02 10 2023

«Կարճ ասած»․ Եթե Արցախը Փաշինյանին պետք չէր, արցախցին պե՞տք է



Տխուր, ցավոտ, աղետալի վիճակ է Հայաստանում։ Երկիրը լցված է բռնի տեղահանված, ստիպված գաղթված մեր քույր ու եղբայրներով, որոնք տարրական տանիք են ման գալիս ձմռան շեմին։ Հիմա պետք է խոսեմ շատ ցավալի բաների մասին, որոնց ականատես եմ։ Ինչպես շատ-շատերը, ընկերներիս հետ փորձում էի օգտակար լինել գաղթական դարձած մեր հայրենակիցներին կենցաղային հոգսերում։ Շատերը, որ ինձ լսում են, կասեն՝ ինչի՞ եք փնտրում, օրը տասն անգամ ասուլիս է տալիս Նիկոլ Փաշինյանի խոսնակը, ներողություն է խնդրում Արցախ ասելու համար, ասում է Լեռնային Ղարաբաղ, ինչպես ստիպում են ասել ադրբեջանցիները և ներկայացնում, թե ինչպես են տեղավորում նրանց։ Իրականում կառավարությունը զբաղված է փիարով։ Վերջին տվյալներով, Հայաստան է բռնագաղթել 100 հազար 520 մարդ։ Նրանց ընդամենը 25-30 տոկոսն է օգտվել կառավարության առաջարկած կացարաններից։

Իրավիճակը ահավոր է, շատ ծանր, պետության արածն էլ՝ անհամարժեք։ Արցախցիները թողել են տները, գաղթել են, շատ-շատերը՝ ավտոբուսներով, ամբողջ կյանքում արած-դրացից մի տոպրակ իր վերցնելով, նրանց գաղթական դարձրած կառավարությունը գիշերօթիկ դպրոցի կամ մանկապարտեզի զալում տեղադրել է մի 50-100 հատ կոյկա, իրար անծանոթ 100 հոգու լցրել էդտեղ ու ասում է՝ դե քնեք, կարևորը ծածկ ունեք։ Ու հեռուստատեսությամբ փիար են անում, թե 20 հազար մարդու ապահովել ենք անհրաժեշտ կացարանով։ Լո՞ւրջ։ Նիկոլ Փաշինյանը կհամաձայնի՞ ընտանիքով գիշերել սպորտզալում՝ 100 այլ տղամարդկանց ու կանանց հետ մեկտեղ։  

Ի՞նչ պետք է աներ կառավարությունը։ Ես, դուք ենթադրում էինք, որ Արցախը հայաթափվելու է, դժվար էինք պատկերացնում իրենց ուզած ինտեգրվելը, իսկ Փաշինյանը հաստատ գիտեր, վստահ եմ՝ ինքն էր կազմակերպել էս դժոխքը․ եվ ուրեմն, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում հանձնում էր Արցախը, հենց այդ օրը արդեն նա գիտեր, որ բռնագաղթ է լինելու, ուրեմն հենց էդ ժամանակ պետք է մտածեր բռնագաղթվողների մասին։ Ու որպես այս ամենի մեղավոր ու պատասխանատու, պարտավոր էր ապահովել տնով։ 100 անգամ հայտարարել է, որ երբեք այսքան շինարարություն չի ընթացել, միայն Երևանում 35, թե 55 հազար բնակարան ենք սարքում․ պետք է պատրաստեին տները, որ բռնագաղթի պարագայում այդ մարդկանց նվիրեին՝ որպես փոխհատուցում։ Իսկ եթե մտածում էր, որ էդ տները արցախցիների համար չեն, այլ ՔՊ-ական դեպուտատների համար են, որ օրը 2 հատ տուն առնեն, կարող էր լիքը ուրիշ տարբերակ մտածել․ 1991 թվականից սկսած՝ Հայաստանից միլիոն մարդ է արտագաղթել, տասնյակ հազարավոր ազատ տներ կան․ պետք է մարզպետարանների հետ հավաքագրեր ազատ տները, տանտերերի հետ կապ հաստատեր, վարձակալեր կամ գներ ու բնակեցներ արցախցիներին։ Նրանք անցել են դժոխքի միջով, որ գան գիշերօթիկի սպորտդահլիճում քնե՞ն։ Դուք տեղյակ ե՞ք, թե մեր սիրելի քաղաքացիները ոնց են թանկացրել տան վարձերը, պետությունը որևէ բան արել է՞ էդ ուղղությամբ։ 7 հոգանոց արցախցի ընտանիքը փախել է ուղղակի, գրպանում ոչ մի կոպեկ, 7 հոգին ապրում է 2 սենյականոց բնակարանում՝ հեռու բարեկամի տանը, էդ բնակարանում էլ, բացի իրենցից, ապրում է էդ ընտանիքի 6 անդամ։ 13 հոգի ապրում են 2 սենյականոց բնակարանում։ Պատկերացնում ե՞ք։ Բա պետությունը ու՞ր ա, բա պատասխանատուները չե՞ն ուզում մի բան անել։ Իր ախրաննիկներով շրջապատված, որ գնում ու Ալիևին նվիրում է, մեր հազարամյա հայրենիքը, բա ինչի՞ չի մտածում, որ ժողովրդին էլ հո չի կարողանալու նվիրել, գոնե իրենց արժանապատիվ կենցաղային հարցերը լուծի։

Հեռուստատեսությամբ հաղորդում-գովազդում են, թե զանգահարեք 114 թեժ գծին, դիմեք տարածքային կենտրոններ և ձեր կարիքները հայտնեք։ Մի քանի ընտանիքի անձամբ գրանցել եմ, որ ունեն տան խնդիր, հացի խնդիր, հիգենայի, կենցաղային պարագաների, տեղաշորի, սայլակի խնդիր, 4 օր անցել է ոչ մի ընտանիքի հետ չեն կապվել, որ հարցնեն՝ դուք հացի խնդիր ունեիք, կերա՞ք, թե՞ դեռ սոված եք։ Հեռուստատեսությամբ ասում են՝ ասեք, կանենք, տպավորություն է, թե գրկաբաց ընդունում են, բայց ընդամենը փիար է ոչ մի բանի վրա, սովորական մարդիկ են օգնում, ով ինչով կարողանում է։

Կրկնում եմ՝ պետք է բոլորին ապահովեին տնով, հաջորդ օրվանից՝ զանգեին աշխատանք առաջարկեին՝ զինվորից մինչև բժիշկ ու խոհարար։ Նիկոլն ասում էր Հայաստանում աշխատատեղերի ավելցուկ ա, հենա հնդիկներն են եկել աշխատում․ բա ապահովեք աշխատանքով, թե՞ մտածում եք պետք է բոլորը ՔՊ-ականների համար կառուցվող շենքերում բանվոր աշխատեն։

Հայաստանը սոցիալական, իրավական պետություն է, ինչպես սիրում է ասել ՔՊ-ն ու անպայման շեշտել ինքնիշխան բառը․ բա որ մեր երկրում կա իշխանություն, ինչո՞ւ են զանազան բարեգործական կազմակերպությունները, կուսակցությունները, անհատները, լրագրողները, եկեղեցին, սփուռքաահայերը զբաղված տանիք և մնացած ամեն բան հայթհայթելով, ապահովելով։ Տպավորություն է, թե այս ամենը դիտմամբ է անում իշխանությունը, որ Հայաստանում չմնան, էստեղից էլ գնան, գաղթեն, որ վերջնական փակի Արցախի հարցը։ Մարդկանց զրկել են տնից, շատերին՝ նաև տան անդամներից, իբր հիմա բարեգործություն են անում, մի հատ էլ ՔՊ-ականները մատ են թափ տալիս, թե՝ եթե հանկարծ տեսել ենք բողոքել եք, բողոքի ցույցերի եք մասնակցել, կզրկենք ամեն ինչից։ Իրականում պետք է Հայաստան բռնագաղթած 100 հազար արցախցիներին գումարվեր մինչ այս Հայաստան գաղթած մյուս մի քանի տասնյակ հազար արցախցիները և միասին փակեին կառավարական բոլոր մուտքերը։ Սուրենավանի տիկին ՔՊ-ական գյուղապետը, ամբողջ կառավարությունը պետք է սարսափով սպասեն հենց այդ օրվան։ Հակաարցախյան տրամադրությունները հիմնականում ստեղծում են ՔՊ-ականներն ու նրանց աջակիցները։ Եվ դա ունի տրամաբանություն․ իրականում եթե Արցախը նիկոլենց պետք չէր, հանձնեց կամ ծախեց, նայած ով ոնց է գնահատում արածը, արցախցին նիկոլենց ինչի՞ն է պետք, բեռ չէ՞, ինչպես Արցախն էր բեռ, պրոբլեմ։  

44-օրյա պատերազմի ժամանակ 2 ընտանիք բռնագաղթել էր Հայաստան, այդ թվում՝ տան ամուսինները։ Ժողովուրդը նրանց վրա մունաթ էր գալիս, թե՝ փախել-եկել եք․ մեղադրել, իհարկե, իրավունք չուներ ոչ ոք, որովհետև չես կարող մարդուն մեղադրել, որ վախենում է նահատակվել հանուն Նիկոլի պլանավորած պարտության։ Պատերազմից հետո ընտանիքներով հետ գնացին․ սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ հենց այդ երկու տղամարդիկ էլ՝ բազմազավակ տան հայրերը, զոհվել են․ ընտանիքը Հայաստանի քուչեքում ընկած է։ Ուզում եմ նայել նրանց մեղադրողների աչքերին ու հարցնել՝ հանգստացա՞ք։

Էս իրավիճակը նաև շատ զավեշտալի է․ իշխանությունը դարձրել է գաղթական, թիվ մեկ մեղավորն է էսօրվա խայտառակ իրավիճակի, բայց նրա արածների հետևանքները իրենցից ավելի շատ փորձում են շտկել սովորական մարդիկ։ Մարդիկ, փոխանակ զբաղվեն աղետաբեր իշխանությունների հեռացմամբ, էլի զբաղված են նրա արածների հետևանքներով։ Երևի թե սա էլ Փաշինյանի հաշվարկների մեջ է մտնում։ Ինքը գիտեր, որ ժողովուրդը ինքն իրենով անտեր չի թողնի, ինքնաբուխ զբաղվելու է հայրենակիցներով ու իր դեմ այս պահին պայքար չի գնալու, հոգնելու է, թուլանալու է։ Նիկոլն իր հաշվարկներում էլի ճիշտ դուրս եկավ։

Ի դեպ, գաղթականներին իբր թե տրվող պետական օգնությունը պետք է վերահսկել։ Հիշո՞ւմ եք կորոնավիրուսի ժամանակ ինչքան փող մտավ Հայաստան, ինչքան հատկացրեցին, իսկ վերջում պարզվեց, որ աշխատել է հեղափոխական թալանի ինստիտուտը։ Այս իշխանությունը սովոր է մարդկանց ողբերգության վրա փող աշխատել, հայրենակիցների ճակատագիրն ու դժբախտությունը դարձրել են փող աշխատելու թեմա։

Արցախցին վերջին երեք տարվա մեջ արդեն երրորդ անգամ է վառել իր տունը և գաղթել իր երկրից, այս անգամ, կարծես, վերջնական, գոնե տեսանելի ապագայում։ Թևավոր խոսք կա, որ ամեն տղամարդ պետք է տուն սարքի, ծառ տնկի երեխա մեծացնի, հիմա արցախցի տղամարդը երեք անգամ իր կյանքում տուն է կառուցում ու վառում։ Բայց դա ամբողջը չէ։ Հիմա հարց է առաջանում՝ արցախցին արդյո՞ք Հայաստանից էլ է գաղթելու և հայաստանցին Հայաստանում մնալո՞ւ է, թե՞ գաղթելու է սահմանամերձ մարզերից։

Կարճ ասած՝ Հայաստանում ամենահրատապ բանը, եթե կուզեք՝ գաղթականների խնդիրներից առաջ լուծվելիք թիվ մեկ հարցը «դենիկոլիզացիան» է։ Դա այն հարցն է, որը թույլ կտա հասկանալ՝ Հայաստանի մարզերից լինելու է բռնագաղթ, թե ոչ։  Բռնագաղթը Նիկոլի իշխանության օրոք արդեն խասյաթ է դառնում, նույն կերպ վաղը սկսելու է Սյունիքից արտագաղթը, ու փոխանակ զբաղվել հիմնական մեղավորի հարցերով, զբաղվելու եք սյունեցիներին տներով ապահավեով։ Վաղը պատրաստվելու ենք Վարդենիսիցիներին կեցավայրով ապահովելով։

Այսօր թշնամին կրակել է Գեղարքունիքի մարզի ուղղությամբ, կան վիրավորներ, ասում են՝ նաև զոհ ունենք։ Շատերը գուցե մտածեն՝ բա հիմա՞ ինչ են ուզում, Արցախ էին ուզում, հանձնել ա Նիկոլը, էլ ինչի՞ են կրակում։ Թե ինչ է ուզում թշնամին, եթե չեք հասկացել, հաջորդ անգամ դրան կանդրադառնամ, ի՞նչ ասեմ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ