27 01 2025

Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը․ Մայր Աթոռ

Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը․ Մայր Աթոռ

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի պարզաբանում է տարածել Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության վերաբերյալ, որում ասվում է․

«Դեռ 1921 թվականին Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի կողմից ապրիլի 24-ը սահմանվել է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օր։ Հայոց Ցեղասպանության 50-րդ տարելիցին պետական հատուկ որոշմամբ և հոգածությամբ Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցված Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը, ինչպես նաև աշխարհի տարբեր կողմերում վեր խոյացած հուշակոթողները Եղեռնի դատապարտման հարցում ազգային, պետական և եկեղեցական միահամուռ կամքի և վճականության համընդհանուր դրսևորում են։ Նվիրական այս օրը հուշակոթողների առջև ամենուր իր աղոթքն ու խոնարհումն է բերում մեր ժողովուրդը։

Իսկ 2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության ընթացքում «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակված հայորդիների սրբադասման արարողությունը, որն ինքնին խոսուն վկայություն է  Հայոց Եկեղեցու դիրքորոշման։

Հայոց Ցեղասպանությունը ոճրագործություն է ոչ միայն մեր ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ։ Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու  դատապարտումը կանխելու համար աշխարհում նմանօրինակ եղեռնագործությունները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ