01 04 2024

Ապրիլի 1-ը Ծիծաղի միջազգային օրն է

Ապրիլի 1-ը Ծիծաղի միջազգային օրն է

Որտեղ է ծագել Ծիծաղի կամ Հիմարների միջազգային տոնը (April Fools’ Day or All Fool’s Day)՝ հայտնի չէ, հավանաբար, Ֆրանսիայում, Անգլիայում, Մեքսիկայում կամ Շվեդիայում:

Տոնի ծագման գլխավոր վարկածներից մեկն այն է, որ ապրիլի 1-ը սկզբնապես նշվել է որպես գարնանային գիշերահավասարի օր և Զատիկի շրջան: Տոնը մշտապես ուղեկցվել է կատակներով, չարաճճիություններով և ուրախությամբ: Տոնի ավանդույթն ապրում է նաև այսօր. պատճառը հենց բնությունն է, քանի որ մարդիկ փորձել են գարնան «կամակորությանը» հակազդել կատակներով ու զվարճանքով:

Մյուս տարածված վարկածի համաձայն՝ Ծիծաղի օրվա ծագումը կապված է Գրիգորյան օրացույցին անցման հետ. 1582թ. այն սահմանել է Հռոմի պապ Գրիգորը: Բանն այն է, որ միջնադարում Ամանորը նշվել է ոչ թե հունվարի 1-ին, այլ մարտի վերջին՝ մինչև այն ժամանակաշրջանը, երբ թագավոր Կառլոս 9-րդը փոխել է Ֆրանսիայի օրացույցը: Հետևաբար, ամանորյա շաբաթը սկսվել է մարտի 25-ին և ավարտվել ապրիլի 1-ին:

Ինչպես ներկայում, այն հեռավոր ժամանակներում նույնպես ընդունված էր զվարճանալ ամանորյա տոներին: Չնայած օրացույցային փոփոխություններին՝ որոշ պահպանողականորեն տրամադրված մարդիկ շարունակել են ամանորյա տոները նշել հին օրացույցով, մյուսներն են ծիծաղել և ծաղրել են նրանց՝ անվանելով «ապրիլյան հիմարներ»:

Տոնը մեծ տարածում է գտել 18-րդ դարում: Անգլիացիները, շոտլանդացիները և ֆրանսիացիները տարածել են այն իրենց ամերիկյան գաղութներում: Ապրիլի 1-ին ընդունված էր կատակել և միմյանց տալ անհեթեթ կարգադրություններ, օրինակ՝ բերել քաղցր քացախ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ