Մարտի 25-ին տեղի է ունեցել Արցախի ԱԺ հերթական լիագումար նիստը, որտեղ ի թիվս այլ հարցերի, նաեւ ընտրվել է Արցախի մարդու իրվունքների նոր պաշտպան:
ՄԻՊ պաշտոնում ԱԺ-ին «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունը առաջադրել է ԱՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ղեկավար Գեղամ Գարիի Ստեփանյանի թեկնածությունը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱԺ պետական- իրավական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը ներկայացրել է 3 կողմ,1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը թեկնածուի օգտին:
Խոսելով ՄԻՊ պաշտոնում ընտրվելու պարագայում իր անելիքների մասին՝ ՄԻՊ թեկնածու Գեղամ Ստեփանյանը առանձացրել է իր գուրծունեության երկու հիմնական ուղղություն՝ ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով մարդու իրավունքների և ազատությունների պահպանումը, խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը և ՀՀ ՄԻՊ, սփյուռքահայ կառույցների և միջազգային կազմակերպությունների ու իրավապաշտպան կառույցների հետ համագործակցությունը: «ԱՀ ՄԻՊ պաշտոնում իմ թեկնածությունը համարում եմ ցուցաբերած բարձր վստահություն և ձեր կողմից ընտրվելու դեպքում ինձ վրա դրված մեծ պատասխանատվության և պարտավորության չափաբաժին, որը պատշաճ կերպով չիրականացնելու իրավունքը չունեմ»,-իր խոսքն ամփոփել է ՄԻՊ թեկնածուն:
Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ 22 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ ՄԻՊ պաշտոնում ընտրվել է Գեղամ Գարիի Ստեփանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը