Այս օրերին ամենաշատ խոսվող թեման անկլավներն են։ Խոսում են բոլորը՝ Փաշինյանը, ՔՊ-ականները, փորձագետները, քաղաքացիները, «պլանի տակ» հայտնված շրջանների բնակիչները։ Տարիուկես-երկու տարի առաջ, երբ թեման բացվեց, քչերն էին խոսում, քչերն էին հավատում, շատերն ասում էին՝ ինչ եք խոսում, Ալիևին Ղարաբաղն էր պետք, վերցրեց, ստոպ կտա։ Հարց էին ընդդիմադիր պատգամավորները ԱԺ-ում տալիս արտգործնախարարին․ պատասխանից խուսափում էր, բորբոքվում էր՝ ասելով՝ էդ թուրքին նավոդկա եք տալի՞ս, բայց նույն ժամանակ, թուրքի հետ բանակցում էր այդ նույն հողերը հանձնելու թեմայով։ Մենք ավելի քան 1 տարի կորցրեցինք, հակառակի մասին ոչինչ չիմացանք ու էսօր, արդեն, Փաշինյանը անձամբ է հաստատում, որ էլի հանձնելու է ու ասում է՝ կգնա-բացատրի, չէ, Ալիևին չէ, միջազգային հանրություն կոչվածին չէ․ տավուշցիներին։ Ի՞նչ պտի բացատրի, ես չգիտեմ․ օձի լեզու ունի Նիկոլը, ամեն տրվող բան, իրեն թվում է՝ կարող է հիմնավորել, բայց դե մեր տարածքն է փոքրանում․ իրեն ի՞նչ, կարող է արդեն եսիմոր սիրուն երկրներում տներ ունի։ Ասենք՝ Կանադայում, Բրիտանիայում, Ամերիկայում։ Վստահ եմ՝ իր հարցերը, ինքը որ՝ լուծել է։
Ի՞նչ էր ասում իշխանությունը, ասում էր՝ մենք տալու ենք և վերցնենք, դա միակողմանի չէ։ Կտանք Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Վերին Ոսկեպար, Տիգրանաշեն և այլ գյուղեր, կվերցնենք Արծվաշենը։ Հիշու՞մ եք, ոնց էին աքլորանում Ալենը, Մելքոնյան Գագիկը, Արարատ Միրզոյանը։ Հետո Նիկոլն ասաց ժողովուրդ ջան, Ադրբեջանն ուզում է 8 գյուղ, մենք ուզում ենք 31 գյուղի տարածք՝ Ջերմուկ, Պարույր Սևակ, Կախակն, Կուտական, Սոթք, Կութ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա և այլն։ Ադրբեջանն ասաց չէ՝ մենք բան չունենք ձեզ տալու, որտեղ կանք՝ կանք, բայց դու պտի տաս ու՝ շուտ։ Ու Հայաստանի իշխանությունը աշխատանք թափելու, մերժելու իրենց, կամ էլ ում ա կարողանում՝ եվրոպացիքին, խոսքի, դրանց փոխարեն սկսեց մեզ հիմնավորել այդ ապագա հանձնումները։ Հայաստանից ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ եթե տալու լինի, կլինի փոխադարձ, փոխզիջում․ Ադրբեջանն ասաց՝ մենք տալու բան չունենք, դուք պտի տաք, ու սրանք հիմնավորում են, որ այո, պետք է տանք, որովհետև դրանք մերը չեն։ Օրինակ՝ Գնել Սանոսյանը, Գագիկ Մելքոնյանը, Նիկոլ Փաշինյանը և այլ ՔՊ-ականներ։ Նիկոլը ցույց է տալիս ինչ-որ քարտեզ, ասում է մեր տարածքը սա է, ու էդ քարտեզում չկան ո՛չ էն գյուղերը, որ ուզում է տալ, ո՛չ էլ էն գյուղերը, հողերը, որ իբր պետք է վերցնի։ Հայաստանի փոխվարչապետը հանդիպում է Ադրբեջանի փոխվարչապետին, հետո ասում է, որ Ադրբեջանը չի ընդունում, որ Հայաստանից տարածք ունի, դրանից հետո Նիկոլը ասուլիս է տալիս ու խոսում է հանձնումների մասին։ Ու շրջանառվում է թեման, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին տա 4 գյուղ հիմա, որից հետո քննարկեն ևս 4 գյուղ տալու հարցը։
Նիկոլն ասում էր չկա տենց մի տարածք, որ կհանձնեմ ու պրոբլեմ կլինի։ Իր համար, իհարկե, պրոբլեմ չի լինի, գուցե դրանից հետո էլ մնա իշ պաշտոնին, բայց երկրի համար մեծ պրոբլեմ է։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մանրակրկիտ ներկայացրել էր, թե ինչ կլինի միայն Վերին Ոսկեպարը տալու դեպքում՝ հայկական կոմունիկացիաները, գազը անցնելու է Ադրբեջանական կողմին ու երբ ուզի՝ կփակի վինտիլը, վթար կստեղծի, ոնցոր Արցախում էր անում բլոկադայի ժամանակ, որովհետև Հայաստանը սնուցող գազամուղը ևս անցնում է Վերին Ոսկեպարով։ Բլոր հարևան տարածքները, գյուղերը հայտնվելու են ադրբեջանցիների նշանառության տակ։ Ադրբեջանին է անցնելու Հայաստան-Վրաստան ճանապարհը։ Լոռու մարզը դառնալու է Ադրբեջանին սահմանակից։ Վայոց ձորը սահմանակից է, տեսնում ենք ինչ է կատարվում Ջերմուկում, ինչքան են առաջ եկել, Սյունիքը սահմանակից է, տեսնում ենք՝ Կապան քաղաքը, Գորիսը ռեալ վտանգի տակ են, տարածքներ են կորցրել, Ներքին հանդում տեսանք ինչեր կատարվեց, ունենք գյուղեր, որոնց կեսը չկա։ Արարատի մարզը սահմանակից է, գործարան են տեղափոխում, որովհետև թիրախ է, Գեղարքունիքը սահմանակիցը է, Շորժայում տեսնում ենք ինչ է կատարվում կամ Վարդենիսում։ Հիմա էլ Լոռին է դառնում սահմանակից։ Տավուշի մարզից ընտրությանը մասնակցողների 70 տոկոսը Նիկոլին ձայն է տվել պատերազմից հետո․ Արցախը հող էր կորցրել, Հայաստանը ձայն էր տալիս հող տվողին՝ հույսով, որ ինչ տվել՝ տվել է, դե մեկ է՝ իրենցը չէր, հիմա նույնը իրենց գլխին բերեց։ Ստացվե՞ց, որ տավուշցիները քվեարկել են իրենց գյուղերը հանձնելու օգտին, ստացվե՛ց։ Լոռեցիները գնացել էին ու ընտրել 2021 թվականին Նիկոլ Փաշինյանին, որ իրենց մարզը դառնա Ադրբեջանին սահմանամե՞րձ, չէ, չէ՞։ Նրան ձայն էին տվել, որ խաղաղության դարաշրջան բերի, որ էլ պատերազմ չլինի, որ Շուշի ու Հադրութ վերադարձնի, որ մի քիչ արժանապատիվ զգանք մեզ էդքան կորստից հետո, բայց հերիք չէ՝ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ո՛չ էլ էն մյուսը չարեց, հիմա էլ ասում է՝ դե էն սաղ հեչ, չստացվեց, բայց էս էլ պտի տանք, որովհետև սա էլ չստացվեց, ու վաբշե սրանք էլ մերը չէին։
Ով չի հավատում, մոտավորապես բացատրեմ ինչ է տեսնելու․ այն, ինչ տեսավ Սյունիքում, մի օր արթնանալու է ու տեսնի, որ առանց կրակոցի եկել վերցրել են, ու հայկական զորքը դրանից օրեր առաջ տարածքը լքել է զորավար Սուրեն Պապիկյանի ինչ-որ գաղտնի հրամանով, դե էն նրանից, որ Վաղարշակն էր ստորագրել ու Սյունիքի դիրքերից զորքը հետ քաշել, եկան գրավեցին Սև լիճը։ Նիկոլն ասելու է՝ դե 4 գյուղի համար հո պատերազմ չէի՞նք անի։ Պատերազմից հետո Հայաստանի 4 մարզից արդեն հողեր են զիջել։
Հայաստանից Վրաստան գնացող մայրուղին հանձնվելու է Ադրբեջանին։ Խաբա՞ր եք, ժողովուրդ։ Ո՞նց էր ասում չերեզ Ադրբեջան կգնաք Մոսկվա, հենց բացենք սահմանները։ Սահմանները չեն բացվում, բայց Վրաստան կգնաք չերեզ Ադրբեջան։ Մի օր էլ կփակեն Վրաստանից բեռնափոխադրումների ճանապարհը, ինչոր մի գյուղ վերցնելու համար, մի օր էլ կփակեն Իրանից կապը Սյունիքով ու կհայտնվես բլոկադայի մեջ, նույն ձև, ինչ հայտնվել էր Արցախը։ Մի օր էլ գուցե Նիկոլը Ալիևի հետ պայմանավորված հայտարարի՝ իմ տեղեկություններով Ալիևն ուզում է բացել միայն ելքը, ոչ թե մուտքը, որ ժողովուրդը դուրս գա երկրից։ Ի՞նչ է հեռու՞ է մեզնից։ Դեռ 2021 թվականից իշխանությունը Տավուշի մարզում այլընտրանքային ճանապարհի կառուցման ուսումնասիրություն էր անում, պատրաստվում էր տալուն, իսկ դուք, այո դուք, ժողովուրդ ջան, դեռ քննարկում էիք, նախկինների թալանը, ՀԱՊԿ-ը լավ ա, թե վատ, ռուսը կօգնի թե, ոչ՝ առանց հասկանալու, որ այս մարդիկ, անգամ եթե շատ ուզենան, չեն կարող որևէ դրական արդյունք ունենալ, բոլորը բլեֆ էր, թոզփչոցի, ուղեղլվա, որ մի քիչ էլ երկարացնեն իրենց անտեր եղած աթոռներին նստելը։
Ժողովուրդ ջան, ասեմ հստակ իմանաք՝ որ պահին հանձնվեցին 4 գյուղերը, թող դրանց հարևան գյուղերի բնակիչները սպասեն իրենց հերթին։ Էլի կգնանք նկարահանումների, էլի կասեն չէ, անհնար է, սրանք մերն են, Նիկոլը չի համարձակվի, ու մի տարի հետո արդեն ասուլիսում կլսեն իրենց գյուղերի անունները, կտեսնեն քարտեզ, որտեղ իրենք Ադրբեջան են։ Շատերը դժվար թե էդքան սպասեն, որովհետև Ադրբեջանին հանձնելուց հետո տարածքներում վերահսկողությունը կանցնի նրանց, ու էդ գյուղերում աշխատանքը, հողագործությունը, ապրելը անհնար կդառնա, մարդիկ կարտագաղթեն ինքնակամ։ Ձեզ համար, այո հենց ձեզ համար, ժողովուրդ ջան, ստեղծել էին անվտանգության գոտի նախկինում, այո նախկինները, հիմա դա վերացել է, տրվել է Ադրբեջանին, թղթով, ստորագրությամբ․ ու էն որ նիկոլենք ասում են անվտանգությունը վատ վիճակում է, չեն ասում՝ էդ ինչո՞ւ է անվտանգությունը վերացել, մինչ այդ նորմալ էր, հիմա չկա, որովհետև անվտանգային գոտին չկա ոչ մի տեսանկյունից՝ ո՛չ տարածքի, ո՛չ զինվորի, ո՛չ հրամանատարի, ո՛չ երկրի ղեկավարի մակարդակով։
Բաղանիսի գյուղապետն ասում է՝ մեր գյուղացիները պատրաստ են մնալ և կռվել մինչև վերջ։ Ո՞ւմ դեմ եք կռվելու, թուրքի՞, բայց թուրքը սկի զենք չի բարձրացնելու, հենա ձեր ղեկավարը խելոք-խելոք սաղ տալիս ա։ Բա էդ որոշում կայացնողը Հայաստանի կառավարության շենքում է նստած, ու ինքը թուրքի հետ չի էլ վիճում, ձեր տները հանձնում է թուրքին, որ նրա չվիճի։
Նկատել եք չէ՞, որ Նիկոլը եկած օրվանից միայն զիջում է։ Մի հատ բան չեք կարող ասել, որ վերցրել է, հետ է բերել․ չէ, զիջել է, տվել է, միակ բերած բանը գերիների մի մասն են, դա էլ էլի զիջումների դիմաց։ Ասում են փոխզիջում․ մի բան տալիս ես մի բանի դիմաց։ Հարց եմ տալիս՝ Հայաստանը ի՞նչ է ստացել ինչի դիմաց։
Երեկ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել ու պահանջում է ադրբեջանական զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից։ Ուրախացել ենք։ Հա, ապրեն իրենք իրենց բանաձևի համար։ Ո՞ւ։ 24 ժամ անցել է, վաղը 48 ժամը կանցնի, բայց ադրբեջանցիները էդ օկուպացրած 200 քառակուսի կիլոմետրից դուրս գալու ցանկություն ոնցոր չունեն։ 2022-ին հենց փակվեց Լաչինի միջանցքը, ՄԱԿ-ը բանաձև ընդունեց անհապաղ բացելու մասին, մի հատ էլ ամիսներ անց։ Ո՞ւ։ Ուկրաինայի մասին էլ բանաձև ունեն, Գազայի մասին էլ ունեն․ հետո՞։ Բանաձևերն էս աշխարհում, կներեք արտահայտությանս, անիմաստ բաներ են։ Մեկ էլ ստորագրահավաքները։ Մի հատ էլ բանաձև ընդունեցին ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու մասին։ Մի շնորհակալություն ՔՊ-ից։ Ո՞ւ։ Էն, որ դու կարող է դառնաս ԵՄ անդամ, տասնյակ տարիների մեեեծ հարց է։ Կամ, կասեք, մեզ համար ի՞նչ օգուտ, եթե Հայաստանը դառնա ԵՄ անդամ, ի՞նչ է, մեր ապրանքներն ենք արտահանելու ավելի շատ, քան ԵԱՏՄ, իսկ այդ երկու կառույցներն իրար բացառող են։ Մեր գինի՞ն են խմելու ֆրանսիացիք, թե՞ բուլղարացիք, թե՞ մեր իշխան ձուկն են տանելու Նորվեգիա, թե՞ մեր ծիրանն ու Ջերմուկն է գնալու այդ տասնամյակներով հագեցած շուկա։ Իհարկե՝ ոչ, թոզ ա փչում են, էլի։ Հենա Ուկրաինայի աչքերին էլ փչեցին, և՞։ Ի՞նչ ա արտահանում, փախստականներից բացի։ Էդ ի՞նչ ա ստանում, բացի զենքից, որով, ի միջի այլոց, կռվում ու զոհվում է ուկրաինացիները, ու ոչմի դեպքում՝ նորվեգացին։ Էն էլ էլ զենքն էլ չեն տալիս, ասում են հերիք ա, գնացեք հանձնվեք։
Կարճ ասած՝ ՔՊ-ն արդեն պաշտոնապես շրջանառության մեջ է դրել Տավուշը տանք՝ հանգիստ ապրենք թեզը։ Որևէ զիջում ոչ թե վերջն է, այլ նոր զիջումների սկիզբ։ էս սաղ տալիս են մեկ բանի դիմաց՝ իրենց իշխանության․ վերցրեք ամեն ինչ, մենակ ես մնամ վարչապետ։ Կտա ժողովուրդ ջան, Տավուշից կտա, Սյունիքից, Գեղարքունիքից, Արարատից, Վայոց ձորից․ հետո արդեն սկսկսեն խնդիրները Վրաստանի ու Թուրքիայի հետ, որը որմեկը վերցնի։
Ինձ թվում ա՝ մեկ-մեկ Նիկոլը նստում մտածում ա՝ լավ, է՞լ ինչ անեմ, որ տեղներից շարժվեն։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը