ՀՀ կառավարությունը մարտի 17-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով մեկ անձից գնումների թույլտվություն տվեց ՀՀ Սյունիքի մարզի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման համար։
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է․ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի շուրջ 2020 թվականի նոյեմբերի 9-ից և հատկապես դեկտեմբերի 18-ից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ մարզի հաղորդակցության ուղիներին առնչվող հարցերը դարձել են մտահոգիչ և խնդրահարույց։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված, սահմանամերձ (Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ և Կապան-Ագարակ) հատվածներով անցնող խնդրահարույց տեղամասերին այլընտրանքային ճանապարհների ապահովման, ռազմավարական նկատառումներով պայմանավորված ավելի անվտանգ և բարվոք ավտոմոբիլային ճանապարհներ ունենալու անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թվականին հրատապության կարգով նախաձեռնեց Հ-46, /Մ-2/ - Տաթև - Աղվանի - /Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ37+500-կմ68+000 հատվածի հիմնանորոգման իրականացումը: Արդյունքում նշված ավտոճանապարհով երթևեկության ինտենսիվությունը կտրուկ աճեց, ինչի հետևանքով տվյալ ավտոճանապարհի կմ43+900-կմ53+900 հատվածում, որը անցնում է Վերին Խոտանան գյուղի տարածքով և բարդ ռելիեֆ ունեցող հյուսիսային կողմի անտառածածկ լանջով, կցորդիչով բեռնատարների երթևեկության համար, հատկապես ձմեռային ժամանակաշրջանում առաջացան անվտանգ և անխափան շահագործման խնդիրներ:
Նկատի ունենալով վերը նշվածը հրատապ խնդիր է դառել Վերին Խոտանան գյուղը շրջանցող և անհրաժեշտ տեխնիկական պայմանները բավարարող նոր ավտոճանապարհի կառուցումը»։
Մեկ անձից մյուս գնումը Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ճանապարհահատվածի վերակառուցմամբ էր պայմանավորված։
Կառավարությունը նշում է․ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի շուրջ 2020 թվականի նոյեմբերի 9-ից և հատկապես դեկտեմբերի 18-ից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված մարզի հաղորդակցության ուղիներին առնչվող հարցերը դարձել են մտահոգիչ և խնդրահարույց։ Ստեղծված սահմանային իրադրությունից ելնելով, գործնականում հնարավոր չէր կանխատեսել և տեղորոշել նոր ճանապարհի տեղը և ծրագիծը, ուստի նոր ճանապարհի կառուցման նախապես պլանավորումը, ինչպես նաև այդ նպատակով նախագծային աշխատանքների գնումը հնարավոր չէր կանխատեսել, արդյունքում, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է: Մասնավորապես, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ճանապարհի առկայությունը և փոխադրումների ապահովումը հարակից բնակավայրերի բնակչության համար կենսական նշանակություն ունի:
Առկա իրավիճակով պայմանավորված, սահմանամերձ (Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ և Կապան-Ագարակ) հատվածներով անցնող խնդրահարույց տեղամասերին այլընտրանքային ճանապարհների ապահովման, ռազմավարական նկատառումներով պայմանավորված ավելի անվտանգ և բարվոք ավտոմոբիլային ճանապարհներ ունենալու անհրաժեշտությունից ելնելով, հաշվի առնելով նաև, որ տվյալ հատվածը գտնվում է Ադերբեջանի վերահսկողության ներքո, ներկայացվող նախագծով առաջարկվում է անհետաձգելի համարել Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ճանապարհահատվածի վերակառուցման նախագծի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների գնման կարիքը և թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերը նշված ծառայությունների գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը