Yerkir.am-ը գրում է․
Մայրաքաղաքային այս մղձավանջի մեջ երևանցիները կհիշեն 100 դրամանոց մետաղադրամներ ընդունող սարքերը:
Yerkir.am-ը Երևանի քաղաքապետարան գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու՝ ե՞րբ է քաղաքապետարանը ձեռք բերել կոպեկ ընդունող սարքերը, որոնք ավտոբուսների մեջ տեղադրվեցին ներկայիս վալիդատորների գործարկմանը նախորդող շրջանում, ո՞ր ընկերությունից կամ ընկերության միջոցով է ձեռք բերվել դրանք (տեղական կամ արտասահմանյան), քանի՞ հատ է ձեռք բերվել նման սարքավորում, որքա՞ն բյուջե է հատկացվել այդ սարքավորումները ձեռք բերելու համար, կոնկրետ ե՞րբ տեղադրվեցին դրանք ավտոբուսներում և որքա՞ն ժամանակ օգտագործվեցին: Գրավոր պատասխանի միջոցով քաղաքապետարանը պարզաբանել է, որ մետաղադրամներ ընդունող սարքերը ձեռք են բերվել 2 կազմակերպությունների՝ «Երևան» հիմնադրամի և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից՝ 2021 և 2024 թվականներին:
1․ «Երևան» հիմնադրամը մետաղադրամներ ընդունող սարքերը ձեռք բերելու համար «Օմնիկոմմ» ՍՊԸ-ի հետ 29.01.2021 թ. կնքել է պայմանագիր, և նշված ՍՊԸ-ի կողմից ձեռք է բերվել և տեղադրվել թվով 155 սարք, նշված ՍՊԸ-ին հատկացվել է 21,855,000 (քսանմեկ միլիոն ութ հարյուր հիսունհինգ հազար) ՀՀ դրամ:
2․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մետաղադրամ ընդունող սարքերի ձեռքբերման համար կնքել է գնման երկու պայմանագիր 2021 և 2024 թվականներին։ 2021 թ. սեպտեմբերի 27-ին՝ «Նորայր Շախնազարյան Միքայելի» Ա/Ձ-ի, 2024 թ. մարտի 21-ին՝ «Ուանքլիք» ՍՊԸ-ի հետ գնման պայմանագրերով ձեռք է բերվել ընդհանուր 465 հատ սարք: 2021 թվականին գնվել է 405 հատ, որի համար ծախսվել է 67 մլն 800 հազար դրամ, 2024-ին՝ 60 հատ, 8 մլն 249 հազար 800 դրամ արժեքով:
Ըստ գրավոր հավաստիացման՝ սարքերն ավտոբուսներում տեղադրվել են կնքված պայմանագրերի օրվանից 20 օր հետո և օգտագործվել են մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հանրագումարի բերելով՝ փաստենք, որ անցած 4 տարում քաղաքապետարանը ձեռք է բերել 620 սարք, բյուջեից ծախսել 97,904,800 դրամ (կլորացված՝ մոտ 98 մլն դրամ կամ մոտ 250 հազար դոլար):
Փաստենք, որ մետաղադրամների գնման այս ողջ գործընթացը տեղի է ունեցել քաղաքապետարանի՝ միասնական տոմսային համակարգի ներդրման ծրարգրերի քննարկմանը զուգահեռ: Այսինքն, քաղաքապետարանը, լավ իմանալով, որ ի վերջո անցնելու է միասնական տոմսային համակարգի ու էլեկտրոնային վճարման համակարգի, բյուջեից ծախսել է մոտ 250,000 դոլար, ձեռք բերել մետաղադրամներ ընդունող սարքեր: Դրանք մինչ 2024 թվականի նոյեմբերի 1-ը գրեթե չեն գործածվել քաղաքացիների կողմից, իսկ 2024 թվականի նոյեմբերի մեկից դեկտեմբերի 31-ն ընկած հատվածում, երբ հրահանգվեց վճարել միայն դրանցով և վարորդներին արգելվեց առձեռն ընդունել դրամը, քաղաքացիները դրանով միայն ստացան լրացուցիչ անհարմարություններ, նյարդային իրավիճակ ու բախում վարորդների հետ (հիշենք՝ սարքն ընդունում էր միայն 100 դրամանոցներ):
Ավելին, ինչպես Yerkir.am-ի հետ զրույցում միանգամայն իրավացիորեն նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը, քաղաքապետարանը 2024 թ. մարտին գնել է ևս 60 հատ մետաղադրամ ընդունող սարք՝ ծախսելով ավելի քան 8 մլն դրամ (տե՛ս Yerkir.am-ի՝ վերը նշված տվյալները), և սա այն դեպքում, երբ Երևանի ավագանին նույն ամսին (մարտի 12-ին) կայացած նիստով ընդունել է միասնական տոմսային համակարգի ներդրման որոշում:
Ընդհանրացնելով՝ փաստենք, որ Երևանի քաղաքապետարանը 2021-2024 թվականներին (2024 թվականին՝ ընդամենը մի քանի ամսվա համար) քաղաքացիների հարկերի հաշվին վատնել է մոտ 250 հազար դոլար՝ ձեռք բերելով ու կիրառելով մետաղադրամ ընդունող 620 սարք, որոնք կա՛մ գրեթե չեն օգտագործվել քաղաքացիների կողմից, կա՛մ կիրառման վերջին երկու ամիսներին նյարդայնացրել մարդկանց:
Իսկ թե ինչ կարելի է էր անել Երևանի կամ սոցիալապես անապահով երևանաբնակների համար այդ պատկառելի գումարով՝ թող դատի ընթերցողը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը