Հունվարի 9-ին կառավարությունը որոշեց ավելացնել առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը: Այսպիսով՝ ներկայումս գործող որոշմամբ՝ առաջին կամ երկրորդ երեխայի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ նշանակվում և վճարվում է` առաջին երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հազար դրամ, երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` հարյուր հիսուն հազար դրամ:
Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանել 300 000 դրամ։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ին և տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:
Նախագիծն ընդունվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամով:
Վարչապետը նշեց, որ այս որոշմամբ ցանկանում են խրախուսել, որ քաղաքացիները երեխաներ ունենան և ուզում են խթանել աշխատանքի շուկայում համապատասխան հմտություններ ունեցող մայրերին, որ հնարավորինս արագ վերադառնան աշխատանքի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը