Ըստ ներկա իշխանության սազանդար վերլուծաբանների տրամաբանության Ալիեւն իրականում ակնկալում էր, որ Հայաստանը մերժի չորս գյուղերը վերադարձնել Ադրբեջանին, որպեսզի ինքը լեգիտիմ առիթ ու պատրվակ ունենա հարձակվել Հայաստանի վրա։ Իսկ Հայաստանի կառավարության աղվեսախորամանկ վարչապետը անմիջապես կռահել է Ալիեւի լարած թակարդը եւ ի հեճուկս նրա կատարել Ադրբեջանի պահանջը եւ Ալիեւին գցել իր իսկ լարած թակարդի մեջ։ Իր ֆեյբսբուքյան էջում գրել է Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը:
«Ապրի մեր վարչապետն իր քաղաքական ու դիվանագիտական «փայլուն հաղթանակի» համար։ Դէ մարդը ճիշտ է ասել էլի` «Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի»։ Ինչ-ինչ, բայց ՀՀ կառավարության ղեկավարը փայլուն է տիրապետում հերթական խայտառակ պարտությունը հաղթանակ ներկայացնելու արվեստին։ Քանի՜-քանի՜ պարտություն է վերջին տարիներին մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել։ Միայն թե` այդ «հաղթանակների» շնորհիվ օր-օրի փոքրանում ու թուլանում է մեր պետությունն ու դառնում ավելի խոցելի։
Շուտով Ալիեւը մեծ հավանականությամբ կքնի ու կարթնանա եւ կպահանջի անկլավները` հուսալով, որ Հայաստանը կմերժի այն։ ՀՀ վարչապետն իր խորիմաստությամբ անմիջապես կկռահի Ալիեւի նենգ նպատակը եւ կտոնի հաջորդ «հաղթանակը»` անկլավները զիջելով Ադրբեջանին։ Բա հո չի թողնելու, որ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ձեռք բերի եւ հարձակվի Հայաստանի վրա։
Հետո կգա միջանցքի հարցը։ Եւ մեր վարչապետը հերթական անգամ մի բան կմոգոնի եւ մեր վզին կփաթաթի հաջորդ «հաղթանակը»։
Եւ այսպես 2020-ից առ այսօր մենք հավաքականորեն, ամեն մեկս մի փայլուն պատճառաբանությամբ, կուլ ենք տալիս մեզ հրամցվող «հաղթանակները»։ Միայն թե մեզ չկպնեն, նախկին չհամարեն, գործակալի ու ծախվածի պիտակ չկպցնեն, դե իսկ հոգեւորականներիս էլ` Հայաստանի բոլոր դժբախտությունների հիմնապատճառ «սեւազգեստ սատանա» չկոչեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը