13 03 2021

Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի առևանգված օդանավը

Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի առևանգված օդանավը

Yerevan.Today-ի տեղեկություններով՝ մեկ-երկու ժամից Հայաստան վայրէջք կկատարի առևանգված  Boeing 737 ինքնաթիռը, որն անհասկանալի հանգամանքներում դեռևս  փետրվարի 19-ից  անհետացել էր Էստոնիայի օդակայանից և բանդայի կողմից  թռիչքուղու փոփոխած պլանով հայտնվել էր Իրանի ռազմական օդանավակայանում։ Արդեն իսկ Զվարթնոց օդակայան է շտապել ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, որպեսզի դիմավորի իր գործունեության ծանր ու ամոթալի հետևանքների վկան դարձած օդանավը, ու չի բացառվում՝ սույն տիկինը այսօր նաև անհամեստորեն  PR ֊վի օդանավը վերադարձնելու տեսարանի ֆոնին։   Համենայն դեպս, Yerevan.Today-ի տեղեկությամբ Տաթևիկ Ռևազյանը յուրային լրատվամիջոցների հետ  Զվարթնոցին հարցազրույց կտա, իսկ մյուս բոլորիս հավանաբար նորից ՔԱԿ փակ դռների հետևից գրավոր հարցումներ կպահանջեն, որ 30 օր թիմային ջանքերով պատրաստվեն  երկնել մի քանի տող գրավոր պատասխան։

Ինչևէ ... ինքնաթիռի սկանդալային առևանգման փաստի առթիվ Եվրականտրոլը արդեն իակ քննություն է սկսել, վարկածները բավականին տարբեր են, բայց դառը ճշմարտությունն այն է, որ Հայաստանում կայացած քաղավիացիայի ոլորտը հեղափոխական կառավարության ստեղծած բարդակի հետևանքով երկրորդ ծանր հարվածը կստանա՝ դարձյալ սանկցիա(ների) տեսքով։ Ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռի հայկական հետքերով Իրանի օդանավակայանում հայտնվելը, ինչ խոսք,  հայկական Fly Armenia airways ընկերության պատասխանատվությունն է առաջնահերթորեն։ 

Հայկական ավիընկերությունը այդ օդանավը ձեռք էր բերել լիզինգային ծարգրով , բայց չմոռանանք՝ ցանկացած երկրում իշխանությունն է ստանձնում քաղավիացիայի թիվ 1 պատասխանատուի դերը՝ այն պահից, երբ գրանցում և սպասարկում է իր տարածքում լիցենզավորված  ավիափոխադրող ընկերության օդանավը՝ անկախ հանգամանքներից։

Առաջնահերթորեն ՀՀ  ՔԱԿ ը պետք է տա այն հարցի պատասխանը, թե ինչու՞ է բանդան օդանավ փախցնելու համար ընտրել հենց իր ներկայացրած երկիրը՝ Հայաստանը։ Ի վերջո, ցանկացած երկրի ավիացիոն իշխանությունների խնդիրն է` թռիչքային և ավիացիոն անվտանգության պայմանների ապահովումը՝ ըստ միջազգային ստանդարտների։

Փաստացի վերահսկողական գործառույթներում ստեղծված այն բարդակը, որի  պատճառով 2019 հուլիսին ԵՄ- ն  մեզ զրկեց  եվրոպական երկրների օդային տարածք մուտք գործելու իրավունքից  վստահելի գործընկերների ցանկից, մեզ ներառեց իր «սև ցուցակում», չեն ուղղվել:  Անցած ամբողջ տարվա ընթացքում նրանց վերացման ուղղությամբ ոչինչ չի արվել:

Ի՞նչ ավարտ կունենա այս խայտառակ պատմությունը` քննությունը ցույց կտա։ Մինչ այդ հստակ է մի բան` ՀՀ Ավիացիոն ոլորտի իշխանությունները միջազգայնորեն ստանձնած իրենց պարտականությունների կատարման հարցում ձախողել են։ Հեղափոխական կառավարությունը հայկական քաղավիացիան վերջին երեք տարում միտումնավոր կամ անփութորեն արած քայլերով այնպես է քայքայեց կայացած համակարգը, որ հասցրեց բացարձակ տապալման։

Ավելի վաղ Yerevan.Today-ը խիստ ուշագրավ տեղեկություններ էր հրապարակել օդանավի առևանգման դրվագներից, որոնք լրագրողը բացահայտել էր իր աղբյուրներից ստացված ինֆորմացիայի և հետաքննական աշխատանքի արդյունքում:

Եվ առաջիկայում նոր մանրամասներ կհայտնենք ՀՀ ՔԱԿ-ի ցործունեության վերաբերյալ, որոնք առնչվում են ինքնաթիռի անհետանալու և դրանից հետո Իրանի հետ տարվող ներքին բանակցություններին։ 

 Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ