Արագածոտնի մարզից ահազանգ ստացանք, որ նորանշանակ մարզպետ Դավիթ Գևորգյանը հետաքրքիր նորամուծություն է արել՝ ամեն շաբաթ-կիրակի պարտադրում է մարզպետարանի աշխատակազմին իր անվամբ գործուղումներ ձևակերպել և «մեկնում» է մարզի համայքներ՝ դրա համար հանգստյան օրերին աշխատելու պատրվակով լրացուցիչ վարձատրվելով։ Այս մասին գրում է hraparak.am-ը: Մարզում զարմացած են, քանի որ նախկինում որևէ մարզպետ նման բան չի արել: Հանգստյան օրերին աշխատելու համար մարզպետը վարձատրվում է կրկնակի, պետությունից էլ լրացուցիչ բենզին է ստանում:
Պարզ է, որ մարզում շրջելը, համայնքներ այցելելը նրա ուղղակի պարտականությունն է եւ նա կարող է դա աշխատանքային օրերին էլ անել, բայց մարզպետը նախընտրում է «գործուղում» գնալ շաբաթ-կիրակի օրերին։
Մենք կապվեցինք Արագածոտնի մարզպետարան։ Մարզպետի օգնական Մերի Բադալյանը մեր հարցին ի պատասխան ասաց․«Մեր մարզպետարանի կայքում կա տեղադրված, որ մարզպետը շրջում է համայնքներով, ծանոթանում է բնակիչների խնդիրներին։ Քաղաքացիները ներկայացնում են իրենց առաջ ծառացած խնդիրները, որոնք լուծում են պահանջում։ Նշանակումից հետո առաջին շաբաթ-կիրակին նման այցելություններ ունեցել է»։ Երբ խնդրեցինք ասել, թե ինչ հաճախականությամբ է մարզպետը «մեկնում» համայնքներ եւ դրանց դիմաց լրացուցիչ վարձատրվում է, մեզնից գրավոր հարցում պահանջեցին։
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան Արագածոտնի մարզպետարանից պատասխանել են, որ Գևորգյանը մարզպետ նշանակվելու պահից ունեցել է երեք գործուղում՝ Արագածոտնի մարզի Ապարան և Մաստարա համայնքներ, ինչպես նաեւ Շիրակի մարզի Գյումրի քաղաք։
Պարզվում է՝ այդ գործուղումների կարգադրությունը տվել է հենց ինքը՝ մարզպետը, որի համար պետբյուջեից լրացուցիչ գումար է ստացել 89 հազար 596 դրամ։ Նշենք, որ Դավիթ Գեւորգյանը մեկ ամիս չկա ինչ զբաղեցնում է մարզպետի պաշտոնը, նշանակումը կատարվել է հոկտեմբերի 16-ին կառավարության հերթական նիստի ժամանակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը