Գեղեցիկ Բուլղադարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուղիղ մեկ ամիս առաջ՝ Հոկտեմբերի 26-ին, մորս տեղափոխեցինք «Վանաձորի բժշկական կենտրոն» կոչվող դժոխքը։ Ախտորոշում՝ Covid 19։ Մայրս իր իսկ ոտքով, առանց պատգարակի կամ նստասայլակի գնացել է Ընդունարան (84 սատուրացիայով, գիտակցությունը` պահպանված)։ Թոքերի ԿՏ հետազոտություն անելու փոխարեն <<բանիմաց>> բժիշկները մորս ուղարկում են ռենտգեն հետազոտության, որը ոչ մի հստակ տվյալ չի կարող տալ՝ թոքերի քանի տոկոսն է ախտահարված, ինչ ընթացքի մեջ է թոքաբորբը, զարգացող է, թե՝ ոչ։ 2 օր անիմաստ ժամանակ ենք կորցնում ընդունարանում, որտեղ մայրս (շաքարային դիաբետով հիվանդ) ստանում է միայն Ceftriaxone, Dexametazon և շատ քիչ քանակով թթվածին, քանի որ, ինչպես հետո պարզվեց, կար թթվածնի խնդիր։ Թթվածինը այլ քաղաքից բերում ենք ինքներս։ ԲԿ-ի անտարբեր բժշկական անձնակազմը նույնիսկ օրվա ընթացքում 1-2 անգամ չէր չափում սատուրացիան, սանիտարները ոչնչով չէին օգնում, միայն ժամանակ առ ժամանակ ակնարկներ էին անում, որ իրենց գումար պիտի տանք, քույրերը մոտենում էին 10 անգամ նույն բանը խնդրելուց հետո….
2 օր մորս տանջելուց հետո վերջապես տեղափոխում ենք «Ինֆեկցիոն»։ 2 օրվա ընթացքում սատուրացիան այնքան է իջնում, որ գրագետ բժիշկը պետք է 42 տարեկան դիաբետիկ կնոջը անհապաղ տեղափոխեր վերակենդանացման բաժանմունք, բայց մեզ ասում են՝ պիտի սպասենք, տեղ չկա։ Ու թքած, թե մեր հիվանդը չի մահանում շնչահեղձությունից։
Մինչև նոյեմբերի 2-ը մայրս պայքարեց . Նոյեմբերի 2-ին շտապ օգնության մեքենան «Ինֆեկցիոն»-ից մորս տեղափոխում է ԲԿ, ազատ մահճակալ կար… ինքս եղել եմ մեքենայի մեջ, բժիշկն ու բուժքույրը թթվածնից կախյալ հիվանդին թողեցին բախտի քմահաճույքին, նույնիսկ չէին օգնում ինձ թթվածնի դիմակը ֆիքսած պահել դեմքին, պառկեցրել էին փորի վրա, ու ամբողջ ճանապարհին մայրս մարմնով ցնցվում էր․ փաստորեն թթվածինը չէր հերիքում, տեղաշարժել չէր կարելի։
Շտապ օգնության բժիշկը ճանապարհին զանգում է ԲԿ-ի Ընդունարան, ասում, որ ծայրահեղ ծանր վիճակով հիվանդ ենք տեղափոխում․ «Ընդունարան կանչեք ռեանիմատոլոգին ու պատրաստ պահեք թթվածնի մեծ բալոն»։
Հասնում ենք տեղ, ո՛չ ռեանիմատոլոգը կար, ո՛չ թթվածնի բալոնը, ո՛չ լիֆտն էր բաց։ Ու մինչև էս գրողի տարած հիվանդանոցի լիֆտը հատուկ քարտով բացվեց, մինչև մորս բարձրացրեցին վերև, էլ չդիմացավ…..
Նոյեմբերի 2-ին մայրս մահացավ, բայց ոչ թե Քովիդից, այլ ինքնակոչ բժիշկների անտարբերությունից, լկտիությունից, այդ բարձիթողի վիճակից….
Իմացած եղեք, որ ամեն պատեհ-անպատեհ առիթով խայտառակ եմ անելու ձեր հիվանդանոց կոչվող ԴԺՈԽՔԸ, որտեղ ոչ թե բուժում, այլ սպանում են հիվանդներին… Ափսոս, որ շատերի թվին ավելացավ նաև 42 տարեկան երիտասարդ մայրս….»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը