ ընկալում։ Պարզ է, չէ՞, եթե քո նպատակը քննչական կոմիտեի շենք մտնել-գրավելը չէր (իսկ իրենց նպատակը դա չէր), ինչո՞ւ գնալ բազմությամբ, եթե վախճանը կարող են արձագանքել ընդամենը իրենց ասածով՝ 30-40 հոգով։

Էսօր Բագրատ սրբազանն ու թիմակիցները, այսինքն՝ ժողովուրդը շատ կարևոր բան արձանագրեցին՝ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի վախճանն էլ։ Մարդու իրավունքների պաշտպանը, որը, հիշեցնեմ, գուցե հենց Անահիտ Մանասյանին հիշեցնеմ, պաշտպանում է մարդու, քաղաքացու իրավունքները պետական մարմինների, կամ տարատեսակ չինովնիկների կամայականություններից, հիմա սա, այդ մարդու իբր պաշտպանը, վախեցավ իջնել այդ նույն մարդկանց հետ հանդիպելու ու վախեցավ հանդիպել ՀԱԵ արքեպիսկոպոսի, սրբազանի հետ տեսախցիկների ներկայությամբ։ Ինչո՞ւ վախեցավ․ որովհետև չի կարող այդ կինը չդատապարտել 40 բերետով պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ վայրենությունը, չի կարող չդատապարտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ արգելելը, չի կարող չդատապարտել ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների վայրենությունը, սիգնալ տալու համար վարորդի գլուխը ոստիկանների կողմից ջարդելը։ Ախար, իր գործն է դա, նա պետք է դատապարտի, դիմի դատախազություն, ոստիկանությանը օր ու արև չտա, հայտարարություններ անի, ասուլիսներ կազմակերպի, տեսանյութեր ցույց տա, ամեն ապօրինության համար հաղորդում տա, աղաղակի անօրինական գործողությունների մասին, ուղարկի միջազգային կառույցներին, մատնացույց անի, հետևողական լինի։

Ու պարզ էր, որ նա չի կարող Բագրատ սրբազանի հետ զրուցել նույն ոչինչ չասող անիմաստ նախադասություններով, որոնք ասում է իր սակավ ճեպազրույցներում։ Հիմա դե ինձ ասեք, արդյո՞ք իմաստը կար հազարներով այցելել օմբուդսմենի գրասենյակ՝ կառույցի մահն արձանագրելու համար։

Կամ ԱԳՆ շենք․ Շարժումը որ գնացել էր, մտնում էր ներս ի՞նչ աներ, իրենց կարծիքով, գրավե՞ր էդ հիմնարկը․ որ ի՞նչ աներ։ Ընդամենը հարցեր ունեին Արարատ Միրզոյանին, որը ՀՀ արտաքին քաղաքականության կուրսն իրականացնողն է։ Նա սրբազանի հետ հանդիպումից փախավ, բայց ժամեր անց չփախավ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից։ Ինչո՞ւ ժողովրդի հետ հանդիպումից փախավ, բայց ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից՝ ոչ․ որովհետև նրանք նույն պարտվողական հայացքներն են կիսում, ինչո՞ւ փախչի։ Էսօր էլի Միրզոյանը ԱԺ էր գնացել, ՔՊ-ականների հարցերից ու դիտարկումներից սիրտդ խառնում էր, վայ էս ինչ լավ դիվանագիտություն ունեք, էս ինչ լավ եք բանակցում․ սա էլ ասում է՝ 30 տարի ոչ մի դիվանագիտություն չի եղել, մենք սկսում ենք հարաբերությւն հաստատել։ Բա որ 30 տարի դիվանագիտություն չի եղել, 100-ից ավելի երկրի հետ ո՞վ է դիվանագիտական կապեր հաստատել։ 6 տարի իշխանության եք, ձեր արածը դեսպանատուն բացելն էր Իսրայելում, էն էլ ձեր դեսպանատան բացումից հետո հայկական թաղամասը հայտնվել է ոչնչացման եզրին, Իսրայելն էլ օրը 10 ինքնաթիռ զենք է ուղարկում Ադրբեջան ու օկուպացված Արցախում ռազմաբազա դնում։ Սա ձեր դեսպանատան բացումից հետո։ Փայլուն դիվանագիտություն է, հա բա․․․

Միրզոյանը գնացել է խորհրդարան ու ընդդիմությանն է քննադատում, բայց վախենում է իջնի ընդդիմության հետ հանդիպելու։ 100 թիկնապահով շրջապատված բա ում ուզես կքննադատես։ Բայց վախենում ես, որ էդքան թիկնապահով, հազարների ոստիկանով շրջափակված շենքում դուրս գաս երկու բառ ասես։ Դու գիտես, որ քաղաքակիրթ մարդիկ են ու շարժումն էլ հաշտության նշանաբանով է, առաջնորդում է մեր եկեղեցու ամենից հարգված սրբազաններից մեկը, ձեռքին խաչով, էլ ի՞նչ լինի։ Տղերք, լրիվ ուրիշ բանի մասին է էս սաղ, ձեզ նման դագաղներ պարեցնելով չեն գալիս, կարող եք ձեր ղեկավարին էդ սպառնալու պահերին հուշել, թող շատ չանհանգստանա։

Բայց նաև դուք վախենում եք իջնել նրա համար, որ չգիտեք՝ իջնեք ինչ ասեք։ Արգիշտի Քյարամյանն իջնի ասի՝ Նիկոլն ինձ պարտադրում է մարդկանց վրա գործե՞ր բացել, թե չէ ինձ կհանի՞, արտգործնախարարն իջնի ասի, թե ոնց 2 օրում 4 գյուղ փոխանցեց Ադրբեջանին բանակցությունները պրավալ տալու պատճառո՞վ, չկա դրան բացատրություն, արդարացում։ Վահե Ղազարյանը, Անահիտ Մանասյանը, Աննա Վարդապետյանն ու մյուսները իջնեն ի՞նչ ասեն։ Պատասխան չունեք, դուք որևէ հարցի պատասխանը չունեք ու չեք էլ ունենալու։ Էնպես չէ, որ էսօր չունեք, վաղը ունենալու եք։ Չեք ունենա, քանի էդ գործին եք, ձեր ղեկավարն էլ Նիկոլն ա։

Կրկնում եմ՝ կարևոր չէ, թե քանի հոգով մասնակցեցին պետական հիմնարկների դիմաց ակցիաներին, այլ կարևոր է, թե հանրությունը ինչ վերաբերմունք ունի այդ գրասենյակների՝ ԱԳՆ շենքի, ՄԻՊ շենքի, դատախազության շենքի, ՆԳՆ շենքի, կառավարության, Ազգային ժողովի ու մյուս բոլորի քաղաքական բովանդակության մասին։ Սա անփոփոխելի վերաբերմունք է, քանի դրանց ներսում ՔՊ կողմից ղեկավարվող դեմքեր են։

Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն ասում է՝ իմ քաղաքական փորձառությունն ասում է՝ շարժումը մարում է, մի քանի տասնյակ մարդիկ են։ Բա որ մի քանի տասնյակ են, հազարավոր բերետավորներ ինչո՞ւ եք ուղարկում․ բա որ մարող շարժում է մենակ 20 մլն դրամ ինչո՞ւ եք տալիս մարած շարժման հետևից բերետավորների տեղափոխման համար, խնայեք պետական բյուջեն։ Որ մարած շարժում է, ինչո՞ւ եք վախենում փողոցով քայլել առանց թիկնազորի։

Կարճ ասած՝ ես այդ կարծիքին չեմ, որ ինչ-որ բան մարելու է․ հակառակը, իշխանությունից ազատվելու շարժումը չի մարելու, քանի կա այս իշխանությունը։ Ես չեմ հավատում, որ զոհվածի ծնողը կհաշտվի իր երխայի կորստի, այն էլ՝ ոչ մի բանի համար ձևակերպումով կորստի համար։ Չեմ հավատում, որ արցախցին կհաշտվի իր հայրենիքը կորցնելու հետ, չեմ հավատում, որ սահմանամերձ շրջանները կհաշտվեն էս ապօրինի սահմանագծումների հետ, չեմ հավատում, որ Նիկոլին ընտրած քաղաքացին կհաշտվի իրեն էշի տեղ դնելու ու խաբելու հետ։ Դա չի լինելու, ինչքան էլ ձեզ համոզեք։ Քանի դուք կաք որպես իշխանություն, մարում չի լինելու։ Ասել եմ ու ասում եմ՝ դուք ոչ թե պետք է ուրախանաք, այլ պետք է սարսափեք հաշտության նշանաբանով շարժման մարումից։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ