20 02 2025

Տուգանքի մատերիալ․ կշարունակեն վարորդներին տուգանել և՛ գումարով, և՛ բալերով

Տուգանքի մատերիալ․ կշարունակեն վարորդներին տուգանել և՛ գումարով, և՛ բալերով

 

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում հավանություն տվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ու ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի օրենսդրական նախաձեռնությանը։

Դրանով՝ վարորդների 9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի 13 տուգանային միավորի համակարգի: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2025թ. մայիսի 1-ից:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարեց, թե «սա պետություն-քաղաքացի երկխոսությունից ծնված նախաձեռնություն է»։

«Հիմա առաջարկվում է  9 տուգանային բալային հանակարգից անցում կատարել 13 տուգանային միավորների համակարգի, որը թույլ կտա ավելի ճկունություն ունենալ ու այն իրավախախտումների պարագայում, որոնք կապված չեն երթևեկության անվտանգության կազմակերպման հետ, այս կոնտեքստում մեր քաղաքացիները կկարողանան, ըստ իրավիճակի, ավելի ազատ լինել»,- նշեց ՆԳ նախարարը։

Սարգսյանի խոսքով՝ այն խախտումների դեպքում, որոնք իրենց մեջ պարունակում են անվտանգության բաղադրիչ, որոշակի խստացումներ կիրականացվեն, օրինակ՝ չամրակապված վարելը, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, հեռախոսներից կամ ռադիոկապի այլ միջոցներից  օգտվելը և այլն։

Մայիսի 1-ի դրությամբ այն քաղաքացիները, որոնք կունենան տուգանային միավորների չսպառված պաշար, նրանց մոտ թիվն ավտոմատ կդառնա 13։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ որոշման առանձնահատկությունն այն է, որ որոշ խախտումների համար բալերն ավելանում են, օրինակ՝ եթե տվյալ խախտման համար 1 բալ էր հանվում, հիմա՝ 1,5 և այլն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ