03 08 2021

ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թիվը մնում է անփոփոխ. ՊՆ․ 168.am

ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թիվը մնում է անփոփոխ. ՊՆ․ 168.am

168-ը գրում է․

Հուլիսի 15-ին 168-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն հետևյալ հարցադրումներով.

  1. Մայիսի 27-ին ՀՀ ԶՈՒ  ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ  հանդիպմանը հայտարարել էր, որ ադրբեջանցի զինծառայողների թիվը 1000-ից չի անցնում, ավելի ուշ՝ հունիսի 22-ին, ԳՇ պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ադրբեջանցի զինծառայողների թիվը մնացել է նույնը, ինչպես հայտարարվել էր՝ 1000: Որքա՞ն է նրանց թիվն այս պահի դրությամբ՝ նվազե՞լ է,  ավելացե՞լ է, և ո՞ր ուղղությամբ է նվազել կամ ավելացել:
  2. Մայիսի 12-ից սկսած ինժեներական, ամրաշինական ի՞նչ աշխատանքներ են իրականացվել ադրբեջանական կողմից և հայկական կողմից:
  3. Հուլիսի 15-ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Արդյո՞ք ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ կա, ի՞նչ վտանգների մասին է խոսքը: Եվ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել եք այդ վտանգները, ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելուն ուղղված գործողությունները:

Կայքի  հարցմանն ի պատասխան՝ օգոստոսի 2-ին պաշտպանական գերատեսչությունից ստացված գրության մեջ ասվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թիվը չի փոխվել:

«Ի պատասխան Ձեր 15.07. 2021թ. գրության՝ հայտնում ենք, որ գրությամբ բարձրացված հարցերն ուսումնասիրվել են համապատասխան ստորաբաժանման կողմից:

Համաձայն ուսումնասիրությունների արդյունքների՝ տեղեկացնում ենք, որ հարցման առաջին կետում նշված տեղեկատվությունը՝ ադրբեջանցի զինծառայողների թվաքանակի վերաբերյալ, ներկա պահին մնում է անփոփոխ:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ զինված ուժերի կողմից սահմանային հատվածներում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքները ենթակա չեն հանրայնացման, իսկ Ադրբեջանի սահմանագոտում իրականացվող ինժեներական աշխատանքները պարբերաբար ճնշվում են ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և անհրաժեշտության դեպքում համապատասխան արձագանք ստանում»,- նշվում է ՊՆ պատասխան գրության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ